ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Նիկոլ Աղբալյան. Ազգային գործիչը

03 Հունիս 2025

(ծննդյան 150-ամյակի առթիվ)

Նիկոլ Աղբալյանը 20-րդ դ. առաջին կեսի այն նշանավոր հայերից է, որի գործունեությունը խոր հետք է թողել մեր ազգային կյանքի միանգամից մի քանի բնագավառներում: Նա.

1) Հ. Թումանյանի, Լ. Շանթի, Ա. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի և ժամա-նակի մյուս երևելիների հետ միասին հայ գրական կյանքի կազմակերպիչներից էր և այն բացառիկ գրաքննադատը, որ եղավ ոչ միայն հիշյալ գրողների երկերի առաջին արժևորողը, այլև ավելի երիտասարդների՝ Վ. Տերյանի, Ե. Չարենցի, Ս. Զորյանի գրական մեծ ապագան անվրեպ կանխատեսողը: Որպես գրական կյանքի կազմակերպիչ՝ Ն. Աղբալյանի մարդկային նկարագրի խոսուն արտահայտություն կարող է համարվել, օրինակ, այն, որ 1909-1913 թթ. ընթացքում Լ. Շանթի «Հին աստվածներ» դրամայի «գրադատական» երեկոների նախաձեռնողներից էր, որոնց միջոցով ոչ միայն գնահատվում և հանրայնացվում էր այդ նշանավոր թատերգությունը՝ ճանաչում բերելով իր հեղինակին, այլև վերջինիս համար ապահովում էր որոշակի նյութական հասույթ: Ի դեպ, Լ. Շանթը, որ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին գտնվում էր Կ. Պոլսում, իր իսկ վկայությամբ, արևմտահայ մյուս մտավորականների՝ Գ. Զոհրապ, Դ. Վարուժան, Սիամանթո, Ռ. Սևակ, Ռ. Զարդարյան, Խ. Ակնունի և ուրիշներ, ճակատագրից խուսափեց հենց «Հին աստվածների» համար Թիֆլիսից Պոլիս փոխանցված հոնորարի միջոցով .

2) Իր ժամանակի ազդեցիկ հայկական կուսակցության՝ ՀՅԴ-ի երկարամյա ղեկավար դեմքերից էր, որը ոչ միայն գործուն մասնակցություն ունեցավ հայ ազգային կյանքի բոլոր վճռորոշ հարցերի վերաբերյալ որոշումների կայաց-մանը, այլև այդ որոշումների կենսագործմանը.

3) Ազգային-պետական գործիչ էր, որի՝ որպես հանրային կրթության նախարարի անվան հետ են կապվում մեր պետականաշինության ամենից նշա-նավոր երևույթներից մեկի՝ Հայաստանի համալսարանի հիմնադրումը (1919 թ., մայիսի 16) և հանրակրթության համակարգի էական զարգացումը 1919-20 թթ. :

Ն. Աղբալյանը նաև «Համազգային հայ կրթական և մշակութային միության» հիմնադիրներից էր և այդ կրթօջախի երկու հիմնասյուներից մեկը՝ Լ. Շանթի հետ միասին: Մի կրթական հաստատություն, որը տասնամյակներ շարունակ եղել է և այսօր էլ է հայկական Սփյուռքի ամենից հեղինակավոր կրթօջախներից մեկը, որտեղից դուրս են եկել բազմաթիվ նշանավոր մտավորականներ, մասնավորապես գրողներ, գրաքննադատներ, խմբագիրներ, հանրային ակնառու գործիչներ, ինչպես Մ. Իշխանը, Ա. Ծառուկյանը, Գ. Բանյանը, Գ. Շահինյանը, Պ. Սնապյանը, Հ. Տասնապետյանը, Ե. Փամբուկյանը և ուրիշներ: Եթե Աղբալյան գրաքննադատի մասին ընդհանուր առմամբ կարելի է պատկերացում կազմել նրա համապատասխան աշխատություններն ուսումնասիրե-լով, իսկ պետական գործչի մասին այս կամ այն չափով խոսվում է տարբեր առիթներով, ապա Աղբալյան ազգային գործիչը նույնիսկ հայ մտավորականության մեծ մասի համար այսօր էլ հիմնականում մնում է անհայտ, որովհետև այդ ոլորտը քաղաքականացված (= կուսակցականացված) է: Մի բան, որը, մեր կարծիքով, անթույլատրելի է ոչ միայն Ն. Աղբալյանի, այլև իր ժամանակա-կիցներից շատերի դեպքում: Եվ դեռ հարց է, թե գործունեության վերոհիշյալ ասպարեզներից հատկապես որն է ավելի կարևոր Ն. Աղբալյան երևույթը գնահատելու առումով՝ գրաքննադա՞տը, պետակա՞ն գործիչը, թե՞ ազգային գործիչը: Կարծում ենք՝ մի բան կասկածից վեր է. առանց Աղբալյան ազգային գործչին ճանաչելու, նրա դիմագիծը ոչ միայն ամբողջական չի լինի, այլև հաճախ նրա խոսքն ու գործունեությունը դժվար ընկալելի կլինեն նաև մյուս ոլորտներում: Ճանաչել Աղբալյան ազգային գործչին, մեր կարծիքով, նույնն է, թե ճանաչել Աղբալյան մարդուն: Իհարկե, Ն. Աղբալյանի՝ որպես մտավորականի և ազգային-պետական գործչի դիմանկարը միաձույլ ամբողջություն է, հետևաբար լիարժեք է միայն նշված բոլոր կողմերի հանրագումարով: Իսկ Ն. Աղբալյան ազգային գործչի մասին մեր պատկերացումը ձևավորվում է ոչ միայն ժամանակակիցների վկայությունների միջոցով, այլև իր իսկ հրապարակային և գրավոր խոսքերի տողատակերից, որոնք, լինելով հեղինակի վկայություն-ներն ու գնահատականները իր ժամանակակիցների և տարբեր իրադարձությունների մասին, անուղղակիորեն դառնում են նաև վկայություններ իր մասին՝ որպես մարդու և ազգային գործչի, քանզի այդ տողատակերից ակնհայտ են դառնում այն սկզբունքներն ու չափորոշիչները, որոնցով ապրել և գործել է նրանց հեղինակը:

Իսկ որոնք են այն ցուցիչները, որոնց համադրությամբ կարող է ամբողջանալ Ն. Աղբալյան ազգային գործչի դիմանկարը: Մեր կարծիքով, այդ առումով կարևոր են հատկապես հետևյալ իրողությունները:

1. Լինելով գրչի մարդ՝ նա հաճախ գործուն կերպով ներգրավվում էր գրչից շատ հեռու աշխատանքներում: Մասնավորապես, Ն. Աղբալյանը Կամավորական խմբերի կարգա-դրիչ մարմնի անդամ էր՝ Ռոստոմի (Ս. Զորյան), Արմեն Գարոյի (Փաստրմաճյան), Հ. Արղությանի, Ա. Գյուլխանդանյանի, բժ. Հ. Զավրիևի (Զավրյան) և Ս. Վրացյանի հետ միասին: Նշվածներից, ըստ էության, գրչի մարդ էր միայն Ս. Վրացյանը : Կարգադրիչ մարմինը (գործել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1914-1917 թթ.) զբաղվել է հայ կամավորական խմբերի կազմավորման, դրանց զինման, հանդերձավորման և պարենամթերքի մատակարարման հարցերով, բնականաբար՝ նշված խնդիրների հետ կապված հարաբերություններ պահպանելով սկզբում՝ ցարական իշխանությունների, ապա՝ Ժամանակավոր կառավարության ներկայացուցիչների հետ: Այդ տարիներին Ն. Աղբալյանը հաճախ մեկնել է նաև պատերազմական գործողու-թյունների շրջան և հանդիպումներ ունեցել կամավորական խմբերի հրամանատարների և զինվորների հետ:

2. Առաջին հանրապետության շրջանում՝ 1919-20 թթ., Ն. Աղբալյանը Հայաստանի Խորհրդարանի զինվորական հանձնաժողովի նախագահ Ռ. Տեր-Մինասյանի (1920-ի մայիս – նոյեմբեր՝ Բյուրո-կառավարության զինվորական նախարար) հետ միասին ծրագրել է հայ կամավորականների խմբերի միջոցով հանրապետության տարածքը, մասնավորապես՝ Երևանի շրջակայքը և մոտ գավառները թուրքական «տարրից» մաքրելու աշխա-տանքները: Այդ աշխատանքների առաջին փուլը տեղի ունեցավ դեռևս 1918-ի սկզբներին՝ Մայիսյան հերոսամարտերի նախօրյակին, Արամ Մանուկյանի և Դրոյի
գլխավորությամբ: Ս. Վրացյանի վկայությամբ այդ օրերին Ն. Աղբալյանը, որ դեռևս գտնվում էր Թիֆլիսում, քարտեզի վրա ուսումնասիրելով Հայաստանում հայկական և թուրքական բնակավայրերի տեղաբաշխվածությունը, հայ և մահմեդական (իմա՝ թուրք) բնակչության թվային հարաբե-րակցությունը, թերևս առաջինը հասկացավ, որ առկա վիճակը հայ ժողովրդին իր բնօրրանում ապրելու ոչ մի հեռանկար չի տալիս: «Այդ օրերին Աղբալեանի բոլոր ճառերը Ազգային Խորհրդում վերջանում էին մէկ հանկերգով. «Հայաստանը պէտք է հայացնել»: Հայաստանի հայացման գործի տեսաբանն էր նա:

Տարբեր պատճառներով Արամի և Դրոյի սկսած գործը չհասավ իր տրամաբանական ավարտին: Այդ գործի անավարտ մնալու հիմնական պատճառը, թերևս, հենց Հայաստանի Հանրապետության հռչակումն էր, որը, մի կողմից, թուրքական տարրին մղեց առժա-մանակ ավելի զուսպ կեցվածք ընդունելու, իսկ մյուս կողմից՝ նորաստեղծ հանրապետության իշխանությունների գործունեությունը գտնվում էր Անտանտի դաշնակից երկրների, մասնավորապես՝ Անգլիայի խոշորացույցի տակ, իսկ նրանք, մեղմ ասած, չէին խրա-խուսում մահմեդական բնակչության նկատմամբ ուժի կիրառումը: Ոչ պակաս նշանակություն ունեցավ նաև այն, որ Հայաստանի իշխանություններն իրենք էլ փորձում էին թուրք բնակչության պարագլուխների հետ շփումների միջոցով վերջիններին հասկացնել համատեղ խաղաղ ապրելու առավելությունը, որը, սակայն, ցանկալի արդյունք չտվեց:

Այսօր կարող է դժվար ընկալելի լինել, որ Առաջին հանրապետության տարիներին ուժի կիրառումով թուրք բնակչության տեղահանությունը մենք համարում ենք ոչ միայն դրական երևույթ, այլև դրանց կազմակերպիչների և իրագործողների կենսագրության շատ կարևոր բաղկացուցիչը, սակայն այդ իրո-ղություններն իրենց ժամանակի մեջ գնահատելու դեպքում, կարծում ենք, նման հարցեր չեն առաջանա: Իսկ նշված ժամանակաշրջանի նույնիսկ թռուցիկ ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում հետևյալը.

1) հայկական բոլոր բնակավայրերը, այդ թվում Երևանը, շրջապատված էին թուրքական բնակավայրերով, հետևաբար հայ-կական բնակավայրերի միջև հաղորդակցության ուղիները գտնվում էին նրանց վերահսկողության տակ .

2) Արևելյան Հայաստանի ողջ տարածքում թուրք և ադրբեջանցի էմիսարների դրդումով թուրքա-կան տարրը, որը քանակով առանձնապես չէր զիջում հայ ազգա-բնակչությանը (ըստ 1917-ի վիճակագրության՝ Երևանի նահանգում կար 669 871 հայ և 410 149 մահմեդական (իմա՝ թուրք և «Կովկասի թաթար» ), իսկ Կարսի և Ղազախի հետ միասին՝ 854 041 հայ և 577 953 մահմեդական) , պարբերաբար կազմակերպված կերպով ապստամբում էր հայկական իշխանությունների դեմ, կտրում հաղորդակցության ուղիները, սպանում և թալանում հայ ազգա-բնակչությանը՝ այդպիսով ձգտելով խոչընդոտել հայկական ղեկավարության կողմից գործադրվող՝ ռազմաճակատին օժանդա-կելու ջանքերին՝ մինչև Մայիսյան հերոսամարտերը, իսկ ՀՀ հռչակումից հետո՝ արգելակել հայկական պետականության կայացումը Հայկական լեռնաշխարհի թեկուզև մի փոքր մասի վրա՝ ձգտելով «Հայաստանը պայթեցնելու ներսից» : Այս իրողության ակն-առու օրինակ էր հատկապես Բեոյյուք-Վեդիի թրքության ապստամբությունը, որը լուրջ գլխացավանք էր դարձել հանրապետության իշխանությունների համար: Բանը հասել էր այնտեղ, որ Հայաստանի տարածքում ստեղծվել էր երկու ինքնահռչակ մահմեդական «հանրապետություն»՝ ««Արեւմտեան Կովկասի Հանրապետութիւնը»՝ Կարսի «շուրայով» և Արեւելեան Կովկասի կամ «Արաքսեան Հանրապետութիւնը», որի մեջ մտնում էին Սուրմալուն, Զանգի եւ Վեդի բասարները, Միլին, Շարուրն ու Նախիջեւանը՝ Նախիջեւան կենտրոնով», որոնք ունեին իրենց սեփական բանակները՝ զինված թուրքական զենք-զինամթերքով և չէին ճանաչում ՀՀ իշխանությունների գերակայությունը : Նպատակը մեկն էր՝ ավարտին հասցնել հայության բնաջնջումը և վերացնել վերջին խոչընդոտը Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին:

Այս պայմաններում հայ ժողովուրդն իր պատմական հայրենիքի մի փոքր մասի վրա պետականություն կերտելու համար հարկադրված էր դիմելու ծայրահեղ քայլերի, այլապես անդառնալիորեն կկորցներ վերջին հնարավորությունը: Եվ ահա, ի թիվս զենքի մարդկանց, որոնց անցած ճանապարհը նրանց արդեն իսկ կոփել էր նմանօրինակ գործերում, կենսականորեն կարևոր այդ գործում իր ներդրումն ունեցավ նաև գրչի մարդ Ն. Աղբալյանը՝ որպես «տեսաբան»: Պահը ճակատագրականորեն հրամայական էր հայ ժողովրդի համար, և եթե օրվա պատասխանատուները չդրսևորեին ճիշտ ժամանակին և բավարար վճռականությամբ գործելու կամք, հայ ժողովրդի արյունարբու թշնամիները նրա ոտքերի տակից տանելու էին իր պատմական հայրենիքի նաև այս փոքրիկ հողակտորը, և ինքը դառնար այլևս աշխարհացրիվ մի թափառախումբ: Եվ օրվա պատասխանատուները, նախ՝ Արամը և Դրոն, ապա Ռուբեն Տեր-Մինասյանը և Ն. Աղբալյանը դրսևորեցին այդ վճռականությունը:

3. Ազգի զինվորագրյալին, այդ թվում՝ բարձր պատասխանատվություն ստանձնած գործչին ներկայացվող պահանջների աղբալյանական նշաձողը շատ բարձր էր: Իհարկե, Ն. Աղբալյանն այդ բարձր չափանիշները սահմանում է իր և իր կուսակից ընկերների համար՝ որպես զինվորագրյալների առաջատար ջոկատի ներկայացուցիչների: Վերջիններից նա պահանջում էր անսակարկ և անմնացորդ նվիրում Ազգային գործին: Այդ իմաստով նրա պատկերացումների արտահայտությունն էր «Մտածումներ Հ. Յ. Դաշնակցության մասին» երկասիրությունը, որը Ն. Հանգույց ստորագրությամբ նախ՝ հատվածաբար լույս տեսավ «Դրօշակի» էջերում, ապա առանձին գրքույկով : Հեղինակն այս աշխատանքում իրերի և երևույթների խորքը թափացելու իրեն բնորոշ սուր դիտողականությամբ ու պատկերավոր լեզվամտածողությամբ ընթերցողի համար բացահայտում է ՀՅ Դաշնակցության էությունը և ուրվագծում է տիպար դաշնակցականի իր տեսլականը՝ հիմք ըն-դունելով ՀՅԴ Կանոնագրի մի քանի դրույթ:

Այն Կանոնագրի, որի մշակման գործում մեծ էր նաև իր մասնակցությունը: Հիրավի, նշաձողը շատ բարձր է սահմանված նույնիսկ այնպիսի դաշնակցա-կանների դեպքում, որոնց գործը հանուն հայրենիքի և հայ ժողովրդի զոհաբերության խորհրդանիշ է եղել թե՛ ժամանակակիցների և թե՛ սերունդների համար: Այդ պահանջներին ծանոթացող անգամ շատ անվանի դաշնակցականներ, որոնց անունները լուսավորում են ոչ միայն ՀՅԴ 135-ամյա ուղին, այլև զարդարում են հայ ժողովրդի ավելի քան հինգհազարամյա պատմության հերոսական էջերը, պիտի երկմտեին՝ արդյո՞ք իրենց անցած ճանապարհը կարող է քննություն բռնել աղբալյանական չափանիշներով:

Դժվար է հիշյալ աշխատությունից առանձնացնել մի միտք, որը կարելի կլինի համարել ամենից բնութագրականը տիպար դաշնակցականի աղբալյանական ընկալման համար, որովհետև «Մտածումներում» հավասարապես արժեքավոր են բոլոր մտքերը: Բայցևայնպես, որպեսզի մեր խոսքը մերկապարանոց չհնչի, անենք մի քանի քաղվածք. ««Դաշնակցականը» պարտաւոր է զոհաբերել, որ հայ ժողովուրդը ապրել կարենայ: Նա ուխտած է դուլ ու դադար չունենալ, «ամէն ջաք թափել», մինչեւ հայ ժողովուրդը ազատուի իր ստորադաս եւ ստրուկ վիճակից» : Կամ՝ «…. «Դաշնակցականն» այսպիսով իր իսկ անձի մէջ վերակազմում է նոր հայութեան տիպարը, բորբոքելով ժառանգական արութեան կայծերը, որ մնացած են անթեղուած եւ յարաճուն խիզախութեամբ խարանելով ու սպիացնելով ժառանգական ստրկա-մտութեան վէրքերը: …. Այս յեղաշրջման ճամբին «դաշնակցականը» կորցնում է շատ անձնական շահեր եւ խիզախում է շատ թանկագին կապեր, բայց նրա աչքին չեն երեւում այդ կորուստները, որովհետեւ մի կողմից խթանում է Կանոնագրի պահանջը՝ «ամէն ջանք թափել», որին նա յանձնառու է դարձած, միւս կողմից կշտամբում կամ քա-ջալերում է նահատակ ընկերների թանկագին յիշատակը, որ հսկում է անմար. ընկերներ, որ ոչ մէկ բանով պակաս էին նրանից, եւ յաճախ շատ բանով առաւել, եւ որոնք, սակայն, մեռան պայքարի ճամբին, կուսակցութեան դրօշը թողնելով իրան» : Կրկին. «….

Ամէն մի «դաշնակցական» կոչուած է Սասունցի Դաւթի նման «թուր կայծակին» շարժելու Մսրայ Մելիքի» դէմ. նա պարտաւոր է հոգալ թէ իր բազկի զօրութեան մասին՝ բարոյական տիպարը մշակելով իր մէջ եւ թէ կայծակէ թուրի զօրութեան մասին՝ «ամէն ջանք թափելով», որ նա չգուլանայ եւ չժանգոտի անտեղի եւ անվայել գործերի մէջ, այլ միշտ սրբած ու պատրաստ՝ ասպետական անշահախնդիր ձեռքի մէջ, օրհասական պայքարների օրերին՝ իջնի թափով ու զարկէ սարսափով …» : Անաչառ լինելու դեպքում պիտի ասել, որ իրականում Ն. Աղբալյանը ոչ այնքան այդպիսի բարձր չափանիշների սահմանողն էր, որքան դաշնակցականի հավաքական կերպարից դրանք բյուրեղացնողը՝ որպես ուղենիշ սերունդների համար: Ի դեմս «Մտածումներում» քայլ առ քայլ ուրվագծվող տիպար դաշնակցականի, կտեսնենք և՛ ՀՅԴ հիմնադիր երրորդությանը` Քրիստափոր, Զավարյան, Ռոստոմ, և՛ նրանց ոչ պակաս արժա-նավոր ընկերներին, և՛ հաջորդ սերունդների նվիրյալներից շա-տերին, որոնց անհոգնել տքնության, զրկանքների ու զոհաբերության գնով սկիզբ առած հայ ազատագրական պայքարը գնալով ծավալվեց, երբեք կանգ չառավ՝ հասցնելով անկախ պետականության ստեղծ-ման հանգրվանին 1918-ին, շարունակվեց Սփյուռքում, շարու-նակվում է մինչև օրս և այսուհետ էլ պիտի շարունակվի՝ «հարատեւ կռուի» կարգախոսով, քանի դեռ որևէ տեղ ոտնահարված են հայի ազգային իրավունքները: Ն. Աղբալյանի ուրվագծած տիպար դաշ-նակցականը, սակայն, չի նույնանում հայտնի անուններից և ոչ մեկի հետ, որովհետև, ի վերջո, նրանք էլ մարդիկ էին՝ իրենց երկրային թերություններով ու թուլություններով:

Ծնունդով լինելով մահկանացու՝ նրանցից շատերն անմահացան իրենց երկրային գործունեությամբ, որովհետև ողջ գիտակցական կյանքն ապրեցին ու գործեցին ըստ «Մտածումներում» ուրվագծված չափորոշիչների: Ընդ որում՝ նաև այն ժամանակ և հատկապե՛ս այն ժամանակ, երբ տիպար դաշնակցականի բանաձևումները դեռևս չկային, երբ նվիրյալների ամենօրյա անձնական վարքով էին ուրվագծվում այդ բանաձևերի դրույթները: Նրանցից ոմանք նույնիսկ ուղղորդեցին պատմության անիվը, որքանով դա հնարավոր էր մի փոքրաթիվ և պետականազուրկ ժողովրդի ներկայացուցչի համար: Դեռևս 19-20-րդ դդ. սահմանագծին այդ սկզբունքը բանաձևել էր ՀՅԴ հիմնադիր առաջնորդը՝ Քրիստափոր Միքայելյանը, երբ իր կուսակից համախոհների հետ միասին անձև քաոսից շունչ ու կերպարանք էր տալիս հայ ժողովրդի ապագա առաջնորդող հեղափոխական ուժին՝ Հ. Յ. Դաշնակցությանը. «Պատռել է հարկավոր քարտեզների վրա այս կամ այն ավազակապետի կամքով գծված սահմանները, ջնջել է հարկավոր այն աշխարհագրական ներկերը, որոնք մեզ բաժանում են իրարից և որոնք առհասարակ մշտական չեն, իսկ երբեմն շատ կարճատև են լինում: Ո՛չ մի բռնություն, ո՛չ մի հալածանք, ո՛չ մի սահման չի կարող բաժանել մի ժողովուրդ, եթե նա, տոգորված ընդհանուր շահերի գիտակցությամբ, ունի նաև կռվելու անսասան վճռողականություն և կապված, միացած է դարերով սնված ու պահպանված ընդհանուր բնազդների ու զգացմունքների առողջ
զարկերով»:

Հայացք նետելով Ն. Աղբալյանի անցած ճանապարհին՝ կարող ենք ասել, որ այդպիսի բացառիկ նվիրյալներից մեկն անպայմանորեն ինքն էր՝ «Մտածումների» նշանավոր, բայց և համեստ հեղինակը: Այդպես դատելու հիմք են տալիս ոչ միայն նրա գործունեության մասին ժամանակակիցների վկայությունները , այլև այն, որ հակառակ դեպքում պարզապես բարոյական չէր լինի անգամ այդ թեմային անդրադարձը մեկի կողմից, որի կյանքն ու գործը «Մտածումներում» արտացոլված արժեքների վկայումը չէին: Կարծում ենք՝ երկրորդական չէ այն իրողությունը, որ Ն. Աղբալյանը, մեր կարծիքով, «չի համարձակվել» «Մտածումներ … »-ն ընթերցողին առաջարկել իր անուն-ազգանունով. լինելով Մեծ Ուսուցիչ՝ այս բառի ընդգրկուն իմաստով, բայց և ծայր աստիճան համեստ ու խստապահանջ իր անձի նկատմամբ, նա իրավունք չի վերապահել իրեն հանդես գալու դաշնակցականության դասեր տվողի դերում, երբ իր կողքին ապրում և գործում էին իրենից ոչ պակաս նվիրյալները: Այդ գրքույկն էլ գրել է՝ տեղի տալով Ս. Վրացյանի կրկնվող խնդրանքներին :

4. 1918-ի մայիսի 26-ին Անդրկովկասյան Սեյմի (իմա՝ Անդրկովկասյան Հանրապետության) լուծարումով բարդ իրավիճակ առաջացավ հայության համար. նա դեմ դիմաց միայնակ էր մնում իր ոխերիմ թշնամու՝ թուրքի հետ, չնայած որ Սեյմի գոյության ընթաց-քում ռազմաճակատի ամբողջ ծանրությունը դարձյալ հայ ժողովրդի ուսերին էր` նրա ղեկավար ուժի՝ ՀՅԴ-ի առաջնորդությամբ: Այդ ծանր պահին, երբ պետք էր դիրքորոշվել ապագայի հարցում, ոչ բոլոր ղեկավար գործիչներն էին կարողանում վճռական կարծիք հայտնել, որովհետև իրավիճակը թվում էր փակուղային:
Ն. Աղբալյանն այն գործիչների թվում էր, որոնք, վերլուծելով ստեղծված կացությունը, շատ արագ կողմնորոշվեցին հօգուտ անկախության հռչակման՝ գիտակցելով, որ, չնայած սպասվելիք դժվարություններին, հայ ժողովուրդը պարզապես այլ ելք չունի. «Բայց, պարոններ, …. մի՛ մոռացէք, որ հայոց ժողովուրդը անհաշիւ սերունդներով անկախութիւն է երազել: Նա չի ակնկալել, որ անկա-խութիւնը անպատճառ ծափ ու ծիծաղով պիտի գայ: Նա պայքարել ու երազել է: Եվ ահա անկախութիւնը գալիս է: Գալիս է գուցէ անժամանակ, գուցէ մենք դեռ պատրաստ չենք նրան արժանավայել կերպով ընդունելու, բայց գալիս է: …. »,- հիշում է Ս. Վրացյանը :

Անկախության հռչակումը ոչ միայն անխուսափելի էր, այլև վտանգավոր էր հապաղելը, որովհետև երկու հարևանները՝ վրացիներն ու Կովկասի թաթարները (= ադրբեջանցիները) արդեն հռչակել էին իրենց անկախությունը: Ուշացնելու, էլ չենք ասում՝ անկախություն չհռչակելու դեպքում հետևանքը կլիներ հայրենիքի կորուստը, որովհետև այդ պարագայում մեր երկու հարևանները կհավակնեին տեր դառնալ նաև հայկական գավառներին: Այդպիսի հավակնություններ երկուսն էլ ունեին և դրսևորեցին ՀՀ առաջին իսկ ամիսներից սկսած: Ն. Աղբալյանի դերը մեծ էր քննարկման մասնակիցներին հօգուտ անկախ պետականության կողմնորոշելու հարցում :

Ավելին, Ն. Աղբալյանը գործուն մասնակցություն է ունեցել նաև անկախության մասին «Յայտարարութեան» տեքստի պատրաստմանը. նա անկախության հայտարարության տեքստը կազմող հանձնախմբի անդամ էր` Ա. Ահարոնյանի, Հ. Քաջազնունու և Ա. Խատիսյանի հետ միասին : Ըստ անկախության մասին «Յայտարարութեան»՝ «Հայոց Ազգային Խորհուրդը իրեն յայտարա-րում է հայկական գաւառների գերագոյն եւ միակ իշխանութիւն» : Չնայած մի կողմից՝ պահի գերզգայունությանը, որը կարող էր նաև սխալվելու դուռ բացել, իսկ մյուս կողմից՝ վիթխարի պատասխանատվությանը, որ ինքնաբերաբար ստանձնում էին անկախություն հռչակելու կողմնակիցները (ինչու ոչ, քննարկման բոլոր մասնակիցները, անկախ իրենց դիրքորոշումներից), պիտի ասել, որ խորհրդաժողովը հրապարակեց խիստ հավասարակշռված հայտարարություն :

Անկախության հռչակումը վերոհիշյալ ձևակերպումով «Յայտարարության» տեքստի հեղինակների քաղաքական իմաստնության աներկբա վկայություն է, որովհետև այդ պահին ապագա պետության որոշակի սահմաններ նշելը, երբ պատմական հանգամանքների բերումով դարեր ի վեր Հայաստանի սահմանները ջնջվել ու ձևախեղվել էին, հայության կր-կնվող արտագաղթերի և նվաճողների բռնազավթումների հետևանքով դրանք գորդյան հանգույցի պես խճճված էին,- առնվազն նշանակում էր՝

1) ի սկզբանե նորաստեղծ պետության նկատմամբ թշնամաբար տրամադրել երկու հարևաններին, որոնց հետ կային սահմանային վեճեր,

2) Հայաստանի ապագա իշխանություններին կաշկանդել պետության սահմանները, ըստ հնարավորին, ճշգրտելու հարցում: Այս տեսակետն ընդունելու դեպքում պիտի ընդունենք նաև, որ օրվա իմաստուն ազգային գործիչների թվում էր Ն. Աղբալյանը, որքան էլ որ նա «իր էութեամբ քաղաքական մարդ չէր» :

5. Ն. Աղբալյանն օժտված էր հանրային գործչի համար շատ կարևոր ունակությամբ՝ հռետորական տաղանդով : Երևույթներն ու փաստերը կուռ տրամաբանությամբ համակցելու և պատկերավոր լեզվամտածողությամբ դրանք շարադրելու ձիրքը նրա բանավոր խոսքը դարձնում էին տպավորիչ և ազդեցիկ: Այդ խոսքը հաճախ է հնչել մեր ազգային կյանքի շրջադարձային պահերին և իր արժանավոր ժամանակակիցների կյանքն ու գործը գնահատելու առիթներով: Նրա խոսքի ուժը մենք արդեն տեսանք անկախության «Յայտարարության» առնչությամբ: Այժմ մեկ այլ օրինակ. 1919 թ. փետրվարի 1-ին հայ ժողովուրդը վերջին հրաժեշտն էր տալիս իր մեծ զավակներից մեկին՝ Արամ Մանուկյանին , որը հետո պիտի հռչակվեր Առաջին Հանրապետության հիմնադիր : Օրվա բանախոսների թվում էր նաև Ն. Աղբալյանը: Ըստ Ա. Աստվածատրյանի՝ «Դաշնակցութեան Տան առջեւ դամբանականներ խօսուեցին: Հոյակապ էր ու անմոռանալի մանաւանդ Նիկոլ Աղբալեանի խօսքը (շեղը իմն է՝ Վ.Պ.)» :

6. Շրջադարձային պահերին դրսևորելով արագ կողմնորոշվելու ունակություն և անզիջում կեցվածք իր տեսակետները պաշտպանելիս ` Ն. Աղբալյանը, այնուամենայնիվ, չէր առաջնորդվում այսրոպեական թելադրանքներով: Լինելով Դաշնակցության գաղափարախոսության հետևողական կրողն ու զարգացնողը, նա, այնուամենայնիվ, կուսակցական գործիչ չէր այդ բառի նեղ իմաստով, այլ` լայնախոհ ազգային գործիչ, որն ունակ էր կանխատեսելու վաղվա օրը և իրերն ու երևույթները գնահատելու այդ հեռանկարով: Նրա այդ հատկությունը դրսևորվել է ինչպես կու-սակից ընկերների, այնպես էլ նույնիսկ կուսակցական-քաղաքական այլ դավանանքի կրողների առնչությամբ: Այսպես.

Ա) Հայտնի է, որ 1917-ից սկսած՝ զորավար Անդրանիկը անհաշտ էր ՀՅԴ ղեկավարության հետ : Այդ հանգամանքը, ի վերջո, հանգուցալուծվեց Դաշնակցությունից Անդրանիկի հեռանալով, որից հետո թեպետև նրա նկատմամբ Դաշնակցության մեջ ձևավորվեց սառնության որոշ մթնոլորտ, բայցևայնպես դա չբերեց նրան, որ Դաշնակցությունը վերատեսության ենթարկեր Անդրանիկի գործը կամ ուրանար նրա ծառայությունը Ազգային Դատին: Ասվածի վկայությունները կարող են համարվել տարբեր առիթներով ՀՅԴ հեղինակավոր գործիչների, այդ թվում՝ Ն. Աղբալյանի, բարձր գնահատականները Անդրանիկի մասին: 1927-ի օգոստոսի վերջին վախճանվեց զորավար Անդրանիկը: Եգիպտահայ գաղթօջախում ազգային հերոսի հիշատակի միջոցառման բանախոսն էր Ն. Աղբալյանը: Անշուշտ, նրա ճառը լեգենդար հայդուկապետին ըստ արժանվույն տրված տուրք էր, բայց մեզ համար այդ խոսքից կարևոր է հատկապես երկու երևույթ. Ն. Աղբալյանը`

1) մեծարանքի իր խոսքում չի խուսափում ենթատեքստով ակնարկել նաև Անդրանիկի խոցելի կողմերի մասին (հմմտ. «Նա գիտէր իր արժէքը, բայց նրա մեծութիւնը որոշում էր քծնողի եւ հիացողի չափերով, ուստի ծանր էին գալիս նրան իր ճշմարիտ բարեկամները: Բայց քծնողին արհա-մարհում էր, հիացողին հեգնում, իսկ ճշմարիտ բարեկամներից ակնածում»),

2) վստահորեն կանխատեսում է Անդրանիկի գործի, հետևաբար նաև անվան անմահությունը հայոց պատմության մեջ (հմմտ. «Այն ամենը որ մնայուն է նրա մէջ եւ արժանի յիշատա-կութեան՝ նրանով մենք նրա համար պարտական ենք ազնուական հայ ցեղին, իրան (շեղը իմն է՝ Վ.Պ.) եւ Դաշնակցութեան, իսկ այն ամենը, որ դատապարտուած է մոռացման՝ արդիւնք է աննպաստ պայմանների եւ խորթ ազդեցութեան: Նրա անունը միշտ կը շողայ հայ պատմութեան մէջ, եւ վաղն աւելի քան այսօր» (շեղը իմն է՝ Վ.Պ.)) : Աղբալյան ազգային գործչի մասին բավականաչափ պատկերացում ունեցողը չի կարող չնկատել, որ նա Անդրանիկին վայել գնահատանքի խոսք հնչեցնելով հանդերձ, անգամ այդ զգայուն պահին, երբ ողջ հայությունը համակված էր ազգային հերոսի մահվան վշտով, հավատարիմ մնալով իր ուղղամիտ էությանը, ակնարկում է նաև նրա որոշ թերությունների մասին : Սակայն դա Աղբալյանն անում է այնքան նրբորեն, կարծես՝ ոչ թե բուն տեքստում, այլ միջտողային բացատներում, որոնք կարող է նկատել միայն հմուտ ընթերցողը, բայցև որոնք ամենևին չեն ստվերում ազգային հերոսի մասին ընթերցողի բարձր տպավորությունը:

Բ) Խստապահանջ լինելով իր և կուսակից ընկերների հանդեպ ազգի և հայրենիքի առջև իրենց պարտքի կատարման առումով՝ Ն. Աղբալյանը, սակայն, ուներ մի թուլություն. դա տաղանդավոր հայ մտավորականն էր: Այն, ինչն աններելի էր սովորական մահկանա-ցուին, ըստ Աղբալյանի, ներելի էր, օրինակ, տաղանդավոր գրողին: 1915-ին՝ բոլշևիկների շարքերը համալրած և զինվորական ծառայությունից խուսափող Վ. Տերյանի մասին նա բավարարվեց` միայն ասելով. «Տեսնո՜ւմ ես, չի ուզում էշ նահատակ լինել … Մարդը չի ուզում էշ նահատակ լինել … Հայրապետներն ու Կարապետները կարող են էշ նահատակ լինել, իսկ ինքը վերի արտի ցորենն է» : 1920-ին Աղբալյանը Չարենցին աշխատանքի ընդունեց կրթության նախարարությունում չհամալրված միակ՝ «անձնական քարտուղարի» հաստիքի վրա (այլապես նա մտադիր էլ չէր այդ հաստիքը համալրել), որպեսզի խոստումնալից բանաստեղծը պետական «թոշակ» ստանա և ստեղծագործի, սովից չմեռնի, իսկ նույն Չարենցը «երազում էր թէ երբ որ Հայաստան գան բոլշեւիկները, ինքը իր ձեռքով կախաղան բարձրացնէ «դաշնակ մինիստր Աղբալեանին»» : Այն Աղբալյանին, որը «սարսելով դահլիճն ու ֆօյէն – // աւետեց ամբողջ աշխարքին, // որ ծնւել է – մեծ մի պօէտ …»՝ ի դեմս Ե. Չարենցի : Իհարկե, ավելի ուշ Չարենցը գիտակցել է իր սխալը: Այդ մասին են վկայում ընդամենը երկու-երեք տարի անց Ն. Աղբալյանին նվիրած գրքերի վրա նրա արած ընծայագրերը (հմմտ. «Սիրելի Նիկոլ Աղբալյան, ընդունեք իմ գրքերը որպես հարգանքի և համակրանքի նշան: 28.1. [1]923, Երևան», «Սիրելի Նիկոլ Աղբալյանին, իմ առաջին ուսուցչին, որին ես երբեք չեմ մոռանա և երբեք չեմ դադարի հարգել» և այլն) , սակայն, ըստ Ս. Վրացյանի, «Նիկոլը չհաւատաց Չարենցի անկեղծութեան ու
չներեց … »:

7. Ն. Աղբալյանն ամբողջ կյանքում ապրել է պարզ ու համեստ կենցաղով, եթե չասենք՝ աղքատության մեջ: Մշտապես տարված լինելով ազգային-կուսակցական գործերով՝ նա կարծես չի էլ նկատել նյութական դժվարությունները՝ ակամա նույն կենսակերպին ենթար-կելով նաև իր ընտանիքը : Այդ կենսակերպը նրան վարժեցրել է ծայրահեղ խնայողականության նույնիսկ այն դեպքերում, երբ կարող էր իրեն ավելի ազատություն տալ: Ոմանք այս երևույթի մեջ փորձել են տեսնել նաև ժլատության տարրեր, մեր կարծիքով, սակայն, դա այդպես չէ: Ն. Աղբալյանը չէր կարող իրեն «շռայլություն» թույլ տալ, երբ ընտանիքը Երևանում դժվարության մեջ էր և շուրջը օրվա գոյության պայքար էին մղում իր բախտակից տարագիրները: Բացի այդ, նա միշտ աչքի է ընկել անանձնական կենսակերպով. նրա ողջ կյանքն ազգին անմնացորդ ծառայելու բացառիկ օրինակ էր: Մի պահանջ, որ, ինչպես տեսանք, ինքը ներկայացնում էր տիպար դաշնակցականին: Ժլատ թվացող Աղբալյանը, ժողովրդական լեզվով ասած, կտրելով իրենից և իր ընտանիքից՝ խնայած միջոցները տալիս էր ազգին. նա տարիների ընթացքում քիչ-քիչ խնայած դրամով «սեփական տուն մը կշինէ Շթորայի մէջ եւ իր շինածը ազգին կը նուիրէ, ձեռքի մէկ շարժումով» : Սա թերևս, բացառիկ իրողություն էր իր նման սուղ միջոցներով ապրող մտավորականի դեպքում:

Մեկ այլ օրինակ ևս: 1920-ականների վերջերից Ն. Աղբալյանը հայերենագիտական հոդվածներով թղթակցում է Վիեննայի Մխիթարյանների «Հանդես ամսօրյա»-ին: Այդ գիտական հրապարակումների համար ոչ միայն Մխիթարյանները նրան հոնորար չեն տվել, այլև ինքը կանոնավոր կերպով բաժանորդագրվել է հանդեսին, որպեսզի այն չդադարի լույս տեսնել, որովհետև, ըստ Աղբալյանի, դա «մէկ թերթ է, որի ընթերցողները միայն իր աշխատակիցներն են: Եթէ մենք ալ չվճարենք, թերթը էլ լոյս աշխարհ չի գար … » :

Ն. Աղբալյանը ոչ միայն տիպար դաշնակցական էր, այլև տիպար մտավորական էր, որն իրեն բաժին ընկած խաչը պատվով է կրել բոլոր իրավիճակներում: Հանուն իր ժողովրդի և հայրենիքի նա զոհաբերել է ամեն ինչ, որ ուներ երկրային կյանքում, նույնիսկ ըն-տանիքը և փոխարենը չի ակնկալել ոչինչ: Նա այն մտավորականներից էր, որոնց խոսքն ու գործը երբեք չեն հակասել միմյանց և այն բացառիկ ազգային գործիչներից, որոնց կյանքն ու գործը պիտի ուղենիշ լինեն առաջնորդության հավակնություններ ունեցողների համար:

Վարդան Պետրոսյան

Դրօշակ թիվ 5, 2025-թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նորագիրներուն ուղղուած ՀՅԴ Բիւրոյի անդ

Մայիս 31, 2025 — ՀՅԴ Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի ամբողջական խօսքը Օրէ

06 Հունիս 2025
2018 թվականից հետո բնակչության շուրջ 4

Ստորև բերված պաշտոնական վիճակագրությունը վերաբերում է ՀՀ բնակչության շուրջ 40

05 Հունիս 2025
Արեւմտեան Ամերիկայի մէջ նշուեցաւ Հայա

2025 թուականի Մայիսի 31-ին, Շաբաթ օր, հարաւային Արեւմտեան Միացեալ Նահանգներու

05 Հունիս 2025
Զրո պատասխանատվություն, 100 տոկոսանոց

«2024 թվականի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր թիվը՝

05 Հունիս 2025
Քաղաքացիական լիրբ եւ անբարոյ պայմանագի

Հանելուկ չէ մեր վերնագիրը։ Յստակ է, որ մեղադրուողը, ամբաստանուողն ու բուռն կեր

05 Հունիս 2025
Հայաստանում հիմա գծվում է ջրբաժան

Չի կարող Փաշիզադեի և Փաշինյանի հարձակումները ու թիրախավորումը Մայր աթոռի նկատմ

04 Հունիս 2025
Կարգը Հասաւ Եկեղեցիին

Նիկոլ Փաշինեանի «Իրական Հայաստանը» միայն 29743 քառ. քմ տարածութեամբ սահմանափակ

04 Հունիս 2025
ՀՅԴ երիտասարդական եւ պատանեկան շարքերո

Հարցազրոյց ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Խորէն Տիմիթեանի հետ

04 Հունիս 2025
Փաշինյանն ու իր կենակիցը օգտագործում ե

Վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախակի դրսևորում է անկայուն վարքագ

03 Հունիս 2025
Նորմալ երկրում դատախազությունը կմիջամտ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անըն

03 Հունիս 2025
Նիկոլ Աղբալյան. Ազգային գործիչը

(ծննդյան 150-ամյակի առթիվ) Նիկոլ Աղբալյանը 20-րդ դ. առաջին կեսի այն նշանավոր

03 Հունիս 2025
Նիկոլ Աղբալյանի հրապարակագրությունը 1

Հրապարակագրությունն անվանի գրականագետ, գրաքննադատ, հանրային, քաղաքական և պետակ

03 Հունիս 2025
ՀՕՄ-ը եւ Կանադայի հայ համայնքը արցախցի

ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության և ՀՅ Դաշնակցության Կանադայի կենտրոնական կոմիտեի կ

03 Հունիս 2025
Ադրբեջանում արդարադատության խոչընդոտմա

Ապացույցների կեղծումը, հետաքննությունների մանիպուլացումը և արդարադատության խոչ

03 Հունիս 2025
Հալէպահայութիւնը համախումբ շարքերով տօ

ՆԵՐՍԷՍ ՊԱՐՍՈՒՄԵԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅԱՂԹԱՐՇԱՒԸ ԿԸ ՍԿՍԻ ՀՈՆ, ՈՒՐ ՄԵՆՔ Կ՚ԸՆՏՐԵՆՔ ՄԻԱՍՆ

03 Հունիս 2025
Կայացաւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նա

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Երկուշաբթի՝ յունիսի 1-ին, Իրանի հայ Արհեստաւորների միութեան «Ա

03 Հունիս 2025
Տեսակցութիւն՝ Արեւելեան Ա․Մ․Ն․-ի Բարեջ

ՈՒԱԹԸՐԹԱՈՒՆ․- Շաբաթ, Մայիս 31-ին, Հ․Յ․Դ․ Արեւելեան Շրջանի Կեդրոնական Կոմիտէն,

03 Հունիս 2025
ՀՄԸՄ Արցախը պաշտոնապես գրանցվել է Հայա

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը (ՀՄԸՄ) մուտք գործեց Արցախի Հանրապետությ

02 Հունիս 2025
Ինչպէ՛ս կը դաստիարակէին …

Մօտաւորապէս 10 օր առաջ, ամերիկեան մամուլը տարածեց լուր մը, թէ՝ աւելի քան տասնե

02 Հունիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Դիվանագետների համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղ

01 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company