Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշումը
09 Նոյեմբեր 2026
44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ։ Հայաստանը և Ադրբեջանը՝ ՌԴ նախագահի գլխավորությամբ, ստանձնեցին պարտավորություններ, որոնք այդպես էլ մնացին թղթի վրա։ Համաձայն պայմանագրի՝ նոյեմբերի 9-ից հետո կողմերը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում, հայկական կողմի համար ստեղծված իրողությունն արդեն իսկ ողբերգական էր․ Շուշին այլևս հայկական վերահսկողության տակ չէր, իսկ Արցախի մի մասը՝ բռնզավթված։
Չնայած հայտարարությունը չէր բխում հայկական կողմի շահերից,սակայն երկրների ստանձնած պարտավորությունները որոշակի հույս էին ներշնչում, որ հնարավոր կլինի պահպանել Արցախի պետականությունը և հետագա բանակցությունների միջոցով հասնել խնդրի քաղաքական կարգավորմանը։
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականից հետո։
Ադրբեջանը շարունակեց Արցախի բռնազավթման քաղաքականությունը՝ պարբերաբար սադրանքներ հրահրելով, ռազմական ճնշում գործադրելով և աստիճանաբար առաջ մղելով իր դիրքերը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված անվտանգության երաշխիքներն այդպես էլ չգործեցին։ Ադրբեջանը հրաժարվեց ստանձնած պարտավորություններից։
Պետք է արձանագրենք, որ փոխվեց նաև Հայաստանի պաշտոնական քաղաքական դիրքորոշումը։ Եթե նախկինում հայկական քաղաքական օրակարգի առանցքում «Արցախը Հայաստան է և վերջ» բանաձևն էր, ապա այն փոխվեց՝ «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ» սկզբունքով։ ՀՀ իշխանությունները ոչ միայն հրաժարվեցին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի քաղաքական պաշտպանությունից, այլև պատմական Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում՝ փաստացի փոխելով հայկական կողմի բանակցային վեկտորը։
Այսօր էլ, սեփական քաղաքական պատասխանատվությունը ստանձնելու փոխարեն, իշխանությունները շարունակում են մեղավորներ փնտրել։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն օրերս կոշտ արձագանքեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից հնչած մեղադրանքներին՝ հիշեցնելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպման մասին, երբ «Նիկոլ Փաշինյանը Եվրոպական միության հովանու ներքո անցկացված գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի տարածքի մաս»։
Պրահայում՝ Փաշինյանի զիջողական քաղաքականության հետևանքով այսօր էլ շարունակվում է պարտության շղթան։ Արցախի հարցի շուրջ Հայաստանի բանակցային դիրքորոշման փոփոխությունը դարձավ քաղաքական նոր իրողություն, որի հետևանքներն այսօր ակնհայտ են։
2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը շրջափակեց Բերձորի միջանցքը՝ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որի հետևանքով Արցախի հայ բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանության։ Հարյուրավոր զոհեր, անհայտ ճակատագրեր, գերիներ։
Այս ամենը տեղի ունեցավ միջազգային հանրության անգործության և ՀՀ իշխանությունների՝ քաղաքական պատասխանատվությունից խուսափելու հետևանքով։
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չապահովեց ո՛չ Արցախի ժողովրդի անվտանգությունը, ո՛չ գերիների վերադարձը, ո՛չ էլ Արցախի հայ բնակչության՝ իր հայրենիքում ապրելու իրավունքը։
ՀՀ իշխանությունները խաղաղության մասին խոսույթն այսօր դարձրել են իրենց քաղաքականության հիմնական հիմնավորումը։ Խաղաղության անվան տակ փորձ է արվում լռեցնել Արցախի հարցը, խեղաթյուրել պատմական իրողությունները, ստիպել հրաժարվել Արցախից։
Սակայն, խաղաղությունը չի կարող կառուցվել պարտության, միակողմանի զիջումների և սեփական իրավունքներից հրաժարվելու վրա։ Այն չի կարող լռեցնել Արցախի հարցը,ստիպել հրաժարվել պատմական հիշողությունից կամ հաշտեցնել հայրենազրկման հետ։
Արցախի հարցը չի կարող փակված համարվել։ Եվ մեր խնդիրն է մոռացության չտալ այն, շարունակել պայքարել և երբեք չհրաժարվել արցախցիների իրավունքների պաշտպանության պայքարից։
Հավերժ փառք և խոնարհում հանուն հայրենիքի ու այդ նպատակների համար պայքարած մեր հերոսների հիշատակին։
«Ապառաժ»-ի խմբագրական
09 նոյեմբեր, 2026թ․
