Կատար մուտքի արտոնագրի չեղարկումը հազիվ թե տնտեսական մեծ ազդեցություն ունենա
10 Դեկտեմբեր 2019 Դեպի Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման որոշումը տնտեսական ակտիվության հասնելու առաջնային գործոն չէ: Եթե ասում ենք տնտեսական ակտիվություն, ապա մեր երկրում պետք է Կատարից ներդրումներ լինեն, կամ էլ արտահանումը դեպի այդ պետություն ավելանա: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
«Կատար մուտքի արտոնագրի չեղարկումից դժվար է ակնկալել տնտեսական մեծ ազդեցություն: Առանց այդ էլ մենք արաբական երկրների հետ չունենք առանձնապես բարդեցված ընթացակարգ, որպեսզի խոշոր ներդրողների կամ մեր երկրից խոշոր արտահանողների համար առաջնային խնդիրներ առաջանան»,- նշեց նա:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք արաբական երկրներում և, մասնավորապես, Կատարում առանձին մասնագիտությունների գծով կա աշխատուժի պահանջարկ, ուստի մեր մասնագետների համար, ըստ Թադևոսյանի, դա կարող է խթան հանդիսանալ արտագնա աշխատանքի համար, բայցևայնպես, այստեղ էլ կա մտահոգություն, որ վիզաների ազատականացումից ամբողջական արդյունք տեսնելու համար պետք է լինի նաև աշխատուժի շարժը կարգավորող միջպետական համաձայնագիր, ինչը դեռևս բացակայում է:
«Նման պայմաններում մեծ է ռիսկը, որ արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները կարող են ունենալ խնդիրներ, մասնավորապես, աշխատանքի իրավունքի պաշտպանության իմաստով, քանի որ մարդիկ մեր երկրի օրենսդրությամբ շատ ավելի պաշտպանված են, ունեն աշխատանքային երաշխիքներ, քան արաբական երկրների աշխատանքային օրենսդրությունների պարագայում»,- նշեց Ավետիսյանը:
Տնտեսագետի համոզմամբ՝ վերոհիշյալ հարցի շրջանակում միջպետական հարաբերությունների կարգավորման հստակ անհրաժեշտություն կա:
ՀՀ քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման որոշումը պաշտոնապես ուժի մեջ է մտել դեկտեմբերի 8-ից: Որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել Կատար և այնտեղ գտնվել մինչև 90 օր ժամկետով՝ առաջին մուտքի օրվանից վեց ամսվա ընթացքում: