«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Եռաբլուր
09 Նոյեմբեր 2026
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Եռաբլուր են այցելել ԱԺ Հայաստան» խմբակցության անդամները: Նրանք ծաղիկներ են խոնարհել զահվածների շիրիմներին, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Իրականում դեռ ամբողջովին գնահատված ու իմաստավորված չէ այն մեծ ողբերգությունը, որը պարունակում է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը, որովհետև դա Հայաստանի այդ ժամանակվա քաղաքական իշխանության կազմակերպված անկազմակերպվածության ողբերգական արդյունքն էր:
Դրանից հետո էլ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շարունակեց իշխանությունների կողմից շահարկվել։ Այսօր, երբ իշխանությունը հպարտությամբ խոսում է TRIPP կոչվածի մասին, որն իրականում Ադրբեջանին տվել է Նախիջևանի հետ անխոչընդոտ կապ, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի հետևողական մերժման հետևանքն է։
Այստեղ, բնականաբար, մեծ է Ադրբեջանի ագրեսիվ, հակահայ և այլատյաց դրսևորումը, ինչը հանգեցրեց Արցախի շրջափակմանը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 21-ը Արցախի հայաթափմանը»:
Ըստ ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանի՝ այս իշխանությունները մոլորեցնում են հասարակությանը, հայտարարելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Դա սուտ է և կեղծիք։ Ի՞նչ խաղաղություն, եթե երկրի մի հատվածը օկուպացրել է թշնամի պետությունը։ Ի՞նչ խաղաղություն, եթե թշնամին մինչ այս պահը շարունակում է փակ պահել Հայաստանի ճանապարհները, շրջափակված է պահում, շարունակում է սպառնալ, բոլոր միջազգային հարթակներում խոսում է սպառնալիքների և վիրավորանքների լեզվով։
Ի՞նչ խաղաղություն, եթե Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը պատանդառված է, Արցախի ժողովրդին արգելվում է վերադառնալ իր բնօրրան, իսկ Արցախում ամեն օր ոչնչացվում է հայկական հետքը։
Սա խաղաղություն չէ։ Սա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ընթացքում հաստատված ինչ-որ դադարի փուլ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի խոսքով՝ իշխանությունների պատկերացրած խաղաղությունը չի հաստատվում, որովհետև ամեն անգամ ականատես ենք լինում Ադրբեջանի նոր պահանջների։ Նա նաև նշեց, որ այս փուլում ՀՀ հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերը մեկ հարցի շուրջ կոնսենսուս ունեն՝ թույլ չտալ Ալիևի Սահմանադրության ընդունումը։
Գրիգորյանը նշեց՝ ընդդիմադիր պատգամավորներն ամեն ինչ անելու են՝ թույլ չտալու Ալիևի պարտադրած Սահմանադրությունը հանրաքվեի ներկայացնելը, բայց և կարևոր են համարում խոսել ժողովրդի, իրենց մանդատ տված ընտրողների հետ՝ Փաշինյանի հայտարարած «ճնշումները» կանխելու և անհրաժեշտության դեպքում իրենց աջակցելու համար։



