Վստահ եմ, որ սեպտեմբերի 2-ին որևէ մեկը ՀՀ-ից բարձր մակարդակով չի այցելի Արցախ. Արթուր Մոսիյան
26 Հուլիս 2022
Արցախից միշտ էլ հրավերներ եղել են, բայց ցավոք սրտի, ոչ միշտ է, որ ՀՀ իշխանություններն արձագանքում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթոյւր Մոսիյանը՝ անդրադառնալով նրան, որ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրապարակավ հրավեր է ուղարկել Հայաստանի ԱԺ բոլոր խմբակցություններին՝ մասնակցելու Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության տարեդարձին:
«Ավելին, միշտ սեպտեմբերի 21-ին Հայաստանի կողմից է հրավեր եղել Արցախի իշխանություններին, բայց վերջին անգամ միայն համերգի հրավիրեցին Արցախի ԱԺ նախագահին, որը չմասնակցեց, եկավ Եռաբլուր և վերադարձավ:
Այս պահին Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև կապ, որպես այդպիսին, չկա: Կա Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան անձնական կապ: Նրանք միջպետական հարաբերությունները վերածել են աննական հարաբերությունների: Ոչ ԱԳՆ-ի, որ խորհրդարանի, ոչ Անվտանգության խորհրդի մակարդակով որևէ հարաբերություն չկա, բացի հումանիտար 1-2 խնդրի լուծման համար կապից»,-ասաց Մոսիյանը:
Նա նկատեց, որ Արցախի ԱԺ նախագահն անուղղելի լավատես է այդ հարցում, որովհետև տասնյակ հրավերներ են եղել և բացի ընդդիմադիր խմբակցություններից, որևէ մեկն Արցախ չի գալիս:
Դիտարկմանը, թե սեպտեմբերի 2-ին Արցախ չայցելելով, ՔՊ-ականները գուցե որոշակի մեսիջ են հղում Բաքվին, Մոսիյանն արձագանքեց. «Մինչև Ադրբեջանին մեսիջ ուղարկելը մեր ՔՊ-ական իշխանությունն, ավելի լավ է, դրական մեսիջներ փոխանցի Արցախին և ցույց տա, որ Արցախի այս ծանր, վիրավոր վիճակում ինքը Արցախի կողքին է: Ես ոչ թե հոռետես եմ, այլ տառապանքս փորձ ունի: Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու ՀՀ իշխանությունները չեն այցելում Արցախ: Ես ավելի քան վստահ եմ, որ որևէ մեկը բարձր մակարդակով չի այցելի: Ավելին, կարող է նորից ցանկ տան, որ ընդդիմադիրներն էլ չայցելեն»:
ՀՅԴ-ական պատգամավորը նաև հավելեց. «Վերջին ժամանակներս Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի արած արտահայտությունները Արցախի վերաբերյալ փոքր տարբերություններով, չեն տարբերվում»: