«Հաղթանակի և Հույսի» փուլի մեկնարկ․ Հանարահավաք Հանրապետության հրապարակում եւ երթ՝ Հանրային հեռուստաընկերություն
02 Հոկտեմբեր 2024
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Սրբազան պայքարի «Հաղթանակի և Հույսի» փուլի մեկնարկի մասին ազդարարող հանրահավաքը:
Մինչեւ հանրահավաքի սկսելը երիտասարդները Մատենադարանի մոտից երթով միացան հրապարակում հավաքված քաղաքացիներին:
Հանրահավաքը մեկնարկեց Հայաստանի ու Արցախի պետական օրհներգերով, Տերունական աղոթքով:
«Թող ոչ ոք չկարծի, թե այդ բռնապետական ճնշումներից դրդված, մարդիկ իրենց ինքնությունը չեն պահելու։ Մենք արժանապատիվ պայքարի և արժանապատիվ պայքարը տանող սերունդն ենք»,- իր խոսքում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա ընդգծեց, որ այս ընթացքում պայքարը եղել է հողի, հայրենիքի, նաև՝ սուրբ նահատակներին արժանի լինելու համար։
«Մենք պայքարն սկսել ենք Տավուշից։ Այն դուք եք կոչել «Սրբազան շարժում», որն ամիսներ շարունակ, Սրբազան հոր գլխավորությամբ, արել է մի բան՝ համատարած անտարբերության ու ապատիայի մեջ հայի ոգին բարձ է պահել։ Մենք այս հողին ամուր կանգնած ենք, ոչ թե Էրդողանին ամուր գրած։ Մենք չենք թողնելու, որ Էրդողանների ու Թալիաթների ոգին փառավորվի»,- ասաց նա։
Ելույթ ունեցան հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
Այս պայքարում կհաղթի նա, ով համառ է, աննահանջ է և հետևողական։ Եվ դարձյալ պետք է կրկնեմ՝ մի՛ մտածեք հնարավոր ու անհնարի մասին, մտածե՛ք ու գործե՛ք անհրաժեշտ ու ոչ անհրաժեշտ լինելու մասին. հայտարարեց Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Նա խոսք ուղղեց նաեւ միջազգային հանրությանը․ «Մեզ համար հասկանալի է, թե ինչ է տեղի ունենում։ Բոլոր երկրներն էլ իրենց հաշվարկները, ցանկություններն ունեն։
Մեզ համար ոչ միայն հասկանելի է ձեր լռությունը, այլև մեր ուղերձն է ձեզ՝ բոլոր, բոլոր կողմերին, որ Հայաստանի Հանրապետությունը գործելու է միայն և միայն հայկակա՛ն շահով, ի՛ր օրակարգով»:
Հանրահավաքի ավարտին Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ շարժվելու են դեպի Հանրային հեռուստատեսություն եւ ուղիղ եթեր են պահանջելու:
«Ստի քարոզչության օջախը, թունավորման կետը ֆեյքերի պոակ-ի հետ միասին, որն հովանավորում են նաեւ տարատեսակ գործարարներ, գտնվում է Հանրային հեռուստատեսությունում: Մենք այնտեղ գնում ենք ուղիղ եթերի պահանջով եւ ուղիղ եթեր ենք պահանջելու, որպեսզի ճշմարտության ձայնը հնչի»,-ասաց նա:
Արձագանքելով Սրբազանի կոչին՝ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ պատրաստ է ուղիղ եթերում հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին:
Հանրային հեռուստատեսությունում Բագրատ սրբազան հանդես եկավ ուղերձով ապա նաեւ հարցազրույց տվեց:
Դիմելով ժողովրդին՝ նա հայտարարեց. «Կոչված ենք պարտության ու զոհի հոգեբանությունից դուրս գալու, կոչված ենք ոտքի կանգնելու, կոչված ենք ուղղելու մեր մեջքը, կոչված ենք վերացնելու անարդարությունը, կոչված ենք վերածննդի: Ինչ զրկանքներ էլ լինեն, պայքարը շարունակվելու է: Գտնվում ենք աղետի մեջ, և այդ աղետը կանխելուն ենք կոչված»։
Բագրատ սրբազանը կոչ արեց կիրակի՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 18։00-ին գալ Հանրապետության հրապարակ։
Հանրահավաքի տեսանյութն՝ այստեղ