Իշխանությունները չեն հասկանում իրենց պատասխանատվությունը
15 Մայիս 2025
Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում ընտրել, չեմ տեսել, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ երեկվա միջադեպին՝ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նա ավելացրեց, որ այդ ամենը խորհրդարանական մշակույթի հետ ոչ մի կապ չունի.«Իշխանությունը չի էլ հասկանում՝ բացի նրանից, որ մենք մեր մեջ ենք խոսակցություն ունենում, դրսում էլ են լսում և, երևի, ամենախայտառակ բնորոշումներն են տալիս այս խորհրդարանին և այս իշխանություններին։
Իշխանությունները չեն հասկանում իրենց պատասխանատվությունը։ Իրենք ամեն ինչ պետք է անեն՝ սանձելու նման դեպքերը, բայց հիմա երևի ստացել են հրահանգ, քանի որ ընտրություններն են մոտենում։ Երևի մրցանակ է սահմանվել նրա համար, ով ավելի հուժկու հայհոյանք կարտաբերի»։
Անդրադառնալով Արսեն Թորոսյանի հայտարարությանը՝ Արմեն Ռուստամյանն ասաց. թուրք բառն իրենց համար մեծ գովեստ էր, մինչև հիմա չէին նեղվում, որ իրենց թուրք էին ասում, հիմա ինչո՞ւ են նեղվում: Թող գնան իրար հետ ճշտեն:
Հարցին՝ Լևոն Քոչարյանը պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել՝ Ռուստամյանը պատասխանեց.«Երբ բոլորն իրենց հայհոյանքների համար պատասխան կտան, այդ ժամանակ՝ նոր։ Ես չեմ արդարացնում հայհոյանքը, բայց էլի եմ ասում՝ «քամի ցանողը, փոթորիկ է հնձում»։
Ըստ Արմեն Ռուստամյանի՝ իշխանությունները փաստարկված բանավեճի ունակ չեն։
«Իրենք հասկանում են, որ իրենց քաղաքական կուրսը ձախողվել է։ Այս մարդկանց գիծը բոլորովին ուրիշ տեղ տանող գիծ է։ Իրենք փորձում են թաքցնել, որ հայ ժողովրդին որպես զոհ փորձում են մատուցել ցեղասպանին։ Եվ սա քողարկելու համար ամեն ինչի պատրաստ են»,- ասաց նա։
Ռուստամյանը հույս հայտնեց, որ 2026 թվականին ժողովուրդը կարգին խորհրդարան կընտրի:
Մանրամասները՝ տեսանյութում