Միայն Փաշինյանը, ադրբեջանցիներն ու բոլշևիկներն են կառչում սովետական ապօրինի որոշումներից
13 Փետրվար 2024
ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումը «իրավական ուժ չունի», քանի որ Խորհրդային միության սահմանադրական հանձնաժողովն այն ճանաչել է Խորհրդային միության Սահմանադրությանը հակասող։
Դիտարկմանը, որ մի կողմից Ալիեւը եւ Փաշինյանը խոսում են Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն է անում, ի՞նչ է սա նշանակում, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմն իրենց դիրքավորում են իբր որպես արեւմտամետ եւ հակառուսական ուժ, բայց միայն իրենք, ադրբեջանցիներն ու բոլշեւիկիներն են կառչում սովետական միության ժամանակ կայացված ապօրինի որոշումներից։ Նույն Արցախի սահմանը գծվել է բոլշեւիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի ապօրինի որոշմամբ։ Այդ որոշումը սրբադասում են ադրբեջանցիները, Նիկոլ Փաշինյանը, Իոսիֆ Ստալինն ու Սերգո Օրջոնիկիձեն։ Այսինքն՝ այս մարդիկ ժողովրդին խաբում, ասում են՝ մենք հակառուս ենք, պրոարեւմտյան ենք, բայց երկրպագում են բոլշեւիկների որոշումները։ Երեւի պատճառն այն է, որ իրենք էությամբ բոլշեւիկ են»։
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ անկախ նրանից, թե Խորհրդային միության սահմանադրական հանձնաժողովի կողմից ինչ որոշում է կայացվել, Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշումը Հայաստանի օրեսնդրության մաս է։ «ԽՍՀՄ Խորհրդային միության սահմանադրական հանձնաժողովը նաեւ բազմաթիվ ադրբեջանական որոշումներ է չեղյալ հայտարարել, որոնք, սակայն, Ադրբեջանն այսօր իրացրել է։ Վերամիավորման որոշումը մեր օրենսդրության մաս է, անկախ նրանից, թե սովետական միությունն ինչ որոշում է կայացրել։ Նիկոլ Փաշինյանը հիմա վեր է կացել, փորձում է ինչ-որ թղթեր նայել, թղթերի մի մասում չի էլ իմանում, թե ինչ է գրված եղել։ Ապացույցը նախորդ հարցուպատասխանի ժամանակ իր տված սխալ պատասխաններն են։ Նա բոլոր այդ փաստաթղթերը մեկնաբանում է բացառապես ադրբեջանական տեսանկյունից, միայն մեկ պատճառով, որպեսզի արդարացնի իր զիջումները»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ նախկիում հայտարարում էր, թե «Մադրիդյան սկզբունքները» այնքան խրթին են, որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են մեկնաբանում։ «Ասում էր՝ պետք է այնպիսի թուղթ ունենանք, որ տարբեր մեկնաբանությունների տեղիք չտա։ Հիմա ինքը բացառապես ադրբեջանական մեկնաբանություններ է անում տարբեր թեզերի վերաբերյալ»,- հավելեց Արթուր Խաչատրյանը։
Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ալիևի հատուկ դեսպան Էլչին Ամիրբեկովն ասել է, որ հայկական կողմի հետ բանակցություններում անընդհատ բարձրացվում են մի քանի հարցեր։ Խոսքը Անկախության հռչակագրի մասին է, որը հղում է անում Հայաստանի եւ Արցախի միացման մասին 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշմանը։ Նաեւ խոսք է գնում Ալմաթայի հռչակագրին Հայաստանի խորհրդարանի վերապահումների մասին։ 1992 թվականին խորհրդարանն ընդունեց 10 վերապահում, որոնք առաջարկում էին պայմանագրում ներառել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին դրույթ։ Նա նշել է, որ Բաքվի համար խնդրահարույց է թվում նաև հայկական ԱԳՆ կայքում Արցախի՝ որպես պատմական Հայաստանի անբաժանելի մասի հիշատակումը։