ՀՄԸՄ Արցախը պաշտոնապես գրանցվել է Հայաստանում
02 Հունիս 2025
Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը (ՀՄԸՄ) մուտք գործեց Արցախի Հանրապետություն՝ նպաստելով ազգային ու երիտասարդական արժեքների տարածմանն ու ամրապնդմանը։ Ժամանակի ընթացքում միության աշխատանքները կարճ ժամանակով դադարեցին, սակայն 2019 թվականին պաշտոնական ՀՄԸՄ-ն նոր թափով վերադարձրեց իր ներկայությունը՝ Արցախում։
Նոր իրողությունների պայմաններում՝ ՀՄԸՄ Արցախի Մեկուսի վարչությունը վերսկսել է իր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում՝ նպատակ ունենալով համախմբել Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում բնակվող արցախցի պատանիներին ու երիտասարդներին։ Կազմակերպության հիմնական նպատակներից է ձևավորել միասնական գաղափարական հենք՝ հիմնված հայրենաճանաչության, պայքարի ոգու պահպանման, արցախյան բարբառի և մշակույթի առանձնահատկությունների փոխանցման վրա։ Այս ամենի առանցքում շարունակվում է մնալ կարևորագույն նպատակը՝ վերադարձ Արցախ։
Վերջերս ՀՄԸՄ Արցախը մեծ առաջընթաց է գրանցել՝ պաշտոնապես գրանցվելով որպես հասարակական կազմակերպություն Հայաստանում։ Այս քայլը նոր հնարավորություններ է ստեղծում կառույցի զարգացման և գործունեության ընդլայնման համար։
Գրանցման շնորհիվ, արդեն որպես Արցախի Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն ՀԿ-ն կարող է առավել հաստատուն հիմքով գործել Հայաստանում,ընդլայնել իր ծրագրերն ուհամագործակցությունները՝ հատկապես ՀՄԸՄ Հայաստանի Կենտրոնական Վարչության (ՀԱՍԿ) հետ։
ՀՄԸՄ Արցախի Վարչության աշխատանքային ծրագրում առաջնահերթությունն է տեղահանված արցախցի պատանիների հետ աշխատելը, ինչպես նաև պատրաստել աշխատասեր, արի, ազգասեր եւ հայրենասեր, օրինապահ, սերունդ։
ՀՄԸՄ Արցախի Վարչություն




