Իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար
28 Հուլիս 2022
Մերժում եմ այս որոշումը և պահանջում եմ Հայաստան վերադառնալու իրավունքս: Հայաստանը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ՝ ոչ էլ իր վարչակարգինը: Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքն է, ուր կարող է մուտք գործել յուրաքանչյուր հայ, նույնիսկ եթե ընդդիմադիր է իշխանությանը: Եվ այս պատճառով է, որ որոշել եմ իրավական առումով վերականգնել իրավունքս․․․
Ասում է Մուրադ Փափազյանը։
Նիկոլ Փաշինյանի համակարգի կողմից Հայաստան մուտքս արգելելուց երկու շաբաթ անց ցավով հաստատում եմ, որ իշխանության այս որոշումը իրավական ոչ մի լուրջ հիմք չունի: Հայտնի պատճառներով Թուրքիայում և Ադրբեջանում ճանաչված լինելով որպես անցանկալի անձ «անցանկալի» եմ նկատվել նաև Հայաստանում` իշխանությունների կողմից չհիմնավորված պատճառներով: Առաջին բացատրությունը ԱԱԾ-ն մերժել էր տալ` hայտնելով, թե մուտքիս արգելքը երկիր առնչվում է անձնական կյանքիս: Ապա, անդրադառնալով կացության ծիծաղելիությանը, հուլիսի 22-ին վարչապետի գրասենյակը հայտարարեց, որ արգելքի պատճառը 2021-ի հունիսի 1-ին, Փարիզում, Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցությունս է, և տվյալ ցույցը կազմակերպելը: Բայց նշյալ թվականից մինչև 2022-ի հուլիսի 13-ը 4 անգամ անարգել մուտք եմ գործել Հայաստան: Ավելին, Հայաստանի պատկան մարմինները ոչ մի բողոք չեն ներկայացրել ֆրանսիայի իշխանություններին՝ 2021-ի հունիսի 1-ի ցույցի մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ: Որևէ իրավական պետության հիմնարար սկզբունքներ՝ անմեղության կանխավարկածը և խոսքի ազատությունը բռնաբարելով, Հայաստանի կառավարությունը առանց դատական որևէ հիմնավորման որոշել է Հայաստան մուտքս արգելել 2022-ի հուլիսի 13-ին: Եվ իրողությունն այն է, որ ես ոչ մասնակցել եմ այդ ցույցին, ոչ էլ կազմակերպել եմ այն: Տարբեր տեսակետ ունենալը միակ սկզբունքն է, որը մղել է Նիկոլ Փաշինյանին նման որոշում կայացնելու` բռնատիրական վարչակարգին վայել կեցվածքով:
Մերժում եմ այս որոշումը և պահանջում եմ Հայաստան վերադառնալու իրավունքս: Հայաստանը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ` ոչ էլ իր վարչակարգինը: Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքն է, ուր կարող է մուտք գործել յուրաքանչյուր հայ, նույնիսկ եթե ընդդիմադիր է իշխանությանը: Եվ այս պատճառով է, որ որոշել եմ իրավական առումով վերականգնել իրավունքս, որի համար դատական պաշտպանությունս վստահել եմ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ներկայացնելու անձս, և փաստաբան Սիրանուշ Սահակյանին, որոնց լիազորում եմ կատարելու հարկն ու պատշաճը: Արծվիկ Մինասյանը հուլիսի 25-ին արդեն իսկ այս մասին նամակ է ուղարկել ԱԱԾ-ին՝ պահանջելով վերանայել տվյալ որոշումը: Օրինական առումով ԱԱԾ-ն 5 օր ժամանակ ունի պատասխանելու նամակին, որի հիման վրա մենք կորոշենք թղթածրարի հետագա հոլովույթը:
Երկու շաբաթվա ընթացքում հազարավոր զորակցական պատգամներ եմ ստացել Հայաստանից ու Սփյուռքից, քաղաքական տարբեր դիրքորոշումների տեր անձանցից, որոնք բոլորն էլ ընդվզել են Փաշինյանի հակաժողովրդավար որոշման դեմ: Նման որոշմանը ընդդիմանալը բխում է Հայաստանի նկատմամբ սիրուց և մերժումն է ժողովրդավարությունից կառավարության շեղման, ինչպես նաև իրավական պետության հիմնարար սկզբունքների հիշեցումն է` Հայաստանը պետք է վերադառնա իրավական պետության իր կոչումին:
Հուսկ, իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար:
Մուրադ Փափազյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ
(Արեւմտահայերեն տարբերակը՝ ստորեւ)
Իրաւական բոլոր միջոցներով պիտի պայքարիմ Հայաստան վերադառնալու իրաւունքս վերականգնելու
Այս որոշումը կը մերժեմ եւ Հայաստան վերադառնալու իրաւունքս պիտի պահանջեմ: Հայաստանը Նիկոլ Փաշինեանի սեփականութիւնը չէ, ոչ ալ իր վարչակարգին: Հայաստանը իւրաքանչիւր հայու հայրենիքն է, ուր կրնայ մուտք գործել ամէն հայ, նոյնիսկ եթէ ընդդիմադիր է իշխանութեան: Եւ այս պատճառով է, որ իրաւական գետնի վրայ որոշած եմ վերականգնել իրաւունքս․․․
Կ՛ըսէ Մուրատ Փափազեան
Նիկոլ Փաշինեանի համակարգին կողմէ Հայաստան մուտքի արգելքէս երկու շաբաթ ետք, կը ցաւիմ հաստատելու, որ իշխանութեան այս որոշումը չունի իրաւական ոչ մէկ լուրջ հիմք: Թուրքիոյ եւ Ազրպէյճանի մէջ յայտնի պատճառներով «անբաղձալի տարր» նկատուած անձ, «անբաղձալի» նկատուած եմ նաեւ Հայաստանի մէջ, իշխանութիւններուն կողմէ ոչ հիմնաւորուած պատճառներով: Առաջին բացատրութիւնը ԱԱԾ-ն մերժած էր տալ, յայտնելով, որ երկիր մուտքիս արգելումը կ՛առնչուի անձնական կեանքիս: Ապա, վարչապետի գրասենեակը, 22 Յուլիսին, անդրադառնալով կացութեան ծիծաղելիութեան, յայտարարեց, որ արգելքիս պատճառը Փարիզի մէջ 1 Յունիս 2021-ին Նիկոլ Փաշինեանի դէմ կատարուած բողոքի ցոյցին ներկայութիւնս է, եւ տուեալ ցոյցին կազմակերպումս: Բայց նշեալ թուականէն մինչեւ 13 Յուլիս 2022 4 անգամ անարգել մտած եմ Հայաստան:
Առաւել, Հայաստանի պատկան Մարմինները ոչ մէկ բողոք ներկայացուցած են ֆրանսական իշխանութիւններուն՝ 1 Յունիս2021-ի ցոյցին մասնակցողներուն կամ կազմակերպողներուն նկատմամբ: Իրաւական պետութեան մը հիմնարար սկզբունքներ՝ անմեղութեան կանխավարկածը եւ խօսքի ազատութիւնը բռնաբարելով, Հայաստանի կառավարութիւնը առանց դատական որեւէ հիմնաւորումի կ՛որոշէ Հայաստան մուտքս արգիլել 13 Յուլիս 2022-ին: Եւ իրողութիւնը այն է, որ ես ոչ մասնակցած եմ այդ ցոյցին, ոչ ալ զայն կազմակերպած: Տարբեր տեսակէտ ունենալը միակ սկզբունքն է, որ մղած է Նիկոլ Փաշինեանը նման որոշում տալու, բռնատիրական վարչակարգի մը վայել պահուածքով:
Այս որոշումը կը մերժեմ եւ Հայաստան վերադառնալու իրաւունքս պիտի պահանջեմ: Հայաստանը Նիկոլ Փաշինեանի սեփականութիւնը չէ, ոչ ալ իր վարչակարգին: Հայաստանը իւրաքանչիւր հայու հայրենիքն է, ուր կրնայ մուտք գործել ամէն հայ, նոյնիսկ եթէ ընդդիմադիր է իշխանութեան: Եւ այս պատճառով է, որ իրաւական գետնի վրայ որոշած եմ վերականգնել իրաւունքս, որուն համար դատական պաշտպանութիւնս վստահած եմ ԱԺ պատգամաւոր Արծուիկ Մինասեանին՝ ներկայացնելու անձս, եւ փաստաբան Սիրանուշ Սահակեանի, որոնց կը լիազօրեմ կատարելու հարկն ու պատշաճը: Արծուիկ Մինասեան 25 Յուլիսին արդէն իսկ այս ուղղութեամբ նամակ մը ուղարկած է ԱԱԾ-ին՝ պահանջելով վերանայիլ տուեալ որոշումը: Օրինական գետնի վրայ ԱԱԾ-ն 5 օր ժամանակ ունի պատասխանելու նամակին, որուն հիման վրայ մենք կ՛որոշենք թղթածրարին շարունակութեան հոլովոյթը:
Երկու շաբաթէ ի վեր զօրակցական հազարաւոր պատգամներ ստացած եմ Հայաստանէն թէ Սփիւռքէն, քաղաքական տարբեր դիրքորոշումներու տէր անձերէ, որոնք բոլորն ալ ընդվզած են Փաշինեանի հակաժողովրդավար որոշումէն: Նման որոշումի ընդդիմանալը կը բխի Հայաստանի նկատմամբ սէրէն եւ մերժումն է ժողովրդավարութենէ կառավարութեան շեղումին, ինչպէս նաեւ յիշեցումն է իրաւական պետութեան մը հիմնարար սկզբունքներուն, եւ Հայաստան պէտք է վերադառնայ իրաւական պետութեան իր կոչումին:
Հուսկ, իրաւական բոլոր միջոցներով պիտի պայքարիմ Հայաստան վերադառնալու իրաւունքս վերականգնելու:
Մուրադ Փափազեան
ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհուրդի (CCAF) համանախագահ