Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի նախաձեռնությամբ Արցախ են այցելել 25 սփյուռքահայեր
04 Սեպտեմբեր 2019 ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի պաշտոնաթերթ «Հորիզոն»-ի խմբագիր Վահագն Կարագաշյանը երեկ՝ սեպտեմբերի 3-ին այցելել է «Ապառաժ»-ի խմբագրություն:Խմբագրության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել երկու պաշտոնաթերթերի աշխատանքների եւ համագործակցության վերաբերյալ:
Նշենք, որ «Հորիզոն» շաբաթաթերթի խմբագիր Վ.Կարագաշյանն Արցախում է ավանդույթի համաձայն՝ այս տարի եւս ձեռնամուխ լինելով սփյուռքահայերի համար Արցախը բացահայտելու գործին:

Կանադայից, Ամերիկայից եւ Ավստրալիայից Արցախ ժամանած 25 սփյուռքահայերի համար «Հորիզոն»-ը յուրատեսակ ծրագիր է մշակել՝ Ստեփանակերտից, Շուշիից ու Գանձասարից բացի հյուրերին տանելով Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնք:
«Աստղաշենի այցելությունն ամենահիշատակելին է, քանի որ սփյուռքի մեր հայրենակիցները հնարավորություն ունեցան շփվելու գյուղացիների հետ՝ մի այլ տեսանկյունից բացահայտելով Արցախ աշխարհը»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է Կարագաշյանը եւ նշել, որ Աստղաշենում նախաձեռնվել է նաեւ մշակութային ծրագիր՝ տեղի արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ:
Աստղաշենի միջոցառմանը մասնակցում էին ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռիտա Մնացականյանը եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն, «Հորիզոն»-ի խմբագրական կազմի անդամ Հերմինե Ավագյանը:
Հավելենք, որ «Հորիզոն» շաբաթաթերթը Կանադայում հրատարակվում է 1979 թվականից: Իսկ 1984 թվականից սկսած «Հորիզոնն» ունի նաեւ գրական բաժին:
Լ.Թեւոսյան
aparaj.am