Անհասկանալի է՝ Կառավարությունը չի կարողանում իր հավաքած գումարը ծախսել, սակայն փորձում է ՎԶԵԲ-ից վարկ վերցնել
14 Նոյեմբեր 2019 Մենք այդ գումարն ունենք, չենք էլ օգտագործում, և ճիշտ չէ, որ նման պայմաններում վարկ ենք վերցնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Կառավարության այսօրվա նիստում հավանություն ստացած՝ ՎԶԵԲ-ից վարկ վերցնելու համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:Ըստ այդ համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից մոտ 46 մլն եվրո վարկ վերցնել:
«Ուզում եմ շեշտել, որ Կառավարությունը Կենտրոնական բանկում մոտ 300 մլդ դրամի ավանդ ունի, որը շուրջ 600 մլն դրամի չափով գումար է: Կառավարությունը 2018-2019 թվականներին, ձախողելով մի շարք ծրագրեր, գումար է խնայել, ինչպես նաև 2018-2019 թվականներին լրացուցիչ հարկեր է հավաքագրել: Այս ամենը հիմա որպես ավանդ կա և չի օգտագործվում»,- ասաց Պարսյանը:
Պարսյանի գնահատմամբ՝ անհասկանալի է, որ Կառավարությունը չի կարողանում իր հավաքած գումարը ծախսել և փորձում է ՎԶԵԲ-ից վարկային միջոցներով գումար ձեռք բերել: Ըստ նրա՝ Ֆինանսների նախարարը առաջին հերթին պետք է եղած գումարները արդյունավետ օգտագործեր, ապա նոր՝ վարկ վերցներ:
Ըստ Կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ստորագրված համաձայնագրի՝ 45.8 մլն եվրո գումարը պետք է ծառայի Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականությանը, որը նշանակում է, որ այն պետք է ծառայի նաև տարբեր ուղղություններով քաղաքականության մշակման, փաստաթղթերի կազմման, կառավարման պետական ֆինանսավորմանը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀՀ Կառավարությունը համաձայնություն տվեց երկու նոր վարկային համաձայնագրերի, որոնց շրջանակներում նախատեսվում է մինչև տարեվերջ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավել ավելի քան 76,5 մլն եվրո (շուրջ 85 մլն դոլար) վարկային միջոցներ: Ավելի կոնկրետ պետք է նշել, որ Ասիական զարգացման բանկից Կառավարությունը սպասում է ավելի քան 36,5 մլն եվրո:
Իսկ ահա 2019 թվականի սեպտեմբերի դրությամբ ՀՀ Կառավարության արտաքին պարտքը 5 մլրդ 31 մլն դոլար էր կազմել: Հարկ է նշել, որ արտաքին և ներքին պարտավորությունները միասին հասել են ավելի քան 6 մլրդ 539 մլն դոլարի։
Մինչև 2019 թվականի ավարտը Կառավարությունը նախատեսում է վարկային պարտավորությունները հասցնել 6 մլրդ 940 մլն դոլարի, սակայն 2020 թվականի պետական բյուջեով նախատեսվում է վարկերի միջոցով բյուջե ներգրավել ևս շուրջ 420 մլն դոլար, իսկ նպատակային ծրագրերի իրականացման համար նախատեսվում է վարկային միջոցներից մոտ 85-90 մլն դոլար տրամադրել:
