Փորձութիւն Անկախութեամբ
21 Սեպտեմբեր 2019 ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԱնկախութիւնը բացարձակ արժէք է: Յայտնագործութիւն չէ արձանագրելը, որ որեւէ ժողովրդի անվտանգ եւ հեռանկարային ապագայի հիմնական երաշխիքը նրա գոյավիճակն է անկախ պետականութեան պայմաններում: Միաժամանակ բացարձակ չէ անկախութիւնը, քանի որ նոյնիսկ տիեզերական մարմիններն են ձգողականութեան օրէնքով փոխկապակցուած իրար հետ: Երկրագնդի գերհզօր տէրութիւնները կաշկանդուած են միջազգային օրէնքներով, դաշնակիցների եւ ոչ դաշնակիցների հետ ունեցած փոխյարաբերութիւններով եւ այլն: Հզօրանալով տնտեսապէս, քաղաքական հեղինակութեամբ, ռազմականօրէն, ինչպէս եւ առողջապահութեան, մշակոյթի եւ այլ բնագաւառներում պետութիւնը մեծացնում է իր անկախութեան չափը, իսկ հակառակ գործընթացների պարագայում այդ չափն սկսում է նուազել: Ներկայացուած հաստատումները քաղաքագիտական այբուբենի յիշեցում չեն, այլ մտքեր են, որոնք կամայ թէ ակամայ ծնւում են գլխումս, երբ խորհում եմ Հայաստանի մասին` անկախութեան հերթական տարեդարձի առիթով: Խորհրդային կայսրութեան անարիւն փլուզումը ստեղծեց նրան ենթակայ երկրների անկախացման եւ սեփական պետականութիւնը կերտելու հնարաւորութիւն: Ի տարբերութիւն այլ ժողովուրդների` տուեալ գործընթացը հայութեան համար չեղաւ սահուն ու խաղաղ, ուղեկցուեց` տնտեսութեան փլուզմամբ, շրջափակմամբ, զանգուածային արտագաղթի փորձութիւններով, ազատագրական պատերազմով, ինչպէս եւ հանրապետութեան մէկ երրորդը հողին հաւասարեցրեց պատուհասած երկրաշարժը:
Հետեւաբար սխալուած չենք լինի` ասելով, որ մեր անկախութիւնը ձեռք է բերուել ժողովրդի գերագոյն ճիգով եւ թանկ գնով:

Գեղարուեստական բնորոշում չի լինի, այլ իրականութեան փաստարկում եթէ արձանագրենք, որ Հայաստանի անկախութեան ճանապարհը անցաւ արցախեան պատերազմի միջով: Աւելի՛ն. Հայաստանի անկախացման գործընթացը ծնուեց ղարաբաղեան պայքարի բովում, եւ վերջինս ոչ միայն բարոյահոգեբանական, այլեւ քաղաքական, տնտեսական լուրջ ազդեցութիւն ունեցաւ անկախացող Հայաստանի զարգացման վրայ: Եթէ հայութիւնը չյաղթէր Ղարաբաղում, այսօր մենք լինելու էինք գլխիկոր ժողովուրդ, թոյլ, կարելի է ասել` յարաբերական պետական ներուժով ու քաղաքական կշռով: Թշնամին «նստած» էր լինելու Զանգեզուրի սահմանների վրայ եւ այստեղից էր սպառնալու մեր երկրի ներկային ու ապագային:
Միանշանակօրէն կարելի է ասել, որ արցախեան յաղթանակն ու հայկական երկրորդ պետութեան ձեւաւորումը հայոց նոր պետականութեան բաղկացուցիչ մասն են եւ անկախութեան ընձեռած ձեռքբերումների մէջ` գլխաւորը: Ամրապնդելով Հայաստանն ու Արցախը` մենք լայն հեռանկարներ ենք ապահովելու Հայաստանի համար:
Միաժամանակ արձանագրենք, որ անկախ Հայաստանը, բառի բովանդակ իմաստով, իր անկախութեան սահմանափակման մարտահրաւէրները յաղթահարելու փորձութեան առջեւ է գտնուելու դեռ երկար տասնամեակներ: Եւ պատճառը միայն շրջափակումը, տնտեսական առարկայական ու ենթակայական բնոյթի բարդութիւնները չեն: Այլեւս գոյութիւն չունեն խորհրդային փակ սահմանները, որոնք առհասարակ կաշկանդիչ լինելով` միաժամանակ թոյլ չէին տալիս տարբեր կողմերից զանազան բնոյթի ազդեցութիւնների ներթափանցումը երկիր: Բաց սահմանների պարագայում, ժողովրդավարութեան եւ ազատութիւնների որդեգրումով, Հայաստանը ենթակայ է դարձել քաղաքական, հասարակական, տնտեսական, հոգեւոր-մշակութային եւ այլ օտար հոսանքների գրոհին, որոնք կազմակերպուել եւ կազմակերպուելու են տարբեր կողմերից, Հայաստանի նաւը այս կամ այն ազդեցութիւնների դաշտ հրելու, այս կամ այն արտաքին հաշուարկների ենթական դարձնելու մղումով: Եւ դա արուելու է ոչ թշնամու, այլ յաճախ հայ մարդկանց ձեռքով, ինչը որ տեղի ունեցաւ Վրաստանում ու Ուքրանիայում, արաբական աշխարհում եւ գունաւոր յեղափոխութիւնների փոթորիկներում յայտնուած այլ երկրներում: Ինչո՞ւ պէտք է Հայաստանը շրջանցեն նման նախագծերը, եթէ այսօր մեծապէս մեր երկրով է պայմանաւորուած, թէ ո՞ր կողմ կը նաւարկի կովկասեան նաւը, աշխարհաքաղաքական ի՞նչ հնարաւոր վերադասաւորումներ կարող են տեղի ունենալ, ի՞նչ ապագայ կ՛ունենան մեր ոխերիմ թշնամիների ու «բարեկամների» հետ փոխյարաբերութիւնները, մանաւանդ` արցախեան հարցի գոյութեան պայմաններում: Այս ամէնը հայ ժողովրդին եթէ ոչ դատապարտում ապա պարտադրում են բազմապատիկ պատասխանատուութեամբ վերաբերելու պետականութեան ամրապնդման ու հզօրացման հրամայականին: Հայաստանը անկախութեան իւրաքանչիւր հերթական տարեդարձը պէտք է դիմաւորի առաւել հզօր, ինքնուրոյն ու անխոցելի դարձած` քաղաքական, տնտեսական, հոգեւոր եւ այլ առումներով: Միայն ազգային արժէքների եւ անփոփոխելի շահերի վրայ խարսխուած, ազգային գիտակցութեամբ եւ ապագայի միասնական տեսլականով օժտուած ամուր հասարակութիւնը ունակ կը լինի դիմագրաւելու մարտահրաւէրներին եւ չշեղուելու որդեգրած ուղուց:
Չնայած բոլոր թերութիւններին ու վայրիվերումներին` անցնող գրեթէ երեք տասնամեակը Հայաստանի համար եղել է շօշափելի ձեռքբերումների ժամանակահատուած: Հայաստանը վերափոխուել է ներսից` սկսած տնտեսական հնարաւորութիւններից, մինչեւ հասարակական կառուցակարգերն ու իրաւական համակարգը: Սա երբեք չի կարող նշանակել, որ արդէն հասել ենք վերջնանպատակին, որովհետեւ վերջնանպատակ չկայ, այլ կայ կատարեալի մշտական ձգտում` բոլորի համար:
Սրանով հանդերձ, չենք կարող չարձանագրել, որ ազատութիւնների ու ժողովրդավարութեան որոշակի դրսեւորումներով գուցէ Հայաստանը առաջ է շա՜տ շատերից: Օրինակ` Հայաստանը տեսել է 2008 թուականի մարտի 1-2-ի գիշեր, բայց դժուար է պատկերացնել, թէ մեզանում շաբաթներ ու ամիսներ շարունակ կարող է տեղի ունենալ այն, ինչ եղաւ Փարիզում` դեղին բաճկոնաւորների հրապարակ իջնելով: Հայաստանի իրաւական համակարգը դեռ շատ պէտք է ժողովրդականանայ, բայց դժուար է նաեւ պատկերացնել, որ, օրինակ, Հայաստանի ոստիկանը կարող է ինչ-որ հրահանգ տալ քաղաքացուն, ապա հանգիստ բարձրացնել ատրճանակն ու կրակել ենթադրեալ յանցագործի վրայ, ինչպէս` Ամերիկայում: Կարելի է նման օրինակների շարքը շատ երկարացնել` անդրադառնալով շատ աւելի լուրջ խնդիրների եւ ոլորտների: Վերջին երկու տասնամեակների փոխլրացնող արտաքին քաղաքականութեամբ Հայաստանը կարողացել է բազմակողմ ճկուն եւ չհակադրուող յարաբերութիւններ հաստատել աշխարհաքաղաքական տարբեր միաւորների ու բեւեռների հետ` սկսած ընդգծուած հակառուսական-արեւմտամէտ արեւելում որդեգրած Վրաստանից, պատժամիջոցների ճիրաններում գտնուող Իրանից` մինչեւ Ռուսաստան, Միացեալ Նահանգներ, Եւրոմիութիւն, արաբական աշխարհ, Չինաստան եւ այլն: Մութ ու ցուրտ 90-ականների տնտեսական ամբողջական կախուածութեան շրջանից յետոյ, Հայաստանն այսօր սննդի, հացամթերքի, մսամթերքի, թեթեւ եւ հանքարդիւնաբերութեան, շինարարութեան, վերամշակող ճիւղերի, զբօսաշրջութեան, մի շարք եւ այլ արտադրանքների գծով ամբողջականօրէն կամ մասամբ բաւարարում է ոչ միայն սեփական կարիքները, այլեւ ամէն տարի շատ ուղղութիւններով ընդլայնում է արտահանումների ծաւալները:
Այս ցանկը նոյնպէս կարելի է երկարացնել, խնդիրն այն է, որ հեռանկարները ծրագրելիս երբեք պէտք չէ ընկնել հիւանդագին մտասեւեռումների յորձանուտը եւ ամէն անգամ խորհել զերոյից սկսելու մասին, այլ գործնականօրէն արժեւորելով եղածը` մտածել եղած մեկնակէտից առաւել արդիւնաւէտօրէն առաջ շարժուելու մասին:
Յանուն ճշմարտութեան պէտք է նաեւ խոստովանել, որ վերը թուարկուած եւ ներքին այլ պատճառներով մենք օգտագործել ենք հնարաւորութիւնների բնաւ ոչ առաւելագոյնը, եւ մօտ ու հեռու մրցակիցների ընդհանուր առաջընթացի համեմատ, տարբեր ուղղութիւններում ունենք ոչ արդարացուած յապաղում:
Տասնամեակներ եւ նոյնիսկ դարեր շարունակ մենք մեր բնօրրանում ապրել ենք որպէս տուեալ պետութեան խորթ քաղաքացիներ, եւ մեզ բնաւ այդ պետութիւնների յաջողութիւնները չեն ոգեւորել: Հիմա մենք դարձել ենք ե՛ւ հողի ե՛ւ պետութեան տէրերը, ու հոգեբանական շրջադարձը պէտք է լինի լիակատար, մանաւանդ` ողջ հայութեան հաւաքական գիտակցութեան մէջ: Մենք այլ հայրենիք եւ այլ պետութիւն չենք ունենալու, իսկ ինչ որ ունենալու ենք, լինելու է եղածի շարունակութիւնը: Անկախ Հայաստան-Արցախի արժէքը մեր սերունդների ազգային ապագայի երաշխիքն է, որից թանկ բան չի կարող լինել:
Հերթական անգամ ձեռք բերելով անկախութեան հնարաւորութիւնը` կանգնած ենք սեփական ապագան կերտելու կամ այն եւս մէկ անգամ ու գուցէ վերջնականօրէն խորտակելու փորձութեան առջեւ: Ոչ ոք մեր անելիքը չի անելու մեր փոխարէն եւ չի կիսելու երազանքի հարցում մեր շահագրգռուածութիւնը: Մենք ենք մեր երկրի տէրը, ի հարկէ եթէ կարողանանք ծրագրել ու արարել միայն սեփական խելքով ու բազուկներով:
aztagdaily.com