Միայն նպաստները, կենսաթոշակները բարձրացնելով՝ աղքատության հարցը չի լուծվի
30 Նոյեմբեր 2019 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, ըստ որի 2018 թվականին 2017թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 8.6%-ով կամ 2.2 տոկոսային կետով և կազմել 23.5%։«23.5% աղքատության մակարդակը նշանակում է, որ երկրի բնակչության մոտ ամեն չորրորդը ամսական 42 621 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել»,-գրել է պատգամավորը։

ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ եթե վերջին 3-4 տարիները դիտարկենք, ըստ էության նմանատիպ կրճատումներ ունեցել ենք՝ 1-ից մինչև 3 տոկոսի շրջանակներում։
«Այսինքն 2018-ը 2017-ի համեմատ կտրուկ աղքատության կրճատում տեղի չի ունեցել։ Սակայն պետք է դրական գնահատել այդ տենդենցը։ Նկատենք, որ աղքատության շեմիկրճատումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ տնտեսական, քաղաքակն, սոցիալական և այլն»,-ասաց նա։
Տնտեսագետը սակայն հավելեց, որ մեզ մոտ խնդիր կա աղքատության շեմի գնահատման առումով.«Տարբեր տեղական, միջազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ աղքատ համարվողների մոտ 40 տոկոսն, ըստ էության,ն աղքատ չեն, ուղղակի նրանք թաքցնում են իրենց եկամուտները՝ սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու համար։ Հարյուր հազարավոր մարդիկ կան, որոնք գտնվում են աղքատության շեմին և ընդգրկված չեն այս հաշվարկի մեթոդաբանության մեջ։ Այսինքն մենք խնդիր ունենք ճշգրտելու աղքատության ցուցանիշներն ու շեմը»։
Պարսյանը նկատեց, որ 2018 թվականին ունեցել ենք անվանական աշխատավարձի մոտտ 5.6 տոկոս աճ, ինչպես նաև 2018 թվականին մի շարք սոցիալական ծրագրեր են իրականացվել։
«Բարձրացել են որոշ պետական աշխատողների՝ ոստիկանների, զինվորականների, աշխատավարձերը և դրա հաշվին հնարավոր է որոշակի կրճատումներ տեղի ունենան։ Կարծում եմ՝ 2019-ին ավելի մեծ կլինի աղքատության կրճատման ցուցանիշը, քանի որ այս տարվա ընթացքում ընդունվեցին շատ կարևոր որոշումներ՝ նվազագույն կենսաթոշակի մասով, որը սահմանվեց 25.500 դրամ,նաև այս տարվա ընթացքում նվազագույն աշխատավարձի բարձրացում տեղի ունեցավ և առաջին անգամ նվազագույն աշխատավարձը հավասարվեց նվազագույն սպառողական զամբյուղին»,-շեշտեց նա։
Տնտեսագետը փաստում է, որ այդ ուղղությամբ բավականին լուրջ քայլեր են արվել, սակայն հստակ է , որ աղքատության կրճատում իներցիոն բնույթ ունի.«Մենք խնդիր ունենք ոչ միայն աղքատության շեմի կրճատման մասով, այլև մարդկանց կայուն եկամուտ ապահովելու գործիքներ տրամադրելու։ Միայն մարդկանց նպաստները, կենսաթոշակները բարձրացնելով մենք չենք կարող աղքատության հարցը լուծել»։