«Բիլայն» և «Յուքոմ» ընկերությունների միացումը կբերի սակագների բարձրացման
13 Հունվար 2020 «Բիլայնը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով իր բաժնետոմսերը «Յուքոմ» ընկերությանը վաճառելու վերաբերյալ թույլտվություն ստանալու համար:
ArmDaily.am-ի հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշեց, որ Հայաստանը նմանատիպ վատ փորձ արդեն ունեցել է.«Երբ «Արմենթելը» 10 տարի շարունակ ուներ մենաշնորհ դիրք: Եվ դա բավականին բացասական հետևանքներ թողեց երկրի տնտեսական զարգացման վրա: Հեռահաղորդակցման ոլորտում մենք 10 տարի առաջ ունեցանք այդ բացասական հետևանքները, հիմա, եթե կրկնվի նույն սցենարը, ապա կրկնակի կորուստներ ենք ունենալու, որովեհտև հիմա համաշխարհային տնտեսությունը բացառապես զարգանում է առաջնային գործոն ունենալով որպես հեռահաղորդակցման ոլորտը: Իսկ այս երկու ընկերությունների միավորմամբ կունենանք օպերատոր ընկերությունների թվի կրճատում: Եթե մենք ունենանք դաշտում երկու խաղացող, մանավանդ մեկը՝ U com-ը, կարժում եմ՝ իր ծավալներով կունենա գերիշխող դիրք, այս իրավիճակում մտահոգության առիթ կլինի, քանի որ շուկայի մենաշնորհացման աստիճանը կմեծանա»:
Տնտեսագետի խոսքով՝ միացումը բերելու է մրցակցության կրճատման.«Բնականաբար դա կբերի սակագների բարձրացման, ինչու ոչ նաև որակի անկման պատճառ: Փորձը ցույց է տալիս՝ որքան ուժեղ է մրցակցությունը, այդքան բարձր է ծառայությունների որակը, զարգացման տեմպը»:
Ավետիսյանը նշում է՝ Հայաստանում ՏՏ ոլորտն ամենազարգացող ոլորտներից մեկն է.«Եվ նման որոշումներ կայացնելիս պետք է բավականին լուրջ լինել»: Տնտեսագետը նաև հավելեց, որ այս ոլորտի խոշոր օպերատորներն այդքան էլ հետաքրքրված չեն Հայաստանով, քանի որ այստեղ շուկան փոքր է.«Եթե հետաքրքրված լինեին, ապա մենք կունենայինք մի քանի անգամ ավել օպերատորներ, բայց ունենք այն՝ ինչ ունենք: Դա ենթադրում է նաև օտարերկյա ուղղակի ներդրումներ, իսկ ՀՀ-ն օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով արձանագրում է՝ վերջին երկու տարիների կտրվածքով, բացասական միտում: Օտարերկրյա ուղղակի ներդրումները 2019-ին նախորդ տարվա համեմատ նվազել են և արձանագրվել է կապիտալի փախուստի միտում: Սա նույնպես կարևոր է, քանի որ ներդրողների համար կարևոր է երկրի ներդրումային միջավայրը»:
Անյուտա Աթանեսյան
