Դատարանները քաղաքականացնելը կբերի սահմանադրական ճգնաժամի
02 Օգոստոս 2019 ՀՅԴ Երիտասարդական միությունն օգոստոսի 1-ին մոմավռություն է կազմակերպում Եռաբլուրում, միությունը միաժամանակ պատրաստակամություն է հայտնել աջակցել Պաշտպանության նախարարությանը և անհրաժեշտության դեպքում շուրջօրյա հսկողություն սահմանել Եռաբլուրի տարածքում:«Իր զազրելիությամբ և սրբապղծությամբ արտառոց երևույթ է. ինչպե՞ս կարող էր մարդ արարածն այդքան ընկնել, որ կարողանար մեր հերոսների շիրիմները վանդալիզմի ենթարկել. դա ստորության գագաթնակետն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը՝ ընդգծելով, որ պետք է կանխվեն նման երևույթները:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՅԴ-ն քննադատեց գործող իշխանությանը սահմանադրական ճգնաժամի մեջ հայտնվելու համար. Ա. Խաչատրյանը նշեց. «Խոսքը սահմանադրական ճգնաժամի մասին չէ, այլ այն մասին, որ փորձ է արվում դատարանները քաղաքականացնել, ինչը կբերի սահմանադրական ճգնաժամի… Մենք՝ յոթ կուսակցություններով համախոհությամբ ընդունեցինք այդ հայտարարությունը, որովհետև դատական համակարգին առնչվող այն զարգացումները, որոնք տեղի են ունենում երկրում, չեն կարող մեզ չմտահոգել… Դատական համակարգի անկախությունը շատ կարևոր է երկրի զարգացումն ապահովելու համար»:
ՀՅԴ ԳՄ անդամն անդրադառնալով իրենց կողմից կազմակերպված «Դեղին քարտ Երևանի քաղաքապետին» նախաձեռնությանը, նշեց, որ դժգոհ են քաղաքային իշխանությունների աշխատանքից և որ Երևանում ոչ մի տեսանելի փոփոխություն չի նկատվում, խոստումներ են տվել, բայց չեն կատարել. աղբահանությունը խայտառակ վիճակում է, չեն լուծվել նաև վերելակների, կանաչապատման խնդիրները, չի բարելավվել տրանսպորտի խնդիրը:
Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ վերլուծել են տնտեսական քաղաքականությունը և հանգել այն եզրակացության, որ շատ հարցեր կան, որոնք մտահոգիչ են:
Մանրամասն՝ տեսանյութում: