«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց
16 Մայիս 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով քաղաքացիները այսօր հավաքվել են կառավարության շենքի դիմաց, որտեղ ժամը 11-ին նախատեսված էր կառավարության հերթական նիստը:
Կառավարության շենքի հարակից տարածքում բազմաթիվ ոստիկաններ են բերվել։ Մուտքը հսկում են վահաններով զինված մի քանի շարք ոստիկաններ։ Աննախադեպ թվով ոստիկաններ փակել են Մելիք Ադամյան փողոցը եւ 3-4 շարքով պատ կազմել ճանապարհի այդ հատվածում։
«Այս շարժումն ինչ սկսել է, այս իշխանություններն ապրում են վախի մթնոլորտում, քանի որ, իրապես, վախենալու շատ բան ունեն»,- հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տավուշցի Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ այս իշխանությունը գործել ու գործում է Հայաստանի պետական շահերի դեմ, ամեն օր ստորագրում է փաստաթուղթ, որով Հայաստանի այս կամ այն բնակավայրը հանձնում են Ադրբեջանին։
«Իշխանության պարագլուխը վախերի մեջ է, ամեն քայլափոխի իր հետ տանում է հազարավոր ոստիկաններ ու ուժային համակարգի ներկայացուցիչներ։ Հենց հիմա էլ կառավարության շենքում նրա վախերն այնքան շատ են, որ ողջ շենքը շրջապատված է վահաններով զինված ոստիկաններով»,-ասաց Դանիելյանը։
Պատգամավորը որոշ տեղեկություններ ներկայացրեց երեկ ստորագրված արձանագրությունից ու ադրբեջանական կողմի հետ ձեռք բերած պայմանավորվածություններից։
«Երեկ փոխվարչապետների մակարդակով հանդիպում է տեղի ունեցել ու ստորագրվել է ապօրինի, հատվածական սահմանազատման ու սահմանագծման արձանագրություն, որով Ադրբեջանին են հանձնվել Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի կենսական նշանակություն ունեցող տարածքներ, կոմունիկացիաներ։ Կիրանցից հանձնվել են տներ, որոնց տերերը սեփականության վկայական ունեն։ Այս պահին մենք ունենք տեղեկություններ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ, որ կամրջի հատվածում պետք է գործընթացը դադարեցվի, մի քանի ամիս ժամանակ են խնդրել ադրբեջանական կողմից, որ ճանապարհը կարողանան տեղափոխել այլ մաս»,- ասաց նա։
Դանիելյանն այս ամբողջ գործընթացը ապօրինի որակեց։
«Տավուշի մասում կենսական նշանակության տարածքների զիջումը քրեորեն հետապնդելի է, դատախազությանը հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել»,- ասաց պատգամավորը։
Կառավարության առջև հավաքված քաղաքացիներից ոմանց ոստիկանությունը բերման ենթարկեց։
Գառնիկ Դանիելյանը ուժային կառույցների ղեկավարներից պահանջեց պարզաբանել, թե ինչու են քաղաքացիներին ուժ կիրառելով բերման ենթարկել:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը պատասխանեց. «Ոստիկանությունը հաղորդում կտա, թե ինչու»։
տեսանյութն՝ այստեղ