Լիբանանում ցույցերը շարունակվում են
27 Հոկտեմբեր 2019 Հոկտեմբերի 25-ին «Հեզբոլլահ» կուսակցության ղեկավարի հեռուստաելույթից հետո լարված իրավիճակ ստեղծվեց Բեյրութում, եղան փոքր բախումներ։ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլան հայտարարեց, որ Լիբանանը հայտնվել է միջազգային խաղացողների քաղաքականության թիրախում և նա մտահոգ է երկրում բռնկվելիք քաղաքացիական հավանական պատերազմով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
Նրա խոսքով` արդեն 10 օր է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ու երկրի մյուս խոշոր քաղաքներում ցույցերը շարունակվում են. «Ցուցարարները չեն հրաժարվում իրենց պահանջներից։ Երեկ առավոտյան որոշ ճանապարհներ բացվեցին, սակայն պետական հաստատություններն ու բանկերը շարունակում են փակ մնալ։ Այս պահի դրությամբ նկատվում է ցուցարարների կուտակումներ։ Տրիպոլիի շրջանում, երբ ցուցարարները ժամը 15:30-ի դրությամբ փորձեցին կասեցնել բանակի գործողությունները, բանակը հակադարձեց և գրանցվեց 10 վիրավոր»,- նշեց Գանտահարյանը։