Հեղափոխական տնտեսական աճ չունենք
13 Հունվար 2020 Արժույթի միջազգային հիմնադրամի ցուցանիշներով Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով գերազանցել է Վրաստանին:Եթե նայենք 90-ականներից վերջերից հետո կտեսնենք, որ Հայաստանի տնտեսությունը շարունակաբար աճել է (բացի 2008-2009 թթ.) : Այնպես որ, տնտեսական աճը բոլոր կառավարությունների ջանքերի ներդրումն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, տնտեսագետ Արթուր Խաչատրյանը:
«Սրանից 10-15 տարի առաջ Հայաստանի տնտեսական աճն այնքան բարձր էր, որ կոչվում էր կովկասյան վագր: ԱՄՀ-ի թվերը 2019-ի համար կանխատեսում են, որ Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելի մեծ է, քան Վրաստանինը: Վրաստանի էկոնոմիկայի նախարարն ասում է, որ իրենք մեթոդաբանություն են փոխելու և փոփոխված մեթոդաբանությամբ այլ պատկեր են ստանալու: Երբ «նոր» թվերը լինեն, այդ ժամանակ էլ կխոսենք, հիմա թվերն այլ բան են ասում»,- հայտարարեց նա:
Դիտարկմանը՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասում է՝ պետք է հիմք ընդունել համաշխարհային բանկի տվյալները, որով մենք զիջում ենք Վրաստանին, Արթուր Խաչատրյանն ասաց. «Երկու կառույցներն էլ տվյալներ են հաղորդում, Համաշխարհային բանկը դեռ 2019-ի տվյալներ կամ կանխատեսումներ չի հրապարակել, բայց այն որ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը տնտեսական աճ է ունեցել՝ դա անվիճելի է»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը հայտարարել է՝ իրենց նպատակը ցուցանիշներով հարևանների հետ համեմատվելը չէ և նշել է, որ քաղաքացին հիմա ավելի լավ է ապրում, քան առաջ և օրինակ է բերել կենսաթոշակների, աշխատավարձերի բարձրացումը, նա ասաց. «Կենսաթոշակների այդ 10 տոկոս բարձրացումը այս տարվանից է ավելացել: Թող բարձրանան, տեսնենք: Հիմա բնակչության մի փոքր խավ շատ-շատ վատ ապրելուց սկսի ապրել վատ, չի նշանակում, թե բարեկեցության էական աճ կա»:
Ինչ վերաբերում է խորհրդականի բերած օրինակին, որ եկամտահարկի համահարթեցման բազմաթիվ քաղաքացիների աշխատավարձեր են բարձրացել, Արթուր Խաչատրյանը նշեց, որ իրենց կուսակցությունը կողմնակից է պրոգրեսիվ հարկմանը:
«Հիմա ամբողջ աշխարհում այդ տենդեցն է, որ շատ աշխատավարձ ստացողը պետք է ավելի շատ վճարի եկամտահարկ, խոսքը բացարձակ արժեքի մասին չէ, պետք է պրոգրեսիվ սանդղակը լինի: Այդ դեպքում մենք կկարողանանք ապահովել տնտեսական ներառական աճ, այս ձևով տնտեսական ներառական աճ ապահովել չի լինի: Այսինքն՝ խնդիրը, որ կառավարությունն իր առջև դրել է, չի կարողանալու լուծել: Ներառականություն ենթադրում է եկամուտների վերաբաշխում, իսկ իրենք աղքատից էլ են նույն հարկը վերցնում, հարուստից էլ. այդպես ո՞նց կարելի է»,- նշեց նա:
Դիտարկման ի պատասխան, թե վարչապետի խորհրդականը համահարթեցումը բերում է օրինակ, թե դրանից ելնելով են մարդիկ սկսել ավելի լավ ապրել, քանի որ աշխատավարձ է բարձրացել, նա ասաց. «Ախր այդ մարդիկ հունվար ամսվա աշխատավարձը սկսելու են ստանալ 15-20 օր հետո, որ ստանան, սկսեն ավելի լավ ապրեն, նոր վարչապետի խորհրդականը կարող է ասել, որ ավելի լավ են ապրում, բայց Հարկային օրենսդրությունը հունվարի 1-ից է գործում, դեռ որևէ մեկը հարկ չի վճարել, աշխատավարձ չի ստացել, ձուկը ջրում, ո՞նց կարելի է նման պնդում անել»:
Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ 2020-ին Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշով կարող է գերազանցել նաև Արդբեջանին, Խաչատրյանը նշեց, որ դա կախված է նաև նրանից, թե Ադրբեջանի տնեսությունն ինչպես իրեն կպահի: Նա նշեց, որ Ադրբեջանի տնտեսության մասին շատ բան ասել չի կարող, բայց ըստ նրա, շատ ավելի կարևոր խնդիր կա:
«ՀՆԱ-ի աճը, որ ցույց են տալիս, արդյո՞ք տնտեսության իրական աճ է, թե դա ստվերի կրճատման հաշվին թվացյալ աճ է: Պատկերավոր ասեմ՝ ենթադրենք, որևէ ձեռնարկություն արտադրում է 100 միավոր արտադրանք և վաճառում է իրեն վստահելի ցանցի միջոցով 100 միավորը, բայց ցույց է տալիս 70-ը: Սակայն հիմա, երբ հարկային վարչարարության բարելավման արդյունքում մարդիկ ցույց են տալիս, որ հենց 100 միավոր են արտադրում, տպավորություն է ստեղծվում, որ ՀՆԱ-ն ավելի աճել է, բայց իրականում տնտեսությանն ինչ կար, այդպես էլ մնացել է, և մենք ունենք ՀՆԱ-ի աճի աղճատված պատկեր»,- ասաց նա:
Արթուր Խաչատրյանն ընդգծեց՝ ստվերի որոշակի կրճատումը, իհարկե, դրական է, բայց դա չի նշանակում, որ տնեսական աճ ունենք: «Պետք է իրերն իրենց անուններով կոչել: Տնտեսական աճը որպես այդպիսին հեղափոխական չէ: Ես կարծում եմ, որ հեղափոխական տնտեսական աճ չունենք, տնտեսությունը նույն պոտենցիալի վրա է, տնտեսական պոտենցիալը չի փոխվել և չի էլ փոխվի մինչև պետությունը հիմնական միջոցների մեջ ներդրումներ չանի: Մեզ մոտ կապիտալ բյուջեն 2019-ին խայտառակ մակարդակի էր իրացվել: Տնտեսության էական աճ մենք չենք ունենա, որովհետև ավել գումարը հավաքում են և տնտեսական լուրջ ծրագրեր իրականացնելու փոխարեն ճանապարհներ են ասֆալտապատում (ոչ թե նոր ճանապարհներ կառուցում): Դա տնտեսական աճի չի բերի, պետք է պետությունը նպատակային, թիրախային կապիտալ ծախսեր անի, որպեսզի տնտեսությունը մեծանա, աճի: Հիմա, եթե տնտեսության պոտենցիալը չի փոխվել, աճն էլ է նույնը լինելու, ինչ նախկին 10 տարվա ընթացքում: Ուղղակի ստվերի կրճատման արդյունքում փորձ է արվում ցույց տալ, թե կա տնտեսական էական, հեղափոխական աճ. չկա նման բան»,- շեշտեց նա:
