Վիճակագրության հանդեպ մասնագիտական շրջանակներն ունեն հիմնավոր կասկածներ
27 Նոյեմբեր 2019 ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կառավարության կողմից ներկայացվող տնտեսական վիճակագրական տվյալներին՝ նշելով, որ դրանց նկատմամբ մասնագիտական բավականին լայն շրջանակներ ունեն որոշակի հիմնավորված կասկածներ:Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ եթե 7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշն արդեն հեղափոխություն է և շատ լավ է, ապա պետք է ասել, որ այդ պարագայում ավելի լավ ցուցանիշ ունեինք մինչև 2018թ.-ի մայիսյան իշխանափոխությունը, երբ 2018թ.-ի առաջին չորս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում էր 9,4 տոկոս, ինչը չի գերազանցվել մինչև օրս:

«Առաջանում է նաև երկրորդ հարցը. եթե տնտեսական ակտիվության ցուցանիշը 7,1 տոկոս է, և մենք տարին փակելու ենք 7 տոկոսով, ապա ինչո՞ւ 2019թ.-ին այսպիսի արդյունք ունենալով, 2020թ.-ի պետական բյուջեում ունենք ընդամենը 4,9 տոկոսանոց տնտեսական աճի կանխատեսում»,- հարցնում է Թադևոս Ավետիսյանը:
Տնտեսագետի դիտարկմամբ՝ այնուամենայնիվ, տնտեսական աճի այս ցուցանիշները հեղափոխական կամ իներցիոն անվանելու համար պետք է նաև անդրադառնալ դրա կառուցվածքին: Ըստ այդմ՝ ամենաբարձր աճը կրկին ապահովվել է ծառայությունների ոլորտում, այսինքն՝ խաղային բիզնեսում, այն ինչը խնդիր էր համարվում այս կառավարության կողմից, և նույնը շարունակվում է նաև այսօր:
«Դրական է, որ արդյունաբերության բնագավառում ունենք 8 տոկոսից ավելի տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայցևայնպես մեր տնտեսության կառուցվածքը նույնիսկ միտումների առումով դեռևս հեռու է արդյունավետ վիճակից, որովհետև նույն արտահանումը 2019թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսների կտրվածքով գրանցել է ընդամենը 7 տոկոս աճ, մինչդեռ մինչև իշխանափոխությունը արտահանման ցուցանիշը 2018թ.-ի առաջին չորս ամիսներին աճել էր շուրջ 25 տոկոսով»,- նշում է Թադևոս Ավետիսյանը:
Տնտեսագետի փոխանցմամբ՝ հեղափոխականին մոտ արձանագրում կա պետբյուջեի եկամուտների մասով, որոնք իսկապես ավելացել են մոտ 20 տոկոսի չափով, սակայն դա հիմնականում այն հանգամանքի հաշվին է, որ մեծ բեռն ընկել է փոքր ու միջին բիզնեսի ուսերին ու նաև վարչարարության վրա: Նման հավաքագրումների պարագայում հաջորդ տարիների բյուջեի հավելյալ եկամուտները պետք է արձանագրվեն կամ գնաճի, կամ էլ ՀՆԱ-ի աճի հաշվին: Իսկ ՀՆԱ-ն կավելանա միայն ներքին ու արտաքին ներդրումների հաշվին: