Երդման արարողություն` ազատամարտիկ Կիմ Խաչատրյանի շիրիմին
17 Դեկտեմբեր 2023
Այսօր, դեկտեմբերի 17-ին 44-օրյա պատերազմում, Մռավի լանջին հերոսաբար զոհված, դաշնակցական Կիմ Խաչատրյանի շիրիմին տեղի է ունեցել ՀՅԴ Արարատի և Վայոց ձորի մարզերի 20 նորագիրների երդման արարողություն։
Այդ կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը գրել է.
«Այսօր Արենիում էինք: 20 նորագիր Կիմ Խաչատրյանի շիրիմի մոտ, կնքահայրությամբ Հայ Դատի մարտիկ Համբիկ Սասունյանի, տվեց դաշնակցական երդումը՝ թեկուզ կյանքի գնով, ծառայել Հայրենիքի ու հայության ազատագրության դատին եւ անդամագրվեց ՀՅ Դաշնակցության մեծ ընտանիքին: Ինչպես իր երդմանը հավատարիմ՝ 44-օրյա պատերազմին դաշնակցական գումարտակի կազմում իբրև կամավոր առաջնագիծ մեկնեց ուսանողական միության անդամ, ապագա բժիշկ Կիմ Խաչատրյանը և կյանքը նվիրաբերեց Հայրենիքին, Արցախին:
Առաջին անգամ Կիմի շիրիմին երդման արարողությանը մասնակցել էի որպես ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության գործիչ, իսկ այս անգամ՝ որպես այս երկու մարզերի ԳՄ պատասխանատու։
Երբ առաջին անգամ` 2020 թվականին, այստեղ ընդունում էինք ՆԱՈւՄ նորագիրների երդման արարողությունը , Արցախը թեև վիրավոր, բայց կանգուն էր, և Կիմի հայացքի ներքո, ընկերներով, իրար լուռ նայելով, կարծես թե լռությամբ իրար խոստանայինք, որ մեր կողմից ամենաարժանի ընծան՝ մեր ընկերոջ հիշատակին ու մեր ընկերությանը , կլինի ազատագրված Արցախն իր ամբողջական տեսքով։ Եվ մի օր մենք պետք է այդ կարգավիճակով ներկայանանք մեր ընկերոջ դատին։
Տարիներն անցան, մեզ ու մեր հայրենիքին ավելի մեծ փորձություններ բաժին ընկան, ու այսօր արդեն շատ ավելի ծանր ու խճճված վիճակում, կրկին մարդիկ են եկել մեզ համար սրբատեղի դարձած մեր ընկերոջ շիրիմին՝ Դաշնակցությանը անդամագրվելու։
Անձնապես շատ բարդ ու դժվար զգացողություններ ունեինք բոլորս։ Այս զգացողությունների մեջ նաև զգում էինք, թե ինչպես կարելի է նույնիսկ գերեզմանից պայքարել հայրենիքիդ արժանապատվության համար, և այդ պայքարի վառ օրինակը դու ես, ընկե՛ր ջան…
Քեզնից մեզ մնաց անավարտ պայքար, իսկ մեզնից քեզ որպես պարտք` ազատ ու անկախ Արցախ կերտելու հարատև պայքար…
Շատ դժվար է ընկե՛ր ջան, բայց ոնց դու էիր ասում.
Բախտը մեկն է զինվորի. կա՛մ մահ, կա՛մ ազատություն»…