Նենսի Փելոսիի հետ խոսեցինք Ադրբեջանին օգնությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին
18 Սեպտեմբեր 2022
Հայաստան ժամանած ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր՝ սեպտեմբերի 18-ին հանդիպում է ունեցել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանը, Աննա Գրիգորյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նենսի Փելոսիի հետ խոսեցինք Ադրբեջանի ագրեսիայի մասին. հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Շատ հստակ փոխանցեցինք մեր դիրքորոշումը, որ Ադրբեջանը, որը շարունակում է պատերազմը, մեզ համար անընդունելի է ամերիկյան պետության աջակցությունն Ադրբեջանին։ Խոսքը ռազմաքաղաքական աջակցության մասին է։ Դրանից Ադրբեջանը դառնում է ավելի սանձարձակ ու լկտի, շարունակում է ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ։ Խոսեցինք 907 բանաձեւի մասին եւ հաջորդ տարի օգնությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին».- ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ քննարկվել է նաեւ հայ ռազմագերիների մասին հարցը. «Խոսեցինք Հայաստանի ներքին ժողովրդավարության, Արցախի կարգավիճակի եւ բոլոր խնդիրների մասին»։
Հարցին, թե 907 բանաձեւի մասին ի՞նչ դիրքորոշում է հայտնել Նենսի Փելոսին, Սաղաթելյանը պատասխանեց.
«907 բանաձեւի մասին ասացին, որ քննարկելու են, միայն հայտարարություններով չեն բավարարվելու։ Վերադարձից հետո Կոնգրեսում քննարկվելու եւ բարձրաձայնվելու են այս խնդիրները»։