Իշխանությունը փորձում է ուժով և խաբեությամբ ավարտին հասցնել սկսած գործընթացը
29 Ապրիլ 2024
Մենք երեկ ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, Դիլիջանում ակցիան դադարեցրինք և անմիջապես շտապեցինք Ոսկեպար՝ գյուղացիների հետ հանդիպման: Գյուղացիները կրկին փաստեցին, որ այդտեղ ադրբեջանցիներ են եղել, ինչ-որ աշխատանքներ են կատարել, ասում են՝ ծառեր են կտրել. այսօր՝ ապրիլի 29-ին, Կիրանցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նրա խոսքով, իշխանությունը փորձում է ուժով և խաբեությամբ ավարտին հասցնել սկսած գործընթացը:
«Իշխանությունները ամեն կերպ փորձում են իրենց առջև դրված խնդիրը կատարել՝ թուրքին բերել նստացնել այս վայրերում: Գյուղացիների անհանգստության պատճառներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերը, միայն անունով են սահմանապահ, իրականում դա ադրբեջանական բանակն է՝ նույն զինտեխնիկայով, ուղղակի այլ հագուստով: Իսկ մեր սահմանապահը ընդամենը զինված է ավտոմատով, ուրիշ ոչինչ չունի: Նրանք իրար հավասարազոր չեն:
Ցանկացած պահի, սահմանապահ կոչեցյալ ադրբեջանցիները շատ ավելի լավ դիրքերից ու լավ կարգավիճակով, կարող են հարձակում գործել և հաշված րոպեների ընթացքում ցանկացած բնակավայր անցնելու է իրենց վերահսկողության տակ»,-խոսելով գյուղացիների անհանգստության մասին՝ ասաց Գառնիկ Դանիելյանը:
Նրա խոսքով, այս գործընթացի միջոցով Ադրբեջանը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը բանակ չունենա:
«Սա այդ ծրագրի մեկնարկն է, հայկական բանակն ուզում են վերածել սահմանապահ զորքերի: Արարատ Միրզոյանն ասում, էր սա ամենապաշտպանված սահմանն է լինելու, բայց երևի մոռացել է ասել, որ Ադրբեջանի համար է ամենապաշտպանված սահմանը, ոչ թե Հայաստանի»,-հավելեց պատգամավորը:
Բերքաբերում ոստիկանական զորքներ են բերել, իմ տեղեկություններով, ականազերծման ակտիվ աշխատանքներ են ընթանում. «Հիմա ականները հանում ենք, որ ի՞նչ անենք, թուրքին բերենք ստեղ ցեղասպանություն անի՞: Ադրբեջանը մի հատ ական հանե՞լ ա իրա սահմանից, չի հանել: Իրա սահմանի բոլոր ականներն ու պաշտպանական գծերը կան, սա սահմանազատում, սահմանագծում չի:
Մեր զինվորը կամ ականազերծողը, հատուկ նշանակության ստորաբաժանումներն ու ռազմական ոստիկանությունը կարո՞ղ են անցնել Ադրբեջանում տենց բաներ անել: Իսկ սրանք ստեղ իրանց տեր են զգում արդեն: Իրանք զիջում չեն անում, քայլ քայլ առաջ են ուզում գան»,-ասաց պատգամավորը:
«Իշխանություններն ամեն կերպ դրան նպաստում են, բացառված չէ, որ եկեղեցու մոտ հասած զինվորը վաղը մտնի և դիվերսիոն գործողություն անի, ահաբեկի, գողություն անի, ինչ ուզի կանի: Պաշտպանական գիծ չկա, ական չկա, մի հատ փշալար կա»,-հավելեց Գառնիկ Դանիելյանը:
Նրա խոսքով, խնդիրն այն է, որ իշխանությունները ոստիկանական մեծաթիվ ուժերով ժողովրդին պահում են, որ տեղյակ չլինեն, թե ի՞նչ է կատարվում: Նա հիշեց, որ մի քանի օր առաջ, երբ առանց համարանիշների մեքենան Կիրանցի կողքի ճանապարհով փորձում էր անցնել, գյուղացիները հետաքրքրվում էին, թե ի՞նչ մեքենա է, ոստիկանական ուժեր եկան և ուժի կիրառմամբ փորձում էին բացել ճանապարհը:
«Ծեծեցին, ջարդեցին մանկահասակ երեխաներին, կանանց, ծերերին: Մի քանի հոգու մեքենայից հանեցին, չգիտենք՝ ի՞նչ մարդիկ են: Մեկն ասում ա՝ թուրք են, մեկն ասում ա՝ բարձրաստիճան պաշտոնյաներ են: Ցանկացած պարագայում, ժողովուրդը որևէ տեղեկություն չունի, մարդկանց խաբել են, բերել հասցրել մի կետի, երբ չգիտեն, թե կես ժամ հետո ինչ է կատարվելու: Մարդիկ մտածում են, որ էլի ոստիկանների բերելու են իրենց ծեծեն, ջարդեն, թուքրին ու ադրբեջանցուն էլ բերեն գյուղում կանգնացնեն»,-ասաց Գառնիկ Դանիելյանը: