Տեղի կունենա ՀՀ ԱԳՆ֊ի դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորների բողոքի քննությունը
03 Մարտ 2025
Վաղը ՀՀ վարչական դատարանում 15։30 սկսվելու է ՀՀ ԱԳՆ դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Քրիստինե Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի եւ իմ բողոքի քննությունն ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գեղամ Մանուկյանը:
Նա նաեւ նշել է. «Կհիշեք, որ Նիկոլի միանձնյա որոշմամբ, ԱԳՆ հնազանդ կատարմամբ մեզ արգելվեց հետագայում ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։
Ընդ որում որեւէ հիմնավորում գերատեսչության կողմից չէր տրվել։
Դեռ 2024-ի նոյեմբերին մեր հայցադիմումը դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, վարույթ ընդունելու որոշում էր կայացրել։
Վաղն առաջին հանդիպման օրն է՝ դատարանում, 15։30-ին, հասցեն՝ Գարեգին Նժդեհի փողոց, 23 շենք, 1-ին հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ։
Չենք հոգնելու, հետեւողական ենք լինելու այս կամայական որոշումը չեղարկելու ու հանրության համար հույժ կարեւոր փաստաթղթին ծանոթանալու մեր իրավունքը վերականգնելու հարցում։
Հանուն Հայաստանի Հանրապետության։
Հանուն Արցախի։
Հանուն մեր ժողովրդի»։
Գեղամ Մանուկյանը նաեւ տեղադրել է Արարատ լեռան նկարը եւ կից գրել.
«Հ.Գ. լուսանկարում Արարատի գեղանկարն է ՀՀ ԱԳՆ այն սենյակում, ուր ավանդաբար ծանոթանում էինք այդ չարչրկված նախագծի հետ։ Հիմա չգիտեմ, նկարը տեղու՞մ է… թե՞ հեռացրել են»։