Նիկոլ Աղբալյանի հրապարակագրությունը 1917 թ.
03 Հունիս 2025
Հրապարակագրությունն անվանի գրականագետ, գրաքննադատ, հանրային, քաղաքական և պետական գործիչ, մանկավարժ, մեծ հայ Նիկոլ Աղբալյանի (1875-1947) բեղուն գործունեության ուշագրավ կողմերից մեկն է, որն առ այսօր պատշաճ ուշադրության չի արժանացել ուսումնասիրողների կողմից: Որպես ազգի ճակատագրով մտահոգ հայ մարդ, մտավորական և ՀՅԴ գործուն անդամ, 1904-ից՝ Աղբալյանը չէր կարող չարձագանքել իր ժամանակի քաղաքական իրադարձություններին, որոնք ուղղակիորեն առնչվում էին հայության առօրյա կյանքին ու ճակատագրին և խորհելու ու մտահոգվելու տեղիք տալիս՝ կապված մեր ժողովրդի ապագայի հետ:
Աղբալյան հրապարակագրի գործունեության սկիզբ կարելի է համարել 1894 թ., երբ Գևորգյան ճեմարանը չավարտած, բայց այնտեղ սովորած լինելու վկայագիր ստացած 19-ամյա պատանին Էջմիածնից Թիֆլիս ճանապարհորդելու ընթացքում գրած իր «Հիշատակարան»-ում դաժան քննադատության է ենթարկել ժամանակի հայ իրականությունը, մասնավորապես՝ ժողովրդի վերաբերմունքը իր սրբավայրերի նկատմամբ և հայ հետամնաց, տգետ ու շահամոլ հոգևորականներին՝ դրսևորելով խուզարկու հայացք ու վերլուծական միտք ունեցող մտավորականի ակնհայտ ունակություններ (տե՛ս Աղբալյան Ն., Հիշատակարան // «Մշակույթ» ամսագիր, Երևան, 1989, թ. 2-3, էջ 112-115):
Որպես քաղաքական վերլուծաբան՝ Աղբալյանի գործունեությունն սկսվել է 1905 թ., երբ նա Պլովդիվի «Ռազմիկ» թերթում նոյեմբերին և դեկտեմբերին տպագրել է «Ուսումնասիրություն հայ-թաթարական ընդհարումների» վերլուծական հոդվածը (անավարտ), իսկ 1906 թ. Թիֆլիսի «Ալիք» օրաթերթում՝ «Շուշիի ընդհարումները» թղթակցությունը՝ 1906 թ. ամռանը հայ-ադրբեջանական կռիվների մասին: Հետագայում նրա ուշադրությունը գրավել են 1908-ին Եգիպտոսում, 1910-ին՝ Պարսկաստանում տեղի ունեցած հասարակական-քաղաքական իրադարձությունները, 1912-1913 թթ.՝ Բալկանյան երկու պատերազմները, որոնք լուսաբանելիս Աղբալյանը ցուցաբերել է քաղաքագետի ակնհայտ ունակություններ՝ բացատրելով պատերազմների պատճառները, հակառակորդ կողմերի նպատակները և հաճախ կանխատեսելով ռազմական գործողությունների ընթացքը (տե՛ս Անանյան Գ., «Բալկանյան իրադարձությունները Ն. Աղբալյանի հրապարակախոսության մեջ» // «Լրաբեր հասարակական գիտությունների», 1995, թ. 2, էջ 18-29)։
1914-ին սկսված Առաջին աշխարհամարտը և դրան հետևած խանդավառությունը հայության շրջանում ստիպել են Աղբալյանին դառնալ կամավորական շարժման կազմակերպիչներից մեկը: «1914 թւից վարել եմ կամաւորական գործը իբր Կարգադրիչ Յանձնաժողովի անդամ, իսկ յետոյ իբր պահեստի բատալիոնի (գումարտակի – Ա. Մ.) պետ»,- գրել է նա իր ինքնակենսագրության մեջ (տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 307, ց. 1, գ. 18, թ. 28): 2-3 տարիների ընթացքում Աղբալյանը, ինչպես և կամավորական շարժման արդյունքում Արևմտյան Հայաստանը թուրքական դարավոր լծից ազատագրելու հույսեր փայփայող մյուս հայորդիները ապրել են հույսի ու հուսահատության բազմաթիվ պահեր, մինչև որ վրա է հասել 1917 թվականը, տարի, որի ընթացքում մեծապես նախապատրաստվել է 1918-ի մեծագույն իրադարձությունը՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը մայիսի 28-ին: Այդ իրադարձությանը ամենաանմիջական մասնակցություն է ունեցել Աղբալյանը ինչպես իր ելույթներով (տե՛ս Վրացյան Ս., Նիկոլ Աղբալեանի մասին // «Ակօս», Պէյրութ, 1957, թ. 10, էջ 58), այնպես էլ 1917 թ. իր հրապարակագրությամբ:
1917 թ. Փետրվարյան հեղափոխությունը Ռուսաստանում շատերի մոտ էր ոգևորություն և մեծ սպասումներ առաջացրել՝ հայության ապագայի տեսակետից համարվելով բարեբախտ իրադարձություն: Աղբալյանը, որի մոտ նույնպես մեծ հույսեր էր արթնացրել այդ իրադարձությունը, Փետրվարյան հեղափոխությունից անմիջապես հետո Բաքվի «Արև», այնուհետև Թիֆլիսի «Հորիզոն», որի երեք խմբագիրներից մեկն էր, և իր խմբագրած «Ազատամարտ» լրագրերում հրապարակել է բազմաթիվ առաջնորդողներ, քաղաքական հոդվածներ ու վերլուծություններ, որոնք, լինելով օր օրի կատարվող դեպքերի անմիջական արձագանքը, միաժամանակ պարունակում էին հետաքրքիր առաջարկներ հայ ժողովրդի և նրա առաջնորդների՝ քաղաքական կուսակցությունների, առաջին հերթին՝ ՀՅԴ-ի անելիքների վերաբերյալ՝ գծելով նոր պայմաններում հնարավորինս արդյունավետ գործելու քիչ թե շատ որոշակի ծրագրի ուրվագծերը: Այսպես, իր առաջին հրապարակումներում նա ողջունել է Փետրվարյան հեղափոխությունը և արտահայտել իր անվերապահ համակրանքը՝ համարելով այն բախտորոշ իրադարձություն ժողովուրդների բանտ համարվող Ռուսական կայսրության բոլոր ժողովուրդների, ինչպես նաև համայն աշխարհի համար:
«Հին ու յանցաւոր կարգի շառաչուն տապալումը և նոր կարգի հաստատումը միլիոնաւոր սւինների աջակցութեամբ՝ լցնում է համայն աշխարհը խանդավառութեամբ»,- կարդում ենք «Գերմանական արշավը» վերնագրով հոդվածում («Արեւ», Բագու, 1917, մարտի 12, թ. 52: Տե՛ս նաև թթ. 53, 59, 60 և այլն): Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը ռամկավարական համարող և հայության ապագայի տեսակետից այն ողջունող Աղբալյանը անմիջապես նախանշել է Ազգային բյուրոյի (Թիֆլիսի ազգային կենտրոնական բյուրո, 1912 թ. հոկտեմբեր – 1917 թ. հոկտեմբեր), որի անդամ էր ինքը, առաջնահերթ անելիքները նոր պայմաններում. «Պէտք է շտապել կազմակերպելու հայութիւնն իբրև ուրոյն ազգ, քանի որ վաղը մենք առիթ կունենանք մեր ազգային տեսակէտը մշակելու և պաշտպանելու Կովկասի վարչաձևի, ազգագրական վարչաշրջանների, տեղական լեզուների, պետական կրթարանների և հազար ու մի մանր ու խոշոր խնդիրների մասին, որ դնում է մեր կեանքն ու երկիրը և շօշափում է ամենքիս շահերն իբրև ազգութեան» («Հայության կազմակերպումը», «Արեւ», 1917, մարտի 15), հաջորդ համարներում՝ ավելի որոշակի. «Մեզ անհրաժեշտ է ազգային-քաղաքական ինքնավարութիւն մեր բնաշխարհում, նրա յաջողութեան համար՝ ազգային-քաղաքական կազմակերպութիւն ամեն մի հայաբնակ վայրում» («Իբր ուրվագիծ», նույնը, մարտի 16), «Կովկասի կառավարչութեան հիմքում պէտք է դրւին երկու սկզբունք՝ ազգութիւն եւ բնաշխարհ: Այդ իսկ պատճառով պէտք է նոր սահմաններ գծւին Կովկասին՝ հիւսիսից և եղած նահանգներին՝ ներսում:
Պէտք է ստեղծել, որքան հնարաւոր է, միատարր ազգաբնակութիւն ունեցող վարչական միութիւններ: Երկրի վարչութիւնը պէտք է վստահել տեղացիներին՝ տեղացի նկատելով նաև մեր երկրում հաստատւած ռուսներին: Տեղական լեզուները պէտք է մտնեն դատարան, օրէնսգիրք, պօստ ու վարչատուն: Պետական դպրոցները պէտք է բաշխւեն ըստ ազգութեանց և դառնան ազգային դպրոցներ պետական հաշվով: Պաշտօնական ռուս լեզուն պէտք է վեր հանել Կովկասի վարչապետութեան բարձունքը» («Կոմիսարների ուշադրության», նույնը, մարտի 17) և այլն:
Շուտով սկսվել է հայ քաղաքական կուսակցությունների համատեղ աշխատանքը՝ ուժերը միավորելու և մարտի 9 (22)-ին ստեղծված Անդրկովկասյան հատուկ կոմիտեի (Озаком)՝ Ռուսաստանի ժամանակավոր կառավարության երկրամասային մարմնի հետ համագործակցելու ճանապարհով առաջադրված նպատակին հասնելու համար: Առաջ անցնելով ասենք, որ այդ աշխատանքի արդյունքը եղավ Ազգային խորհրդակցությունը (Ազգային համագումար, 1917 թ. սեպտ. 29 – հոկտ. 13, Թիֆլիս), որը ձևավորել է 35 անդամից կազմված օրենսդիր մարմին՝ Ազգային ժողով, և վերջինիս կազմից՝ 15 անդամից (վեցը՝ դաշնակցական, այդ թվում՝ Ն. Աղբալյանը) բաղկացած գործադիր մարմին՝ Հայոց ազգային խորհուրդ (նախագահ՝ Ավետիս Ահարոնյան): 1918 թ. հուլիսին Հայաստանի նորաստեղծ հանրապետության խորհրդարանի ստեղծումով Հայոց ազգային խորհուրդը դադարեցրել է իր գործունեությունը (Ազգային համագումարի և մասնավորապես Ն. Աղբալյանի ելույթների մասին տե՛ս Անանյան Գ., Նիկոլ Աղբալյան, Ե., 2002, էջ 46-49, Վրացյան Ս., Նիկոլ Աղբալեանի մասին, «Ակօս», 1957, թ. 10, էջ 54-55, «Հորիզոն», 1917, օգոստ. 24, թ. 180, «Ազատամարտ», 1917, հոկտ. 21, թ. 17):
Իսկ 1917 թ. գարնանը և հետագայում վերն ուրվագծված ծրագիրը գոնե մասամբ կյանքի կոչելու դժվարին գործին խանգարում էին երկու խոչընդոտ՝ Ռուսաստանի ժամանակավոր կառավարության ու Օզակոմի թուլությունը և վրացիների ու կովկասյան թաթարների՝ ադրբեջանցիների ազգայնական նեղ ձգտումները: Եթե երկրորդը Աղբալյանի համար ինչ-որ տեղ սպասելի էր ու միանգամայն հասկանալի, ապա առաջինը նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ: Իրադարձությունների ծավալմանը զուգահեռ՝ նրա մոտ ոգևորությանը խառնվել է հիասթափությունը. հսկա երկրում տարրական կարգ ու կանոն հաստատելու, հարձակվող գերմանացիներին կանգնեցնելու, ժողովրդին հացով ապահովելու և այլ կենսական հարցեր լուծելու գործում Ժամանակավոր կառավարության ապիկարությունը Ռուսաստանում խժդժություններ է առաջացրել, ինչպես, օրինակ, հուլիսյան դեպքերը, երբ մեծամասնականների (բոլշևիկների) ու անարխիստների դրդումով տեղի են ունեցել զինվորների և բանվորների զանգվածային ելույթներ ընդդեմ կառավարության, կամ կառավարության և անձամբ վարչապետ Կերենսկիի ու բանակի գերագույն հրամանատար գեներալ Կոռնիլովի հակամարտությունը, որը սեպտեմբերի 1-ին ավարտվել է վերջինիս ձերբակալությամբ, և դրանից հետո փաստացի դրսևորվել է կառավարության հաշտվողական վերաբերմունքը բոլշևիկների նկատմամբ, ինչն էլ հասցրել է հոկտեմբերյան հեղաշրջմանը։
Ցավով հետևելով իրադարձությունների զարգացմանը Ռուսաստանում՝ Աղբալյանը մի կողմից խստորեն քննադատել և դատապարտել է բոլշևիկներին՝ անվանելով Լենինին և նրա կողմնակիցներին գերմանական դավերի գործակալներ («Հետևանքներ», «Հորիզոն», 1917, հուլիսի 22), զառանցողներ («Վիժում», նույնը, հուլիսի 25), աղմկարարներ, խռովարարներ ու այլն, գեներալ Կոռնիլովին՝ անվանելով նրան արկածախնդիր («Իշխանության տրագիզմը», նույնը, սեպտ. 30), մյուս կողմից՝ տեսել է ժամանակավոր կառավարությունների թուլությունը, անվճռականությունն ու անկարողությունը, արձանագրել այդ ամենը իր հոդվածներում և աստիճանաբար հանգել է այն եզրակացությանը, որ «ազատութիւնը, ապահովութիւնն ու հացը միմիայն ուժով կարելի է ձեռք բերել և պահպանել» («Ռամկավարություն և իշխանություն», նույնը, հուլիսի 13), և «ստեղծւած կացութեան հանդէպ Ռուսաստանի փրկութիւնը դիկտատուրի մէջ պէտք է որոնել» («Դիկտատուրա», նույնը, հուլիսի 14)։ Աղբալյանը հայության ապագայի լինել-չլինելու հարցը ուղղակիորեն կապել է Ռուսաստանում կենտրոնական ուժեղ իշխանության հետ՝ գտնելով, որ միայն ուժեղ իշխանությունը կարող է ի կատար ածել Փետրվարյան հեղափոխությունից անմիջապես հետո հայտարարված արտաքին քաղաքականության՝ շատ կողմերով անհասկանալի սկզբունքը՝ «խաղաղութիւն առանց հողատման և ռազմատուգանքի՝ ազգերի ինքնորոշման հիման վրայ» («Մթին բանաձև», «Ազատամարտ», 1917, հոկտ. 1)։ Նա հավատում էր, որ նույնիսկ այդ սկզբունքի իրագործումը նպաստավոր պայմանների առկայության դեպքում կարող է իրականություն դարձնել «հայ քաղաքական մտածութեան բանաձևը»՝ «ազատ հայութիւն ազատ Հայաստանում» («Ամենից առաջ», նույնը, սեպտ. 30), ինչը հնարավոր դարձավ 1918 թ. մայիսին։
1917 թ. հոկտեմբերին ու հետո, տեսնելով օր օրի զարգացող քաղաքական իրադարձությունները և վերլուծելով դրանք, նրա մեջ այդ հավատը կամաց-կամաց փոխվել է անհանգստության, և անհանգստությունը՝ տագնապի, մանավանդ երբ հոկտեմբերի 25-ի հեղաշրջումով իշխանությունը բռնազավթել են մեծամասնականները, և նրանց իսկ ջանքերով ամիսներ շարունակ կազմալուծված ռուսական զորքը սկսել է լքել նաև կովկասյան ճակատը: Դեռ հուլիսին Աղբալյանը կանխագուշակել էր. «Երբ սովի հետևանքով յաճախեն ընդհարումները, և խանգարւի կարգն ու խաղաղութիւնը մեր երկրում, այն ժամանակ կը խորտակւի յեղափոխութիւնը՝ իր հետ խորտակելով եւ մեր բոլոր լուսաշող հեռանկարները: Աւելորդ է ասել, թէ այդ շփոթը կանդրադառնայ եւ զօրքի պարենաւորման վրայ, որի հետեւանքով ճակատը կերերայ, եւ Կովկասում կը ստեղծւի այնպիսի իրարանցում, որի սանձելն ու վարելը միանգամայն անհնարին կը լինի: Այսպիսով պարենաւորման գործը եւս առանձին գունաւորում է ստանում Կովկասում, եւ նրա յարուցած սպառնալիքը՝ առանձին կշիռ» («Երկուստեք», «Հորիզոն», 1917, հուլիսի 21), նույնը՝ օգոստոսին. «Մենք ապրում ենք սոսկալի նախօրեակ. պիտի պահենք յորձանուտի մէջ մեր փոքրիկ լաստը» («Անխուսափելին», նույնը, 1917, օգոստ. 23)։ Այն միտքը, որ Ռուսաստանում ստեղծված անկայուն ու վտանգավոր քաղաքական վիճակը հետևանք էր նաև մեծամասնականների քայքայիչ գործունեության, նա բազմիցս ընդգծել է իր հոդվածներում՝ նշելով դրա դեմը նույնիսկ բռնությամբ առնելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ, որքան էլ զարմանալի է, նրա գրվածքներում ակնհայտ դրսևորվել են դեպքերի տրամաբանությունից չբխող և, ինչպես հետագայում հաստատվեց, անհիմն հավատ ու լավատեսություն. «Մենք հաւատում ենք ռուս ժողովրդի պետական բնազդին եւ Ռուսաստանի ռամկավարութեան առողջ մտածումին ու գործին» («Գրավականը», նույնը, 1917, հուլիսի 15), «Ուզում ենք հաւատալ, որ ռուս մեծ ժողովուրդը պիտի սթափւի իբր ազգ եւ փրկէ հայրենիքը վերահաս կործանումից» («Սթափում», նույնը, օգոստ. 17)։
Հեղափոխական այս ռոմանտիզմը, որը կապված էր Աղբալյանի ազգային երազների ու դրանց իրականացման բուռն ցանկության հետ, որևէ գործնական արտահայտություն չունեցավ, հակառակը, բոլշևիկների կողմից իշխանության բռնազավթումից հետո իրականություն դարձավ Աղբալյանի մեկ այլ կանխագուշակում՝ քաղաքացիական պատերազմի սկիզբը Ռուսաստանում. «Մեր գուշակութիւնը կատարւում է: Ռուսաստանն ապրում է քաղաքացիական կռւի նախօրեակին, որ մեր կարծիքով անխուսափելի հետեւանք է երկրի ներքին կացութեան: Մեծամասնականների զինւած միջամտութիւնը պետական կեանքին արդէն իրողութիւն է: Նրանք կազմել են զինւորական կոմիտէ, Պետրոգրադի գարնիզոնի (կայազորի – Ա. Մ.) զօրամասերում նշանակել են կոմիսարներ, հրահանգել են զօրամասերին չկատարել մայրաքաղաքի սպայակոյտի հրամանները, գրաւել են երկաթուղային կայարանները, հեռագրատունը» («Կատարվում է», «Ազատամարտ», 1917, հոկտ. 28)։ Այս իրողությունը ստիպել է Աղբալյանին թերթի հենց հաջորդ օրվա համարում հանգելու հետևյալ տխուր եզրակացությանը. «Այս ամենը իր անխուսափելի անդրադարձումը պէտք է ունենայ նաև Կովկասի եւ իր ճակատի վրայ, հետեւապէս՝ նաև փախստական հայութեան» («Վերաբերում», նույնը, հոկտ. 29)։
Ճիշտ է, այս դեպքերից առաջ տեղի էր ունեցել մի կարևոր իրադարձություն՝ ազգային, այսինքն՝ հայկական, վրացական և թաթարական զորամասերի ստեղծումը Անդրկովկասից դուրս գտնվող ռուսական (նախկին ցարական) զորքերում ծառայող հայերից, վրացիներից ու ադրբեջանցիներից, ինչն անվերապահորեն ողջունել էր Աղբալյանը՝ գրելով. «Կովկասի ազգաբնակութեան երկու խոշոր հատուածները՝ հայերը եւ վրացիները, որ անմիջական վտանգի ենթակայ են մեր զօրաճակատի թուլացման դէպքում, ազգային զօրամասերի ստեղծումով կարող են իրենց բաւական ապահով զգալ: Նրանց թիկունքում իրան ապահով կարող է զգալ եւ հայաստանցի փախստական հայ բազմութիւնը» («Ազգային զորամասեր», «Ազատամարտ», հոկտ. 6)։ Ստեղծված հայկական զորամասերը (հետո նրանց միացան նաև ռուսական կովկասյան բանակում ծառայող հայ զինվորականները) հետագայում անգնահատելի դեր խաղացին 1918 թ. բախտորոշ իրադարձություններում, իսկ 1917-ի վերջերին փաստացի իրավիճակն Անդրկովկասում այն էր, որ ռուսական զորքի հեռանալուց հետո հայերը մենակ էին մնացել թուրքական զորքերի դեմ: Վրաստանը հեռու էր ռազմաճակատից, և վտանգի դեպքում նրանք մտածում էին հայերի թիկունքում թուրքերի հետ առանձին հաշտություն կնքել, ադրբեջանցիներն էլ մտահոգվելու պատճառ չունեին և իրենց եղբայրներին իրենք էին հրավիրում Անդրկովկաս ու աջակցում ամեն կերպ։ Այնպես որ, հայերի համար կրկնվում էր նույն ցավալի իրավիճակը, որը բազմիցս հանդիպում է մեր պատմության մեջ, և Աղբալյանը ստիպված էր հերթական անգամ սրտի մորմոքով արձանագրել բազմիցս հաստատված ճշմարտությունը. «Մենք կանգնած ենք մեն-մենակ, ինչպէս եւ միշտ, մեր չարագուշակ ճակատագրի հանդէպ մեր բարձրաբերձ լեռնաստանում: Ոչ մէկ յոյս, ոչ մէկ ակնկալութիւն ո՛չ եւրոպական իմպերիալիզմից, ո՛չ Կովկասի դեմոկրատիզմից, ո՛չ էլ ռուսաց սոցիալիզմից:
Մի՛ ժողովուրդ եւ մի՛ հայրենիք. մի հի՛ն, տոկո՛ւն ժողովուրդ. մի հի՛ն, արիւնլւա՛յ Հայրենիք:
Ո՞րն է ուրեմն կեանքի հրամայականը – հաւաքել ցրիւ ուժերը, կազմաւորել ու տոկալ» («Այսպես», նույնը, նոյ. 29)։ Նույն մտքերը նա արտահայտել է այլ հոդվածներում ևս՝ կրկին շեշտելով հայ ժողովրդի բոլոր ուժերի համախմբման և հնարավոր ու անհնար ամեն ինչ անելու անհրաժեշտությունը՝ գալիք դաժան փորձություններին դիմանալու համար. «Այն զօրքը, որի միջոցով Հին Ռուսաստանը մտածում էր սեփականել Հայաստան աշխարհը, հիմա փախչում է դասալիք. այն զօրքը, որի միջոցով Նոր Ռուսաստանը մտածում էր հանրամարդկային բարձր գաղափարներ իրացնել կեանքի մէջ, վատաբար թողնում է խրամատները: Մնում է հայ ժողովուրդն իր դարաւոր ոսոխի դիմաց. առջեւից սպառնում է թշնամու սուրը, թիկունքից՝ սովի գերանդին: Այս օրհասական վայրկեանին նրան ուրիշ ելք չի մնում, քան դառնալ ինքն իր ուժին ու կորովին եւ պաշտպանել իր պատիւը, կեանքն ու ստացւածքը եւ դրանով նաև իր հայրենիքը» («Ինքներս», նույնը, դեկտ. 13)։ Սա էր քաղաքական բուռն իրադարձություններից, երկար ամիսների սպասումից, ոգևորությունից, համառ աշխատանքից ու հիասթափությունից հետո արված եզրակացությունը:
Այսպես էլ ավարտվել է փոթորիկներով լի 1917 թվականը, և վրա է հասել ոչ պակաս փոթորկահույզ, միաժամանակ նոր հույսերով ու սպասումներով լի 1918-ը: Ինչպես 1917-ը, այդ տարին էլ Աղբալյանի համար եղել է անխոնջ աշխատանքի, կորուստների ու ձեռքբերումների տարի, բայց այս անգամ նա իրեն դրսևորել է ոչ թե որպես հրապարակագիր, այլ որպես տաղանդավոր քաղաքական ու պետական գործիչ, որը Հայաստանի առաջին հանրապետության կերտողներից մեկն էր:
Այսօր՝ ավելի քան 100 տարի անց, հետադարձ հայացք ձգելով Նիկոլ Աղբալյանի 1917 թ. հրապարակագրության վրա, կարող ենք վստահաբար պնդել, որ նա եղել է իր ժամանակի ազնիվ տարեգիրը, և նրա հրապագրությունն այսօր էլ արդիական է այնքանով, որքանով այսօրվա իրադարձությունները նման են 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերին: Մեզ մնում է միայն ճիշտ եզրակացություններ անել մեր ժողովրդի ճակատագրի՝ անընդհատ կրկնվող զիգզագներից և դրանց վերլուծություններից՝ այսօր և հետագայում նույն կոտրած տաշտակի առջև չկանգնելու համար:
ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ