Անօրինական մեթոդներով օրինականություն հաստատել հնարավոր չէ
27 Դեկտեմբեր 2019 ՍԴ դատավորների մեծամասնությունը պատրաստ չէ գնալու օրինական կաշառքը ստանալ ճանապարհով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:«Ակնհայտ է, որ Վահե Գրիգորյան օպերացիան, բազմաթիվ քրեական գործերով, բազմաթիվ ապօրինի վարգաքիծ դրսեւորելով իշխանությունը չի հասել հաջողության: Վերջին փորձը օրինական կաշառքի միջոցով ազատվել ՍԴ-ից, դա էլ չի հաջողվում, որովհետեւ ճանաչելով թե ՍԴ այն դատավորներին, որոնք նշանակվել են մինչեւ 2018 թվականը եւ բազմաթիվ գործերով ցույց են տվել իրենց վճռականությունը, պարզ է, որ նրանց մեծամասնությունը պատրաստ չէ գնալու օրինական կաշառքը ստանալ տարբերակով: Հիմա, իմ խորին համոզմամբ, իշխանությունը փորձում է կիրառել «աչք վախեցնելու» մեթոդը: Այս ապօրինի գործողություններն ի վերջո պատասխանատվության են կանչելու դրանց նախաձեռնողներին, պատվիրատուներին: Իշխանափոխության առաջին իսկ պահից սկսած կդառնա նոր իշխանության կողմից անցումային արդարադատության կարեւոր ուղղություններից մեկը», - ասաց Արծվիկ Մինասյանը:
Նա հավելեց, որ որպես հարցաքննություն ձեւակերպված քննչական գործողությունը ցանկացած պահի կարող է վերածվել ուղղակի մեղադրանքի առաջադրման. «Չի բացառվում, որ սա վերածվի ազատությունիցզրկման գործողության,՝ ձերբակալման, կալանավորման եւ այլ տեսքով: Հնարավոր ելքը կանխատեսելի է նաեւ ՍԴ դատավորների եւ նախագահի համար, որոնք պահպանում են սահըմանադրական նորմը: Կարեւոր է, որ նրանց տոկունությունը լինի ի պաշտպանություն սահմանադրական նորմերի:
Ես կոչ եմ անում նաեւ մեր քաղաքացիներին, անօրինական մեթոդներով օրինականություն հաստատել հնարավոր չէ: Իրենք պիտի բացեն իրենց աչքերն ու տեսնեն, որ այն երազանքների Հայաստանը, որն իրենք ուզում էին ընդամենը մեկ տարի առաջ, ցավոք, այսօր աստիճանաբար մարում են: Օր առաջ պետք է պահանջատերը լինեն իրավունքի գերակայության ապահովմանն ու իշխանություններին պարտադրեն վերադառնալ սահմանադրական ընթացակարգեր», – հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
