Չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակման գնա
09 Ապրիլ 2024
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ Ադրբեջանը գնա Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման. այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց նա:
«Եթե էսկալացիայի վտանգ չկա` ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում մեր ժողովրդին պատերազմով։ Վերջերս Նիկոլ Փաշինյանն այցելել էր սահմանամերձ գոտի, որտեղ պատրաստվում են տարածքներ հանձնել, ահաբեկել էր պատերազմով: Եթե որևէ վտանգ չկա` պետք չէ ժողովրդին վախեցնել, բայց, իրականում, դա այդպես չէ։ Սա շատ հստակ ծրագրված գործընթաց է. այնտեղից վախեցնում են, այստեղից վախեցնում են ու ստեղծում տպավորություն, որ ուրիշ ճանապարհ չունենք, պետք է զիջենք, որ կարողանանք գոյատևել», – ասաց նա:
Ըստ նրա` բանավոր խոսակցությունները զուգորդվում են սահմանային լարվածություններով, որ Ադրբեջանն ու Թուրքիան ստանան իրենց համար ընդունելի արդյունքներ ու հասնեն իրենց նպատակին:
Պատգամավորը գիտի, թե որքան պետք է զիջել Ադրբեջանին, որ բավարարեն նրա պահանջները. «Մինչև հայկական ինքնության վերացումը, մինչև հայկական գործոնի վերացումը ու Հայաստանի վերածումը «Արևմտյան Ադրբեջանի»: Բնականաբար, այս ընթացքն իրականացվում է այս ահաբեկչական մթնոլորտը ստեղծելով, մենք էլ ասում ենք` թույլ ենք, անկարող ենք: Ես չեմ բացառում, որ Ադրբեջանն այս անգամ նաև լայնածավալ հարձակման գնա, որ միանգամից խնդիրը լուծի: Լոկալ բախումների ընթացքում Ադրբեջանը միշտ հասել է ինչ-որ լոկալ արդյունքների, բայց այս անգամ, կարծում եմ, որ իրենց խնդիրն ավելի գլոբալ է»,-ասաց Ռուստամյանը:
Նա ասաց՝ երբ Հայաստանից ասվում է, որ այդ տարածքներն իրենցն են, դրանով նրանց հրավիրում ենք այդ տարածքներ մտնել, այդ թվում՝ նաև զորքով:
Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակն է Հայաստանը բերել այն վիճակի, որ որևէ կարողություն անգամ չունենա` պաշտպանելու իր նվազագույն շահերը:
«Նրանք հստակ ծրագիր են դրել՝ չեզոքացնել հայկական գործոնը տարածաշրջանում»,- հավելեց պատգամավորը:
««Զանգեզուրի միջանցքը» եղել եւ մնում է օրակարգում, ինչքան էլ այս իշխանությունները փորձում են ասել, որ դա հանված է օրակարգից»,- նշեց Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված պահանջներին:
Նրա խոսքով, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը շարունակում է գործել. «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված պահանջները մենք բազմիցս ենք լսում, շարունակում է մեր առջեւ այդ պահանջը դրվել: Բայց նաեւ իրենք միայն Զանգեզուրով չենք սահմանափակվելու: Իրենք պետք է այնպես անեն, որ Հայաստանը որպես աշխարհաքաղաքական գործոն իր նշանակությունը կորցնի: Այստեղ միայն այդ 4 տարածքների հանձնելու հարցը չի, մենք ռազմավարական հսկայական հարված ենք ստանալու դրանից հետո: Կորցնելու ենք անգամ դեպի Վրաստան ճանապարհը: Ադրբեջանը փորձում է իր վերահսկողության տակ պահել ռազմավարական նշանակության մեր բոլոր ճանապարհները, որից հետո մնացած բոլոր պահանջների իրականացումը տեխնիկայի հարց է դառնում:
Հայաստանը բերել այն վիճակի, որ որեւէ կարողություն անգամ չունենա իր նվազագույն շահերը պաշտպանելու: Տեսեք, թե ինչպիսի հիստերիա է իրենց մոտ առաջանում, երբ որեւէ երկիր, մասնավորապես, Ֆրանսիան, փորձում է ինչ-որ կերպ մեր պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ քայլեր կատարել: Արդեն Թուրքիայից են հայտարարություններ հնչում: Հստակ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը հստակ ծրագիր են դրել չեզոքացնել ընդհանրապես հայկական գործոնը այս տարածաշրջանում»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին Արարատ Միրզոյանի չմասնակցելը Արմեն Ռուստամյանը «հերթական արկածախնդրություն» է համարում. «Այս արկածախնդրությունը վաղուց է սկսվել։ Մենք բազմիցս ասել ենք` կարելի է հազար հարցով դժգոհել ՀԱՊԿ-ից, դժգոհել մեր ռազմավարական գործընկերոջ պահվածքից, բայց կատարվում են քայլեր, որոնք նշանակում են վեկտորի փոփոխություն, նշանակում են Ռուսաստան-միավորված Արևմուտք պատերազմը տեղափոխել Հայաստան։ Սա ամենակործանարար հետևանքը կարող է ունենալ Հայաստանի համար:
Խոսում են, թե սա փոխարինում չէ մեկը մյուսով, դիվերսիֆիկացիա է, բայց դիվերսիֆիկացիա նշանակում է նաև որոշակի քայլեր կատարել այլ ուղղությամբ: Օրինակ, ի՞նչն է խանգարում գնալ այդ նիստին ու քեզ հուզող հարցերը բարձրացնել: Կարծում եմ` պահանջ է դրված, որ Հայաստանը պետք է միանա հակառուսական ճակատին, ու այդ խնդիրը «բարեհաջող» իրականացնում է այսօրվա իշխանությունը»,- ասաց Արմեն Ռուստամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում