Ադրբեջանի հետ պայմանագրի տեքստում Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքի մասին որևէ կետ չկա
05 Հունվար 2024
Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունում հունվարի 5-ին բացվեց սգո մատյան։ Հարևան և բարեկամ Իրանի ժողովրդին ցավակցելու էին եկել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Սգո մատյանում գրառում արեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Իրանը մեր բարեկամ երկիրն է և դատապարտելի է ցանկացած ահաբեկչություն․ հույս ունենք, որ մեր բարեկամ Իրանը պատվով կհաղթահարի այս դժվարությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «խաղաղության պայմանագիր» փաստաթղթին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ փաստաթուղթը Բաքվի սպառնալիքի տակ է պատրաստված՝ այն, ըստ էության, նոր հարձակումներ է նախապատրաստում Հայաստանի նկատմամբ:
«Խնդրում եմ այդ փաստաթուղթը չանվանել «խաղաղության», քանի որ խաղաղության հետ այն որևէ առնչություն չունի։ Դա Ադրբեջանի պայմաններով, Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ ինչ-որ փաստաթղթի նախագիծ է։ Դրանից Հայաստանը որևէ բան ձեռք չի բերում, մեզ համար դրական կետ չկա։ Ընդամենն Ադրբեջանը մինչ այս ագրեսիայի հետևանքով ձեռք բերածն ամրագրում է և, ըստ էության, պատրաստում է նոր հարձակումներ Հայաստանի նկատմամբ։ Մենք ծանոթ ենք այդ փաստաթղթին, այն Հայաստանի համար նոր կապիտուլյացիայի փաստաթուղթ է»,- նշել է Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ պայմանագիրը ստորագրելու պահին ադրբեջանական զորքերը շարունակելու են մնալ ՀՀ տարածքում, սահմանազատում և սահմանագծում տեղի չի ունենալու, դա արվելու է ապագայում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ կշարունակի մնալ Բաքվի բանտում։
«Հիմա դա խաղաղության մասի՞ն է, թե ոչ։ Այդ փաստաթղթով Հայաստնաին ոչ մի դրական բան չի տրվելու»,- շեշտել է Սաղաթելյանը՝ պնդելով՝ քանի դեռ գործող իշխանությունները կան, որևէ լավ բան սպասել պետք չէ։
«Սրանք պարզապես ի վիճակի չեն և չեն էլ ուզում, թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկ կառավարություն են և վաղուց հեռացել են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու մտքից։ Սրանք քաղաքական մի գիծ ունեն՝ տանք՝ ինչը հնարավոր է՝ փոխարենը ոչինչ չստանալով»,- ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը՝ նկատելով՝ բոլոր այն պնդումները, թե Արցախը տանք՝ Հայաստանը կփրկվի, սխալ են, պայմանագրի նախագծով, ըստ նրա, հստակ է` Հայաստանը չի փրկվում դրանով։
Նրա խոսքով՝ պայմանագրի նախագծում որևէ բառ չկա Ադրբեջանի կողմից Հայաստանի՝ 29 800 քառակուսի կիլոմետր տարածքը ճանաչելու մասին։
«Հստակ է նաև Հաջիևի վերջին հայտարարությունից, որ Ադրբեջանը կրկին վերադարձել է միջանցքային խոսակցությանը, և այստեղ շատ կարևոր ենք համարում Իրանի շատ հստակ ու սկզբունքային կեցվածքը, որն արտահայտել են։ Հավատացած ենք, որ այդ հայտարարությունների տակ կա նաև հստակ աշխատանք, և Իրանը, իրականում, որպես բարեկամ և դաշնակից երկիր, շահագրգռված է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմամբ»,- նշել է Սաղաթելյանը։