Այսօր 18։00-ին մեծ հանրահավաք. մինչ այդ քաղաքում կշարունակվեն անհնազանդության ակցիաները
22 Սեպտեմբեր 2023
«Այսօր Նիկոլ Փաշինյանն ունի մեկ հենարան՝ ՀՀ ուժային կառույցները։ Նրա պաշտպանությամբ ամեն օր թուլացնում եք ՀՀ պաշտպանությունը: ՀՀ պետական շահը թելադրում է, որ ոստիկանները դադարեցնեն թշնամու պաշտպանությունը»,- Կառավարության դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Մեր նպատակն է առաջիկա օրերին դասադուլներով, գործադուլներով, անհնազանդության ակցիաներով հասնենք այն վիճակին, որ այս իշխանությանը ծնկի բերենք. ասաց նա։
«Հիմա ունենք մի վիճակ, որ նախկինում չենք ունեցել, դա ապակենտրոն, ցանցային պայքարն է, դա շատ կարևոր սկզբունք է։ Երեկվանից տարբեր խմբեր ինքնակազմակերպվելով՝ ինքնաբուխ իրականացրել են բազմաթիվ ակցիաներ, դա պետք է շարունակել։
«Մայր Հայաստան» դաշինքի համակարգող Անդրանիկ Թեւանյանը ձերբակալվել է, այս պահին նրան մեղադրանք են առաջադրում»,- տեղեկացրեց Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ արեց գործադուլ հայտարարել և միանալ իրենց անհնազանդության ակցիաներին.
«Դադարեցրեք աշխատանքը, Հայաստանը չի կարող աղետի հասած իրավիճակում բնականոն, իբր թե ոչ մի բան չի եղել, այդ տրամաբանությամբ շարունակի կյանքը: Շրջեք քաղաքում, մտեք սրճարանները, առանց վիրավորելու ու նեղացնելու, եղբայրաբար բացատրեք, թե ինչ է այսօր կատարվում Արցախում, որ տեղի է ունենում ցեղասպանություն, որ մտնելու է այդ աղետը յուրաքանչյուրի տունը, ասեք՝ միանան մեզ: Մեզ դրված խնդիրները կարող ենք լուծել այն դեպքում, երբ որ Երևանի փողոցներում և հրապարակներում ունենանք մեր ժողովրդի անհաղթահարելի ուժը, այդ դեպքում ոստիկանները չեն կարող պաշտպանել այդ թշնամուն»:
Նա նշեց, որ այս պահին իրենցից ակցիայի մասնակիցներ մի մասը շարժվելու է Քննչական կոմիտե, մյուսները կառավարության շենքի դիմաց շարունակելու են բողոքի ակցիաները։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ժամը 18․00-ին կրկին հավաքվելու են կառավարության շենքի մոտ:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից փակվել էին Երևանի տարբեր փողոցներ, քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացրել։ Երևանի տարբեր բուհերի ուսանողներ միացել են ակցիային։ Բոլորն ընդգծում են, որ Արցախում այսօր ցեղասպանություն է և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել։