ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հանդիպել է Ռուբեն Վարդանյանի հետ
21 Սեպտեմբեր 2022
Ստեփանակերտի ՀՅԴ Նիկոլ Դուման գրասենյակում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամները հյուրընկալել են Ռուբեն Վարդանյանին:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի պատասխանատու Գեորգի Պետրոսյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը:
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Ա. Մոսիյանը, ողջունելով Ռուբեն Վարդանյանին, ներկայացրել է ՀՅԴ գործունեության ուղղություններն Արցախում: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը կարևորել է Ռ. Վարդանյանի՝ Արցախում բնակություն հաստատելու պատրաստակամությունը և շեշտել, որ իր ներկայությունն Արցախում մեծ արձագանք է գտել հանրության շրջանում:
Ռ. Վարդանյանը ընդգծել է Արցախի համար այս օրերին բոլոր ուժերի համախմբման անհրաժեշտությունը՝ նշելով, որ իր համար կարևոր է ՀՅ Դաշնակցության՝ որպես Արցախի քաղաքական դաշտում փորձառու և ազդեցիկ կուսակցության տեսակետներին ծանոթանալը՝ Արցախի ներկա կացության և ապագայի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի հասարակական վիճակը, արտաքին մարտահրավերներին դիմակայելու, ինչպես նաև Հայաստանի և միջազգային քաղաքական զարգացումներին առնչվող հարցեր: