Հայաստանի արձագանքը կարող էր ավելի կոշտ լինել
12 Հոկտեմբեր 2019 Կամիշլիում հոկտեմբերի 10-ին մինչև ուշ գիշեր պայթյուններ և կրակոցներ են եղել, սակայն հոկտեմբերի 11-ին դրությունը հանգիստ է եղել, նույնիսկ թուրքական ներխուժման դեմ բողոքի ցույցեր են եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:«Հարաբերական այս հանգստությունը, սակայն, չպետք է անվտանգության երաշխիք համարել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Սիրայի հյուսիս-արևելյան բնակավայրերի հայ բնակչության դրությանը, Ռեիսյանը նշեց՝ Կամիշլիի հայերը չեն ցանկանում լքել իրենց տները. «Թուրքական ներխուժման և հարձակումների թիրախում են Սիրիայի հյուսիսային սահմանային գոտին, որտեղ գտնվում է Կամիշլին և այլ հայաշատ բնակավայրեր: Հայությունը մինչև օրս էլ Կամիշլիում է, ըստ Բերիո թեմի Առաջնորդական Փոխանորդարանի տվյալների՝ Թէլ Աբյադ գյուղաքաղաքի շուրջ 15 հայ ընտանիքներից 3-ը տեղափոխվել են Կամիշլի, իսկ մյուս ընտանիքները՝ այլ շրջաններ: Ռաս ալ Այնում շատ քիչ հայ է մնացել՝ երկու կամ երեք հոգի: Դերիքում և Հասիչեում շուրջ 60 ընտանիք կա: Հասիչեն, իհարկե, ավելի ապահով է, քանի որ այդ գործողություններից ավելի հեռու է գտնվում»:
Հարցին՝ ինչո՞ւ Թուրքիան որոշեց Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություններ սկսել, Ռեիսյանը պատասխանեց՝ այս հարձակումն անակնկալ չէր. Թուրքիայի նախագահը նախկինում բարձրաձայնել է իր մտադրության մասին, իսկ ինչ վերաբերում է պատճառների մասին, հայ պատգամավորը նշեց.
«Ճիշտ է, Թուրքիան որպես պաշտոնական վարկած մատնանշում է քրդական ահաբեկչական խմբավորումների գործոնը, սակայն մեզ համար նորություն չէ Թուրքիայի տարիների ընթացքում մեծացող «ախորժակը»՝ իր վերահսկողության տակ նոր տարածքներ վերցնելու հետ կապված: Թուրքիան իր քաղաքական ծրագրերն ու դրանց իրագործման ուղղությամբ գործի դրած ջանքերը քողարկում է կեղծիքներով, շողոքորթությամբ լեցուն քաղաքականությամբ, որը, ի դեպ, շատ լավ իրականացնում է նոր օսմանիզմի գաղափարախոսությամբ տարված Ռ. Էրդողանը: Վերջինիս այս գործողությունը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում»:
Անդրադառնալով դեպքերի առնչությամբ Հայաստանի արձագանքին՝ Ռեիսյանը պատասխանեց՝ Հայաստանի արձագանքը կարող էր ավելի կոշտ լինել. «Սիրիա-Հայաստան երկու երկիրների և ժողովուրդների հարաբերություններն ավելին են, քան սովորական բարեկամությունը, հետևաբար Հայաստանի պաշտոնյաներից կակնկալեի թուրքական ներխուժման հարցում ավելի կոշտ արձագանք ու դատապարտում»:
Հեղինակ Քրիստինա Բոյաջյան
