Փաշինյանը ժողովրդի ոգին կոտրելու քաղաքականություն է վարում
19 Փետրվար 2024
Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը բոլոր հարթակներում բոլոր կողմերից ստանում է այն, ինչ իրեն պետք է, իսկ Փաշինյանն ամեն տեղ պարտվում է. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններին։ Խաչատրյանի խոսքով՝ անկախ նրանից, թե բանակցությունների սեղանը որտեղ է դրված, միջնորդն ով է, եթե երկրի ղեկավարը ի զորու չէ պաշտպանել երկրի շահերը, ուզում եք բանակցությունների սեղանը լուսնի վրա դրեք։ Այն, որ Փաշինյանն աշխատում է այս պետության դեմ, կասկածի տեղ չի թողնում։
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ այն ուղղությունը, քաղաքականությունը, որ որդեգրել է Փաշինյանը, չի բերի խաղաղության:
Նա նշեց, որ, ընդհակառակը, եթե Փաշինյանն ասում է միջավայրն ագրեսիվ է, մենք միակողմանի զիջումների պետք է գնանք, այս ագրեսիվ միջավայրն իրեն կխժռի ու կվերանա, արգելանքի չի լինի։
«Մանավանդ այսպիսի ագրեսիվ պայմաններում դու պետք է կարողանաս ապահովել քո տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Դա կարող է լինել մարտունակ բանակի, ճկուն դիվանագիտության, կայուն տնտեսության միջոցով»,- ասաց Խաչատրյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ խաղաղության օրակարգը կենսունակ է, դեռ բանակցում է, բայց իրականում այս պայմաններում եթե չփոխի բանակցային քաղաքականությունը, պետական քաղաքականությունն ու փլիսոփայությունը, որևէ լավ բանի չի հասնի։
Արթուր Խաչատրյանը նաև անդրադարձավ կառավարության վերջին նիստում Փաշինյանի հայտարարություններին՝ դրանք որակելով պարզ շանտաժ ժողովրդի դեմ։ «Պարզ շանտաժ է դա, սպառնալիք է, ժողովրդի ոգին կոտրելու քաղաքականության դրսևորումներից էր»։
Մանրամասները՝ տեսանյութում