Արցախում այսօր սկսած ռազմական ագրեսիան կարող է ընդարձակվել և մեծ մասշտաբներ ներառել
19 Սեպտեմբեր 2023
Ադրբեջանի կողմից այսօր Արցախում դրսևորած վարքը պայմանավորված է առաջին հերթին Հայաստանի օրվա այս իշխանությունների և միջազգային հանրության դրսևորած վարքով, ովքեր լվացել են իրենց ձեռքերն ու մի կողմ են քաշվել, թողնելով Արցախն ու այնտեղ ապրող մեր հայրանկիցներին գիշատիչի երախում,-քիչ առաջ «Փաստինֆո» լրատավականի հետ զրույցում ասել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Նա չի բացառում՝ Արցախում այսօր սկսած ռազմական ագրեսիան կարող է ընդարձակվել և մեծ մասշտաբներ ներառել։
Հարցին՝ ինչպե՞ս պետք է տոտալ շրջափակման պայմաններում գտնվող Արցախը պաշտպանություն կազմակերպի՝ թշնամու ռազմական այսօրինակ ագրեսիայի դեմ, Տիրան Խաչատրյանը պատասխանում է՝ համապատասխան քայլեր պետք է ձեռնարկվեն. «Եթե խախտվել են համաձայնագրի պահանջներն ու Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել, ապա համապատասխան անդրադարձում պետք է լինի։ Այն երկիրը, որը երաշխավոր է Արցախի և այնտեղ ապրող մարդկանց կյանքի և անվտնագության համար, պետք է արագ գործի՝ ապահովելով իր երաշխավորության պայմանները։ Խոսքն, իհարկե, առաջին հերթին Հայաստանի Հանրապետության և հայաստանյան օրվա իշխանութույնների, հետո նաև՝ տեղում խաղաղապահ առաքելություն ստանձնած Ռուսաստանի Դաշնության մասին է»,- ասում է ռազմական գործիչը։
Հարցին՝ կգործի՞ արդյո՞ք Հայաստանի Հանրապետության իշխանությունն այս անգամ՝ պաշտպանելու Արցախի և այնտեղ ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը Տիրան Խաչատրյանը պատասխանում է՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետութունն է, և չնայած, որ այս իշխանություններով չի հարցը լուծվում, այնուամենյանիվ, եթե ՀՀ իշխանությունները ստեղծված իրավիճակում չեն պատրաստվում գործել և իրականացնել իրենց Սահմանադրական պարտականություններն, ուրեմն, պարտավոր են անհապաղ կարգով իրենց տեղը զիջել այն մարդկանց, ովքեր դա կիրականացնեն»։