Ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը պայմանագրի ստորագրման հաջորդ օրը չի հարձակվի Հայաստանի վրա
10 Հունվար 2024
Այդ առաջարկներում մենք, ի դեմս Ադրբեջանի, չենք տեսել կողմ, որ ուզում է խաղաղություն, մենք տեսել ենք կողմ, որ ուզում է վավերացված փաստաթղթով ամրապնդել իր ձեռքբերումները: Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, ով իր երեք գործընկերների հետ վերջերս ծանոթացել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ կողմերի առաջարկներին:
«Եթե ինձ հարցնեն՝ լավ, կա՞ գոնե մի բան, որ Հայաստանն այդտեղ ձեռք է բերում, ես շատ պատասխանատու կերպով կարող եմ ասել, որ իմ տեսած առաջարկներում ես չեմ կարող առանձնացնել մի կետ, որով Հայաստանը գրանցում է ձեռքբերում:
Երբ Հիքմեթ Հաջեւն ասում է, որ Ադրբեջանից Նախիջեւան գնացող բեռնատարները պետք է չստուգվեն, դա ձեռքբերո՞ւմ է, թե չէ: Շատ լավ է, որ ճանապարհները բացվում եւ եւ գործում է այն ռեժիմը, որը գործում է ՀՀ մնացած ճանապարհների վրա, բայց մենք այդ տարբերա՞կն ենք ունենալու: Ես այդպիսի ազդակ չեմ ստացել»,-ասաց նա:
Վարդանյանը նախ հիշեցրեց, որ Հայաստանը երբեք Ադրբեջանի հետ պատերազմի մեջ չի եղել, ապա շարունակեց. «Գլխավոր խնդիրները չեն լուծվել: Կարո՞ղ է արդյոք արդար խաղաղության պայմանագիր կնքվել մի երկրի հետ, որի տարածքում են գտնվում թշնամական զորքերը, որի հայ ղեկավարները Բաքվի բանտում են: Այս խնդիրները սկզբից չպե՞տք է հասցեագրվեն ու լուծվեն թեկուզ նախապայման ադրբեջանական զորքերը չպե՞տք է դուրս գան մեր տարածքից, որ մենք կարողանանք խոսել իրավահավասար պայմանավորվածությունների մասին»,-ասաց նա:
Քրիստինե Վարդանյանի խոսքով, որեւէ երաշխիք, որ Հայաստանը իր 29 800 քկմ տարածքը ամրագրում է, իրենք չեն տեսել. «Փաստաթղթերում նման երաշխիք չկա:
Հաջորդը, այս պայմանագիրը, որ մեր հանրությանը վաճառում են որպես ցեմենտ բետոնով երաշխավորված խաղաղության պայմանագիր, որեւէ երաշխիք չունի: Մենք որեւէ ձեւով երաշխավորված չենք, որ պայմանագրի ստորագրման հաջորդ օրը էլի Ադրբեջանը չի հարձակվի:
Իշխանությունն ինքն է խոստովանում, որ 200 քկմ տարածք Ադրբեջանն օկուպացրել է. հիմա սրանք ուժի սպառնալիքով, զենքը գլխին դրած բանակցություննե՞ր են, թե ոչ: Ուրեմն պետք է դա վերացվի, որ ավելի փոխընդունելի մթնոլորտում լինեն բանակցությունները»:
Հայաստանի նորանկախ պատմության ամենաթույլ կետում Հայաստանին ստիպում են ստորագրել ամենակարեւոր փաստաթղթերից մեկը, դրա համար էլ Ադրբեջանը ցանկանում է բանակցել առանց միջնորդների. նշեց Քրիստինե Վարդանյանը:
«Պետք չէ դիվանագիտական գուրու լինես հասկանալու համար, որ եթե թույլ ես, քեզ պետք են միջնորդներ, դաշնակիցներ եւ աջակիցներ, որպեսզի դիրքերդ ամրապնդես: Իսկ այսօր ամբողջ բանակցային օրակարգում Ադրբեջանի թելադրանքն է: Բանակցում ենք առանց միջնորդների, դա Ադրբեջանն է ուզում, բանակցում ենք Ադրբեջանի պայմաններով, երբ զորքերը մեր տարածքում են: Անգամ հումանիտար հարցերը չեն հասցեագրում: Հասել ենք այնտեղ, որ հերոսություն ու աննախադեպ հաջողություն է ներկայացվում գերիների վերադարձը 3 տարի անց: Մինչդեռ եթե խոսում ես խաղաղության մասին, այդ հարցերը պետք է լուծված լինեին որպես բարի կամքի դրսեւորում»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում