«Դրօշակ»-ի Առաջնորդող. Լինել նախաձեռնող, չգնալ թելադրված օրակարգերի ետևից
05 Հուլիս 2025
Հայ մարդու համար այլևս զարմանալի չէ, որ յուրաքանչյուր օր լսելու է երկրի վարչապետի հերթական արտառոց մտքերը։ Եթե իր կարգավիճակը և խոսքի արժեքը հասկացող երկրի ղեկավարը ձգտում է մշտապես հանգստության և կայունության զգացողություն ներշնչել հասարակությանը, ապա հոգեպես անհավասարակշիռ հայ ղեկավարը կարծես նպատակադրված է երկիրը պահելու անվերջանալի ջղագրգռության և տագնապի մեջ։ Երկրի ղեկավարի ակնհայտորեն անհավասարակշիռ պահվածքն առավել սրվել է վերջին ամիսներին՝ հատկապես Գյումրու և Փարաքարի ավագանու ընտրություններից, ինչպես և հրապարակային միջոցառումներից հետո՝ ի պաշտպանություն արցախահայության իրավունքների, և ի տես ժողովրդի մեծամասնության մեջ ազգային տրամադրությունների վերարթնացման։
Փաշինյանը հասկացավ, որ տարիներ շարունակ գործադրած իր բոլոր քարոզչական ջանքերն ու աճպարարությունները, վերազգային անհեթեթ գաղափարների տարածման փորձերը զուր են անցել։ Բայց նրա համար շատ ավելի սարսափելի է այն բանի գիտակցումը, որ իրադարձությունների ընթացիկ հունով զարգացման պարագայում հին ու նոր բոլոր տեսակի ընտրակեղծարարությունների գործադրման դեպքում էլ չի կարողանալու գալիք ընտրություններում մոտենալ հաղթանակի անհրաժեշտ շեմին։ Այս հարցում, որպես դաշնակիցներ սեփական քվեով չեն կարող աջակցել տարիներ շարունակ ձեռքի տակ փայփայած անձնական օգտագործման քաղաքական խմբակները։ Ավագանիների վերոհիշյալ ընտրություններից հետո, երկրի վարչապետն ու իր թիմը մտնելով ընդդիմադիր դերի մեջ, դարձան շատ ավելի ագրեսիվ ու սադրիչ։
Որպես այս շրջանի հատկանշական իրադարձություններ հիշենք կտրուկ և կոպիտ ոտնձգությունները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, չդադարող բախումնային իրավիճակները խորհրդարանում, գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանի ինչպես և մի շարք ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, մասնավորապես և դաշնակցական գործիչների դեմ ձեռնարկվող հետապնդումները։ Դեռ որ վերջին պետական ու ազգային մասշտաբի խայտառակությունը ուժային կառույցների գրոհն էր հոգևոր կենտրոն Էջմիածնի վեհարանի վրա, ինչպես և երկու սրբազանների ձերբակալությունը։ Այս իշխանության նախահարձակ և սադրիչ գործողությունները մտածել են տալիս, որ իրադարձությունների օրինաչափ զարգացումից վախեցած ավտորիտար ղեկավարը փորձում է, այսպես ասած, ոչ միայն քարտերը խառնել, այլև խաղասեղանը շուռ տալ, ստեղծելով ոչ բնական իրավիճակ, երբ կարող է իրադարձությունների վրա ազդել իր սիրած մեթոդով՝ ուժային և պետական այլ լծակների անօրինական գործադրմամբ։ Ասվածի փաստացի դրսևորումն է մտացածին հեղաշրջման հեքիաթը։ Ինչպես անցած 7 տարիներին է բազմիցս կրկնվել աղմկոտ ձերբակալություններից ու ամպագոռգոռ մեղադրանքներից ինչ որ ժամանակ անց ամբաստանված մարդիկ սուսուփուս ազատ կարձակվեն, սակայն Փաշինյանն այդ ընթացքում հասած կլինի իր հետապնդած կոնկրետ խնդիրների իրականացմանը։
Նիկոլ Փաշինյանը լավ է հասկանում, որ բոլորի համար էլ, վաղ թե ուշ, իշխանության շրջանն ավարտվում է՝ եթե իհարկե միապետական դինաստիայի ժառանգորդ չէ։
Համատարած հիասթափության և ատելության պայմաններում իր քաղաքական և բարոյական ժամանակը նույնպես սպառվել է։ Ճիշտ է որ Արևմտյան կառույցները, իրենց վարկաբեկման գնով, անցնող տարիներին հովանավորել են Հայաստանի ղեկավարին՝ աչք փակելով այս իշխանության բռնապետական, հակաժողովրդավարական, անօրինական և կոռումպացված բնույթի վրա։ Մեծ ցանկության դեպքում էլ այսուհետ նրանց համար դժվար է լինելու հանրության աչքին խայտառակված ղեկավարի ինքնավերարտադրությունը հովանավորելը։ Պատահական չէ որ օտարերկրյա մի շարք լրատվամիջոցներ, որոնք ժամանակին թիկունք եղան Նիկոլ Փաշինյանին, այժմ քննադատում են նրան։
Փաշինյանը փորձում է ապացուցել, որ դեռ տիրապետում է իրավիճակին և պատրաստ է բավարարել արտաքին հովանավորների պահանջները։ Նրա բիրտ պահվածքը, ուժային կառույցների միջոցով հարցեր լուծելը նպատակ ունեն համոզելու ներսի ու դրսի լսարաններին, որ Հայաստանի միաձույլ իշխանությունն ամբողջովին ենթարկվում է իրեն և պատրաստ է կատարելու իր բոլոր քմահաճույքները։ Նա բացահայտորեն խորացնում է Ռուսաստանի հետ դեպի խզում գնացող հարաբերությունները, իբրև թե Ռուսաստանի հավանական դավադրությունից փրկելով դեպի Արևմուտք նավարկող Հայաստանը։ Փաշինյանի համար առանձնահատուկ պայքարի ճակատ է Հայ Առաքելական եկեղեցին։ Եկեղեցու դեմ նրա պայքարը սկսվեց իշխանության գալու օրերից, ««Նոր Հայաստան՝ նոր կաթողիկոս» կարգախոսի ներքո»։ Եկեղեցու դեմ ձեռնարկած ոտնձգությունները, սակայն, մշտապես հանդիպում են ժողովրդի բուռն հակազդեցությանը։ Նոր իշխանությունը ի սկզբանե խրվեց ներքաղաքական և սրա կողքին բարդացող արտաքին քաղաքական գործընթացների մեջ և ստիպված եղավ շեղվել ազգային եկեղեցու դեմ ծրագրած պայքարի «կարևոր» ուղղությունից։ Հիմա, սակայն, երբ ներսում ու դրսում շատ բան նա կորցրել է, իր համար սկզբունքային հարց է դարձել «հաղթանակ» տանելը ժողովրդի մոտ մեծ հեղինակություն վայելող և ազգին համախմբելու ունակ Մայր եկեղեցու նկատմամբ։
Հաջողության դեպքում դրածոների ձեռքը հանձնելով ազգի դարավոր ավանդույթների հոգևոր հիմքը հանդիսացող եկեղեցու առաջնորդությունը, նա կկարողանա խարխլման տանել ազգային միասնականությունն ապահովող հայոց հոգեղեն պատյանը, տիրող աշխարհայացքը փոխարինել իր քարոզած գլոբալիստական դատարկաբանությամբ, սահմանադրական ճանապարհով վերացնել Հայ եկեղեցու գերակա կարգավիճակը, ինչպես նաև ձեռք բերել աղանդների բարեհաճությունը՝ հաջորդ ընտրություններում կրկին նիկոլականներին ձայն տալու համար։
Քաղաքական իշխող խմբի ղեկավարն այլևս չի կարողանում քողարկել, որ երկրի առջև ծառացած արտաքին և ներքին բազում ճակատագրական մարտահրավերների պայմաններում իրեն մտահոգող գլխավոր հարցը իշխանությունը չկորցնելն է։ Տագնապալի մի քանի օրեր, ողջ հայ ժողովուրդը շունչը պահած հետևում էր Իրան-Իսրայել պատերազմի ընթացքին, շատ լավ գիտակցելով, որ եթե բարեկամ երկրում իշխանության ճգնաժամ առաջանա, Ադրբեջանն օգտվելու է առիթից ներխուժելու համար Սյունիք։ Ի՞նչ պետք է աներ Հայաստանի նորմալ ղեկավարը այս պարագայում՝ ձեռք առներ համապատասխան ներքին միջոցառումներ և խոսեր այդ մասին ժողովրդի հետ, մեկներ ռազմաքաղաքական դաշնակից երկիր և և փորձեր երաշխիքներ ստանալ Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիան կանխելու և տարբեր բնույթի ու մակարդակի աջակցություններ ստանալու վերաբերյալ։ Գուցե նույնիսկ հնարավոր լիներ հենց Սյունիքի սահմանամերձ տարածքներում դաշնակից երկրի հետ անցկացնել զորավարժություններ (այս դեպքում կարևորը կլիներ ոչ թե դրանց մասշտաբը այլ ինքը երևույթը որպես նախազգուշական և զսպող գործոն)։
Գուցե և ուրիշ բաներ, բայց կարևորը որ ղեկավարը լիներ իր ժողովրդի հետ, այլապես ում ինչին է պետք ղեկավարը։ Իսկ Հայաստանի վարչապետն արեց ճիշտ հակառակը՝ այն պայմաններում երբ Ադրբեջանն Իրանի դեմ Իսրայելին էր աջակցում, նա շարունակեց հարձակումները եկեղեցու դեմ, ձերբակալեց Սամվել Կարապետյանին և բազմաթիվ ընդդիմադիր գործիչների, մեկնեց Թուրքիա և անձնական աջակցության դիմաց թե ինչեր խոստացավ Հայաստանի կործանմանը ձգտող դարավոր թշնամու ագրեսիվ ղեկավարին՝ մնում է անհայտ, ինչպես, որ գաղտնի են մնացել Փաշինյանի իշխանության իրականացրած բոլոր բանակցությունները։ Այս օրերին Եկեղեցու դեմ սանձազերծած փոթորիկը հավանաբար նաև նպատակ էր հետապնդում շեղելու մարդկանց ուշադրությունը Թուրքիա կատարած այցելությունից և ձեռքբերված դավադիր համաձայնություններից։ Մյուս կողմից ակնհայտ են ճակատագրական այն պահանջները, որոնք թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է Հայաստանի իշխանություններին։ Ուշադրություն դարձնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մութ գործարքների մեջ խորանալուն զուգահեռ այսօրվա իշխանությունը, ի դեմս իր միանձնյա ղեկավարի, թուլացնում և մկրատում է Ռուսաստանի հետ առկա փոխհարաբերություններն ու կապերը։ Հայկական էլեկտրացանցերի և գազամատակարարման համակարգի շուրջ շրջանառվող խոսակցությունները հենց այդ նպատակն են հետապնդում։ Խելահեղություն են թվում պատմության ճակատագրական պահի առջև հայտնված երկրի ղեկավարության բացահայտ հարձակումներն ու սադրիչ քայլերը Ռուսաստանի նկատմամբ։
Դժվար է մտածելը նույնիսկ, թե ինչ կպատահի Հայաստանի հետ, եթե իր հերթին Ռուսաստանը դիմի հակաքայլերի։ Թեև այդ միջոցառումների թույլ ազդանշաններն արդեն առկա են ռուսական շուկա հայկական ապրանքների մուտքը դժվարացնելու ձևով։ Մյուս կողմից, հունիսի 27-ին ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների հերթական հավաքին, որին Նիկոլ Փաշինյանը մասնակցեց տեսակապով, Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Օվերչուկը կրկին անդրադարձավ Եվրամիության ուղղությամբ մեր երկրի ղեկավարության ձեռնարկած քայլերին և կրկին շեշտեց. «Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ և թե՛ ԵՄ անդամ», «Դա կնշանակի, որ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում կհայտնվեն ապրանքներ, որոնք չեն համապատասխանում մեր պահանջներին։ Այս հարցը մենք ներառել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի օրակարգում»։ Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ ինքը պատրաստվում է այս խնդրի վերաբերյալ նամակ գրել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
«Ես տեղեկացնելու եմ նրան, որ այս գործողությունները հակասում են Եվրասիական տնտեսական միության նորմերին, և մենք քննարկելու ենք համապատասխան միջոցներ կիրառելու հարցը», ինչին որ անդրադարձան Հայաստանի բազմաթիվ լրատվամիջոցներ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը սկսում է ավելի ուշադիր ու գործնական հայացքով նայել Հայաստանի կողմը և, կանխատեսելի հաջողությունների հասնելով ուկրաինական ճակատում ու ամրապնդելով դիրքերն արտաքին հարաբերությունների մեջ, դեմքով շուռ է գալիս նաև Հայաստանի կողմը։
Դատելով ուշադրության մեծացումից՝ ռուսական ղեկավարությունը այլևս չի ցանկանում հանդուրժել այն խաղը, երբ Հայաստանի վարչապետը սիրո երդումներ կտա Մոսկվայում, սակայն Հայաստան հասնելուց հետո իր թիմին և ձեռնասուն իշխանավորներին կհրահանգի շարունակելու հակառուսական գործունեությունը։ Ռուսաստանին համակրող կամ չհամակրող, անգամ ատող հայերը արդյո՞ք լավ են պատկերացնում, թե տնտեսական, քաղաքական և այլ առումներով ինչ են նշանակում փոքր Հայաստանի թզուկ ղեկավարության այս խաղերը հսկա Ռուսաստանի հետ։
Որքան էլ ցանկալի չէ այդ մասին խոսելը, բայց կարծես մենք չխրատվեցինք քսան թվականից հետո և հիմա համառորեն գնում ենք նոր փորձություններին ընդառաջ։ Երբ մենք կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք, ո՞րն է մեր անվտանգային, տնտեսական Էներգետիկ այլընտրանքը՝ Եւրոպան որը ոչինչ չի խոստանում, թե՞ գուցե Թուրքիան ու Ադրբեջանը։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ամենալավ պատկերացնողն է այդ հեռանկարի, սակայն փորձելով բարձրացնել իր ուժերից վեր բեռ, նա ամբողջովին ձախողվել է արտաքին քաղաքականության մեջ, և այժմ չի կարողանում դուրս գալ իրեն պարտադրվող խաղից։ Թշնամական գրագետ ու հետևողական ճնշման դիմաց չկարողանալով ծպտուն հանել, նա կարծես «ծեծված շան» իր բարդույթը փորձում է հաղթահարել աջ ու ձախ հաչալով ու կծոտելով սեփական բակում։
Մի քանի անգամ ժողովրդի մի մեծ հատվածի հիմարացնելուց հետո Փաշինյանին թվում է, որ ինքը կարող է անվերջ «ֆռռացնել» իր նշանակած երեք միլիոն վարչապետերին և, այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան դրսևորում են մեծ հավակնություններ, երբ ադրբեջանական ուժերն ամրապնդվում են մեր երկրի տարածքում, ինքը հայտարարում է, թե Հայաստանը երբեք այսքան անկախ չի եղել, Հայաստանին ոչինչ չի սպառնում։ Նա անգամ չի խորշում ցինիկորեն հայտարարելու, թե . «Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը»։ Ինչ ասես, եթե դեռ կան մարդիկ, ում համար այս խոտը հաճելի է, բարի ախորժակ իրենց, իսկ ով կարողանում է դատել ըստ իր տեսածի և համաձայն սեփական տրամաբանության՝ լավ են հիշում, թե անկախության որ տարիներին ենք մենք բանակի ու ժողովրդի ոգեկան միասնականության շնորհիվ եղել առավել անկախ և պաշտպանված, երբ ինչպես են խոսել հայ ղեկավարներն ադրբեջանցիների ու թուրքերի հետ ու մենք մշտապես չենք վախեցել պատերազմի հեռանկարից։
Նիկոլ Փաշինյանը, հաշիվ անելով զանգվածներին հլու ուղղորդելու իր հունարի վրա, հայտարարում է, թե եթե ինքը չլինի և գան ուրիշները, պատերազմ կլինի, երկիրը չի կառավարվի՝ կարճ ասած, կկործանվի։ Այս երկրի յոթ տարեկանից մեծահասակները կարծում եմ կհիշեն, արդյո՞ք հենց այդպես էր Հայաստանի վիճակը նախքան Նիկոլի «հայտնությունը»։ Փաշինյանը յոթ տարի շարունակ մանևրում է ստի ու ճշմարտության միջև և կազմակերպված քարոզչության միջոցով սևը ներկայացնում է սպիտակի տեղ։ Ի հակառակ պատմական իրողությունների նա փորձում է համոզել, թե թուրանիզմն ու պանթուրքիզմը վտանգ չեն ներկայացնում. «Ինչ է եղել, ուզում են գնան գան մեր ճանապարհներով՝ թող գնան գան»։ Այդպես աչքին թոզ փչելով՝ նա վաղը հանձնելու է Զանգեզուրը, որովհետև թշնամին եթե միայն գնալ-գալու խնդիր ունենար, Իրանի տարածքով էլ կարող էր գնալ-գալ, կամ նույնիսկ Հայաստանի տարածքով, սակայն առանց ճանապարհի գոտին ստանալու պահանջի։ Անդրկովկասի վրա իշխելու, պանթուրքիզմի սահմաններն ընդլայնելու համար նա ցանկանում է, որ վերանա այն Հայաստանը, որն իրեն ենթակա չի լինի։ Իր անվերապահ զիջումներով Փաշինյանը Հայաստանը վերածում է թուրքադրբեջանական գերիշխանության ենթակա տարածքի, որտեղ հայերը կարող են ունենալ դաշտում արածող կենդանու ազատությունը, քանի դեռ չեն փորձի հիշել պատմության, սեփական ինքնության, արժանապատվության և իրավունքների մասին։ Այսօր Փաշինյանին քնքշորեն փարվող կթվորուհին, տաքսիստը, արվեստագետն ու մտավորականը փաստացի համաձայն են դառնալ դաշտում ազատ արածող այդ կենդանին։
Նիկոլ Փաշինյանը գիտի, որ իր ժամանակը կարճ է, ժամանակը փոխվում է արագորեն, անգամ Արևմուտքի գլոբալիստ առաջնորդներն են կորցնում իրենց ոտքի տակի հողը, ուր մնաց, կարողանան երաշխավոր լինել Նիկոլի վերարտադրությանը։ Իհարկե հաջորդ գարնանը նրանք երկու անգամ կգան Հայաստան՝ համաեվրոպական միջոցառումներ իրականացնելու և ուղղակի կամ անուղղակիորեն Նիկոլի քարոզչությունը կանեն ընտրությունների նախօրյակին և անորոշ ժամանակի համար հայ ժողովրդին եվրոպական ապագա կխոստանան։ Աշխարհաքաղաքական մեծ կռիվը ոչ միայն ավարտված չէ, այլև դեռ թափ է հավաքում, և այդ մեծ կռվի մեջ ոտատակ ընկած հայ ղեկավարը մտածում է երկիրն աճուրդի հանելու գնով իշխանությունը պահպանելու մասին և այժմվանից փորձում է ամայացնել իր ճանապարհը (անգամ ազգային հավատի և Մայր եկեղեցու դեմ պղծության գնով)։ Այնուամենայնիվ, հաջողության հասնելու ճանապարհին նրա գլխավոր դաշնակիցը մնում է ընդդիմադիր դաշտի պառակտված և անորոշ վիճակը։ Այն ընդդիմության, որը մինչև այսօր չի կարողացել կազմակերպել երկար շնչի, ծրագրված ու հետևողական պայքար և կամա թե ակամա գնում է Նիկոլ Փաշինյանի կողմից անվերջ հրապարակ նետվող օրակարգերի ետևից։
Երբ չկա ազգային միասնականություն, Փաշինյանը հրեշի պես մեկ-մեկ կուլ է տալու բարձրացող գլուխները, ինչպես վարվեց Սամվել Կարապետյանի, երկու Սրբազան հայրերի ու նաև այլ գործիչների հետ։ Այս մարտավարությամբ էլ նա գնալու է դեպի առաջիկա ընտրություններ։ Կամ հայ ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի կասեցնելու այս գահավեժ ընթացքը, կամ Փաշինյանը ձեռք կգցի Հայաստանը վերջնական կապիտուլյացիայի տանող իր նոր մանդատը։