Միայն ուժի դիրքերից է հնարաւոր զսպել ԱՄՆ-ին
05 Օգոստոս 2019 Միայն ուժի դիրքերից պէտք է խօսել ԱՄՆ-ի հետ, քանի որ փորձը ցոյց է տւել, որ միայն այդպէս է հնարաւոր զսպել այդ երկրին: Այս մասին «Ֆարս» լրատւական գործակալութեան հետ զրոյցում ասել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:«Մեր երկրի ԱԳ նախարարի դէմ պատժամիջոցների սահմանումը վկայում է Թրամփի եւ ԱՄՆ իշխանութիւնների դիւանագիտական տկարութեան մասին:

Եթէ Թրամփը վստահ լինէր իր դիւանագիտական կարողութիւնների վրայ, ապա նման մանկամիտ քայլի չէր գնայ: Նոյնիսկ պատերազմող երկրները միմեանց նկատմամբ նման պատժամիջոցներ չեն սահմանում, եւ դիւանագէտները համար մշտապէս բաց են պահում բանակցելու եւ այցելութիւնների ճանապարհը»,- ասել է պատգամաւորը:
Ըստ նրա՝ նախկինում ասւում էր, որ ԱՄՆ-ը յաճախ երկակի ստանդարդներ է կիրառում, բայց նման քայլով (Զարիֆի դէմ պատժամիջոցների սահմանում-ԽՄԲ.) ցոյց տւեց, որ ընդհանրապէս չունի որեւէ ստանդարդ:
«ԱՄՆ-ի դէմ մենք պէտք է պահպանենք մեր սկզբունքային դիրքորոշումը: Միայն ուժի դիրքերից է պէտք խօսել ԱՄՆ-ի հետ, քանի որ փորձը ցոյց է տւել, որ միայն այդպէս է հնարաւոր զսպել այդ երկրին»,- եզրակացրել է Կարէն Խանլարեանը:
alikonline.ir