Երեւանում տեղի ունեցավ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությունը
25 Մայիս 2024
Արցախի հայաթափման և Հայաստանի Հանրապետության շուրջ օրըստօրե լարվող անվտանգային միջավայրի ու գոյութենական սպառնալիքների պայմաններում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքների հիմնական ուղղությունների քննարկման և համադրման, ինչպես նաև ըստ անհրաժեշտության մարտավարական որոշակի վերանայումներ անելու համար՝ ՀՅԴ Բյուրոն հրավիրել էր Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր՝ մայիսի 25-ին Երեւանում:
Օրակարգում Հայաստանի Հանրապետության և առհասարակ հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին հիմնական մարտահրավերների քննարկումն էր, դրանց հաղթահարման գործում Հայ դատի համակարգի ներուժի նպատակային օգտագործումը։
Մասնակցում էին ավելի քան քսան երկրներից ժամանած՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմինների ներկայացուցիչներ:
Խորհրդաժովը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգով:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը իր խոսքը սկսեց աղոթքով, ապա մասնակիցներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը:
Խորհրդաժողովին Ելույթ ունեցան ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայցուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Իր ելույթում Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. Մեզ ստիպում են հրաժարվել մեր անցյալից, որպեսզի կառավարեն:
«Դուք ապացուցում եք, որ սեփական շահերը ճիշտ ձևակերպողը ոչ միայն մենակ չի մնում միջազգային ասպարեզում, այլ կարողանում է անգամ ամենաանսպասելի տեղերոմ գտնել դաշնակիցներ: Հայրենիքում ապրող հայը Հայ դատի գրասենյակների գործունեությունը նույնականացնում է հայկական շահերի պաշտպանության հետ»,- նշեց նա:
ՀՅԴ կառույցները, տարիներ շարունակ, մեծ նպաստ են բերել Հայաստանին ու հայ ժողովրդին․ ես վկաներից մեկն եմ. իր խոսքում նշեց Վարդան Օսկանյանը:
Նրա խոսքով՝ մեծ անջրպետ կա հայ ազգի շահերի ու Հայաստանի իշխանություների շահերի միջև։ Ըստ նրա, իշխանության նպատակը իր բերած արհավիրքի խարանը ճակատից սրբելը, ուրիշներին մեղադրելը, աթոռն ու իշխանությունը պահելն է։
Իր հերթին Բագրատ Սրբազանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության խնդրին՝ ընդգծելով՝ այդ հարցը պետք է առկա լինի մեր կյանքի բոլոր ոլորտներում։
«Մեզ համար, որպես ազգ, շատ կարևոր է, որպեսզի հատկապես Ցեղասպանության հարցը, որովհետև մեր բոլոր խնդիրներն այս պահին անխուսափելիորեն ածանցվում են դրանից, զգացմունքային ու միայն պահանջատիրության դաշտից տեղափոխվի համակարգային բանականության դաշտ, տարածվի մեր կյանքի բոլոր շերտերի, ոլորտների մեջ՝ որպես գաղափարաբանություն»,- ասաց նա:
Իր ելույթում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հայտարարեց. «Մեզ համար Արցախի հարցը ոչ միայն փակված չէ, այլ վերջին «պատերազմը» պարզապես ճակատամարտի կորուստ էր»: Մեր պահանջը հստակ է՝ վերադարձի իրավունք, միջազգային երաշխիքներ, միջանկյալ կարգավիճակ՝ մինչև ճշտվի վերջնական կարգավիճակը․ «Սա է իրականությունը, որի համար ամեն գնով պետք է պայքարել»։
Դաշնակցության համար հուսահատությունը ոչ մի ձևով ընդունելի երևույթ չէ․ «Բնական է, որ ապրում ենք այնպիսի ճակատագրական օրեր՝ մեր ամենասև օրերը պիտի արձանագրենք, բայց մենք կասկած չունենք, որ հաղթելու ենք, ինչպես մենք հստակորեն հաղթելու ենք այն ահավոր պայքարում, որը տեղի է ունենում ՀՀ-ի մեջ ազգային արժեքների դեմ, մեր դավանած դատի դեմ»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։
Արցախցիների համար առաջնայինն իրենց վերադարձի իրավունքի հարցն է Արցախ. իր խոսքում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներրկայացուցիչ Արա Պոլուզյաը:
Խորհրդաժողովի ավարտին ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը հայտարարեց. «Ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի վարքն ու խոչընդոտները պետք է հաղթահարենք, այլև հայրենի պետության, իշխանության հակազգային քաղաքականությունը»:
Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունների վարած այս հակապետական քաղաքականությունը հատկապես խնդրահարույց է, երբ օտարներն են մատնացույց անում․ «Խնդրահարույց է այն, երբ օտար շրջանակները, մատնացույց անելով ՀՀ գործող իշխանությունների այդ կեցվածքները, հիմնավորում են իրենց կրավորական կամ նույնիսկ բացասական կեցվածքը։ Սա հնարավորություն է տալիս ասելու՝ եթե ձերոնք այսպես են անում, մենք իրենցից ավելի հայ չենք լինելու»։
Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները հարցազրույցներ են տվել տարբեր լրատվամիջոցների:
Տեսանյութն՝ այստեղ