Անհնազանդության ակցիաներ Երեւանում. փակվել է շուրջ 20 փողոց
13 Մայիս 2024
Այսօր վաղ առավոտից Երևանի տարբեր փողոցներում իրականացվել են անհնազանդության ակցիաներ: Շուրջ 20 փողոց է փակվել: Քաղաքացիները կաթվածահար են արել երթեւեկությունը:
Ոստիկանները ակցիայի մասնակիցներից պահանջել են բացել ճանապարհները: Նրանք անհամաչափ ուժ են կիրառել քաղաքացիների նկատմամբ, նրանց բերման ենթարկելով տարելոստիկանական բաժանմունքներ:
Սայաթ-Նովա փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման հատվածում կարմիր և սև բերետավորները նախ փորձել են բերման ենթարկել 24-news.am լրագրող Մերի Մանուկյանին, այնուհետև քաշքշել, ինչից հետո լրագրողի ինքնազգացողությունը վատացել է եւ նա ուշաթափվել է:
Նրան օգնություն են ցուցաբերել ԱԺ պատգամավորներ Գառնկ Դանիելյանը և Գեղամ Մանուկյանը։
Կարմիրբերետավորների գործողություններից տուժել է նաեւ ABCmedia.am-ի օպերատոր Մհեր Դավթյանը։
ABC media-ի և 24news-ի խմբագրությունները դատապարտում են ոստիկանության անթույլատրելի գործողությունները, լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտող արարքները և համապատասխան բոլոր կառույցներից պահանջում քննության առարկա դարձնել կատարվածը։
Այս առնչությամբ, «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել. «Խստորեն դատապարտում ենք քաղաքացիների կողմից խաղաղ անհնազանդության գործողությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը ոստիկանական ուժերի կողմից:
Սա գործելաոճ չի, միանգամից մայթում կանգնած, փողոցով անցնող մարդկանց. օպերատորներից մեկի հետեւից այնպես խփեցին, տեսախցիկը վնասվեց. Ու դա դիտավորյալ են անում. Աբովյան փողոցում լրագրողների հետ զրույցում նշել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ոստիկանության գործողություններին, որոնք բերման են ենթարկում փողոց փակած քաղաքացիներին:
«Խոշտանգիչ են այս մարդիկ: Ճանապարհ փակող քաղաքացիներին ոստիկանությունը պարտավոր է ողջամիտ ժամանակ տալ, մի քիչ բարեկրթություն դրսեւորել: Արցախը հանձնեցին, հիմա էլ Հայաստանն են հանձնում, որ դառնան Ադրբեջանի ոստիկանությո՞ւն: Դուք տեսաք՝ Կիրանցում ոնց վերաբերվեցին մարդկանց, ինչպես խոշտանգեցին: Դուք կարմիր գծեր չունե՞ք: Ոստիկանները խոշտանգելու, ծեծելու, ջարդելու հրաման են ստացել: Բայց դա հայրենատեր մարդկանց վրա չի ազդելու»,-ասել է նա:
Բագրատ սրբազանը եւս անդրադարձել է այսօր առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաներին.
«Ձեզ փչացնում են, փչացրել են, բայց դուք հնարավորություն ունեք վերականգնվելու։ Այս մարդիկ նաև ձեզ համար են պայքարում, որ այդ գործընթացը տեղի չունենա ձեզ հետ։ Հիշեք, որ տուն եք գնալու, պատանիների, երիտասարդ աղջիկների, երեկ էլ մեր հերոսի մորն եք քաշքշել, ձեզ համար նահատակված ու զոհված տղայի։
Ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդուն թշնամիների դեմ պայքարեիք, ոչ թե նրանց դեմ, ովքեր եկել են ձեզ էլ ազատագրելու։ Ասել եմ՝ ովքեր այս ճանապարհով չեն անցնում, բերման չեն ենթարկվում, չեն կալանավորվում, նրանք հետո պիտի պատասխան տան, թե ինչու չեն կալանավորվել»։
Անհնազանդության ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել 177 անձ։
Նշենք, որ այսօր ակցիաներ են տեղի ունեցել նաեւ մարզերում:
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման աջակիցները Գեղարքունիքում ավտոերթ են անցկացրել։ Ավտոերթը մեկնարկել է Վարդենիսի Երիտասարդության փողոցից։ Ակցիայի մասնակիցները կլինեն Մարտունի, Գավառ և Սևան քաղաքաներում։ Արագածոտնի մարզում եւս կազմակերպվել է ավտոերթ:
Փակվել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը Բագրատաշենի հատվածում: