Ցույցերի հետևանքով տուժած քաղաքացիների մեջ հայեր չկան
25 Հոկտեմբեր 2019 Լիբանանում հարկային քաղաքականության վերաբերյալ դժգոհություններից սկիզբ առած ցույցերն այսօր ստանում են քաղաքական ենթատեքստ։ Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, խորհրդարանական արտահերթ ընտրություներ, պահանջում են մշակել նոր սահմանադրություն, ստեղծել անցումային կառավարություն և ներգրավել պրոֆեսիոնալների: Ցուցարարները ցանկանում են նաև, որ Լիբանանում տարբեր ժամանակաշրջաններում իշխանության մասը կազմած ընտանիքները պատասխանատվություն կրեն պետությունից գողացված խոշոր չափի գումարների համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
«Ցուցարարները կարծում են, որ մինչ այժմ եղած և ոչ մի կառավարություն չի կարողացել լուծել Լիբանանի առջև ծառացած խնդիրները։ Հենց այդ պատճառով ցուցարարները պահանջում են անցումային կառավարության ստեղծում»,-ասաց Գանտահարյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական շատ շրջանակներ, թեպետ անթաքույց աջակցում են ցուցարարներին, սակայն դեմ են վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականին, քանի որ կարծում են՝ սա կարող է երկրի ներսում անկայունություն առաջացնել։
Գանտահարյանը հայտնեց նաև, որ Լիբանանի բանակի ներգրավումից հետո երկրի խոշոր քաղաքների կարևոր փողոցներն արդեն բաց են։ Վերջինս նաև նշեց, որ թեպետ բանակը ներգրավվել է ցույցերը հանդարտեցնելու գործընթացում, սակայն ամեն կերպ փորձ է արվում զերծ մնալ ցուցարարների հետ բախումներից և բռնություններից։
«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը հայտնեց, որ ցույցերին մասնակցում են նաև հայ համայնքի ներկայացուցիչները, սակայն ցույցերի հետևանքով տուժած 70 քաղաքացիների մեջ հայեր չկան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Լիբանանի կառավարությունը որոշում էր ընդունել «WhatsApp»-ի զանգերի համար նոր հարկատեսակ կիրառելու մասին։ Կառավարության հարկային ճնշումների «վերջին կաթիլը» համարող տասնյակ հազարավոր լիբանանցիներ այդ օրը դուրս եկան փողոց ու շրջափակեցին կառավարության շենքը։ Բեյրութում, Տրիպոլիում ու երկրի այլ խոշոր քաղաքներում մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը։ ԶԼՄ-ները Լիբանանում արդեն 8-րդ օրը շարունակվող ակցիաներն անվանում են «WhatsApp»–ի հեղափոխություն։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://youtu.be/rAM5XRZ08R4