Օրինական տվյալների աճ կա, սակայն փաստացի նվազել են առևտրի ծավալները
01 Օգոստոս 2019 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ գրել էր, որ 2019-ի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը նախորդ տարվա հուլիսի 1-ի համեմատությամբ աճել է 24 հազար 500-ով:ArmDaily.am-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ սովորաբար տարեկան ունենում ենք 8-10 հազար նոր տնտեսվարողների գրանցում, սակայն միաժամանակ լինում են տնտեսվարող սուբյեկտների գործունեության դադարեցում։

«Հիմա այս տարվա կտրվածքով 24.500 լրացուցիչ հարկ վճարողների թիվն անշուշտ ողջունելի է։ Սա խոսում է այն մասին, որ առանձին տնտեսվարողներ, որոնք նախկինում գործել են ստվերային դաշտում, այժմ եկել են օրինական դաշտ։ Հատկապես սա տեսանելի, զգալի է տոնավաճառներում, շուկաներում, որտեղ տարիներ շարունակ գործում էին չգրանցված տնտեսվարող սուբյեկտենր, ովքեր լեզու էին գտնում տոնավաճառների տերերի հետ։ Հիմա այդ խաղի կանոնները վերացել են և բոլորը պարտադիր գրանցվել են»,-նկատեց նա։
Տնտեսագետը շեշտեց, որ այս ուղղությամբ արվող քայլերը զգալի են, տեսանելի են և կարող են բոլորը գնահատել։ Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ մաքսային սահմանում բարելավվել է վարչարարությունը և տնտեսվարող սուբյեկտները հիմա չեն կարող ֆիզիկական անձի տակ թաքնվելով ապրանքներ ներմուծել և հարկեր չմուծել։
«Սա նաև մաքսային վարչարարության արդյունք է, որը ողջունելի է։ Բայց այս ամենը որ կա, դա ստվերի բացահայտում է, որի արդյունքում ապահովվել ենք տնտեսական աճ՝ հատկապես առևտրի և ծառայությունների ոլորտում։Սրանք նախկինում եղել են, այսօր եկել են օրինականացման դաշտ։ Սակայն փաստացի առևտրի ծավալները չեն աճել։Ցանկացած խանութ, կրպակ, տոնավաճառի կետ ուսումնասիրելիս կտեսնենք, որ նրանց մոտ առևտրի ծավալները 30-40 տոկոսով նվազել են։ Մենք օրինական տվյալների աճ ունենք, սակայն փաստացի ծավալներն ավելի են նվազել»,-հավելեց նա։
Դուսյա Ղազարյան