Հայ դատի մեր գրասենյակները COP29-ին ընդառաջ լուրջ աշխատանք են տարել և հասել լուրջ արդյունքների
12 Նոյեմբեր 2024
«Այս նախաձեռնությունը նախևառաջ առիթ է, որ մենք ճիշտ պահն օգտագործենք, արձագանքենք այն կարևորագույն խնդրին, որն առաջացել է մեր ռազմագերիների հետ կապված հարցով։ Այս առումով ՀՀ-ի պաշտոնական տեսակետ հրապարակային, ամբողջական, լիարժեք չի հնչել»,- ԱԺ-ում գերիների վերադարձի թեմայով ընդդիմության ներկայացրած նախաձեռնության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Ըստ նրա՝ քանի դեռ այս պաշտոնական դիրքորոշումը չի հնչել հստակ, լոբբիստական աշխատանքներն ունենում են դժվարություն։
Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ COP29-ով այս գործընթացը չի ավարտվելու․ «Այն առիթ էր այս համաշխարհային զորաշարժը փորձել իրականացնել, և այս իմաստով ՀՀ-ի կրավորական պահվածքը բոլորովին բացատրելի չէ։ Մենք չենք կարող սպասել՝ իբր թե Ադրբեջանում արդարադատության։ Ադրբեջանն այսօր ԵԽ-ից է վտարված մեկ տարով հենց այն պատճառով, որ գնահատվել է, որ ունի լուրջ խնդիրներ դատական համակարգում։ Մենք չենք կարող Ադրբեջանից արդարադատություն ակնկալել, պետք է պաշտպանենք մեր հայրենակիցներին այնտեղ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը դատելով՝ իրենք դատում են արցախահայությանը՝ հավաքական իմաստով։ Պետք է թույլ չտանք, որպեսզի Ադրբեջանն իր նպատակներն իրականացնի»: