Ժողովուրդը կարող է չսպասել հերթական ընտրություններին
04 Դեկտեմբեր 2019 Եթե իշխանությունները շարունակեն այս նույն ոճով աշխատել, կարծում եմ, որ ժողովուրդը չի սպասելու մինչև հերթական ընտրություններ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը` անդրադառնալով իշխանությունների գործունեությանը և Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառմանը, ըստ որի այս իշխանությունը շատ շուտով և շատ անսպասելի հեռանալու է, դրա համար էլ իրենց պահում են տնվորի, երկիրը գրաված «քոչվոր նվաճողների» պես:
Տարոն Տոնոյանը նշեց, որ եթե իշխանություններն իրենց աշխատանքում փոփոխություններ չմտցնեն, անցնեն կարմիր գիծը, ապա ժողովուրդը կարող է երկար չսպասել: Չնայած դրան՝ նա նկատեց, որ իշխանության հեռանալը կախված է ժողովրդի քվեից, ժողովուրդը դեռևս սպասելիքներ ունի իշխանություններից: «Ցավոք, այդ իմաստով ժողովուրդը մոլորության մեջ է, բայց դեռևս սատարում է իր ընտրությանը, քանի որ իրենք են որոշում կայացրել, իրենք են ընտրել, իրենք իրենց որոշումից մի քիչ դժվար են հետ կանգնում, սպասելիքներ ունեն»,-ասաց նա:
ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, որ կուսակցությունը բոլոր տեսակ ելքերը դիտարկում է` արտահերթ, թե հերթական ընտրություններ: «Երբ ես շփվում եմ հասարակության տարբեր շերտերի հետ, դեռևս այդպիսի տրամադրություններ չեմ տեսնում, որ շուտով կլինի արտահերթ ընտրություններ: Իշխանությունների վարկանիշն անխոս ընկել է, սակայն չի հասել այն կրիտիկականին, որպեսզի այս իշխանությունները հեռանան»,-ասաց նա:
Ըստ Տարոն Տոնոյանի` մարդկանց մոտ հիասթափության առաջացման հիմնական գործոնը իշխանության խոսքի և գործի տարբերությունն է: «Կարող է ինչ-որ բան փոխվի իշխանությունների մոտ, հնարավոր է կադրային փոփոխություններ լինեն, կառավարությունը փոխեն, բայց եթե այսպես շարունակվի, իհարկե, կարծում եմ, որ ժողովուրդը չի սպասելու մինչև հերթական ընտրություններ: Մենք, իհարկե, չենք ուզում ձախողում, քանի որ դա վատ է անդրադառնում մեր ապագայի վրա, սակայն միևնույն ժամանակ չենք ուզում, որ ժողովուրդը երկար այս թմբիրի մեջ մնա, նա պետք է պահանջատեր լինի: Մեր կուսակցությունը պարտավոր է հարցերը տեսնել ավելի խորքային, մենք պատրաստվում ենք, բոլոր տեսակ սցենարները մշակած են»,-ասաց նա:
