HSBC բանկը չի կարողանում մրցակցել Հայաստանի բանկերի հետ
31 Հունվար 2020 Սա պատահական տեղեկատվական արտահոսք չէր։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների ղեկավար Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով HSBC բանկի Հայաստանյան մասնաճյուղը փակելու լուրերին։ Սուրեն Պարսյանը դա տրամաբանական է, քանի որ վերջին տարիների ընթացքում HSBC բանկը տարածաշրջանից դուրս է գալիս:«Կարծում եմ՝ HSBC բանկը տարածաշրջանում լուրջ մրցակցային իրավիճակում է գտնվում։ Հայաստանի բանկային հատվածը բավականին զարգացած է, կարգավորված ի տարբերություն Ադրբեջանի և Վրաստանի, ինչի մասին նաև HSBC-ի գլխամասային ղեկավարներն էին հայտնում։ Նրանք, սակայն, չեն կարողանում Հայաստանում մրցակցել տեղական բանկերի հետ։ Նրանց մոտ որոշումների կայացման գործընթացը բավականին ժամանակատար, ծախսատար պրոցես է»,-նշեց Սուրեն Պարսյանը։
Վերջինս հավելեց՝ HSBC բանկի կողմից վարկավորվում են հիմնականում խոշոր ներդրումային ծրագրեր։ Բանկի կողմից մատուցվող ծառայություններն էլ համեմատաբար Հայաստանի մյուս բանկերի բավականին թանկ են, ինչի արդյունքում էլ նրանց մոտ տնտեսագետի կարծիքով հոսքերը կրճատվել են։

«Բնական է՝ սա ազդել է նրանց շահութաբերության վրա։ Երբ նայում ենք բանկերի շահութաբերության ցուցանիշներին, տեսնում ենք՝ HSBC-ն լավագույն հնգյակի մեջ չկա։ Կարծում եմ՝ սա մտահոգություն է առաջացրել այս կազմակերպության բաժնետերերի մոտ, և նրանք որոշակի վերանայումներ կանեն։ Եթե ցանկանում են մնալ, ապա պետք է ապրանքային շուկայում վերանայեն իրենց գնային, վարկային քաղաքականությունը»,-ասաց տնտեսագետը։
Այս պահի դրությամբ HSBC բանկի հիմնական մրցակցային առավելությունն ըստ Սուրեն Պարսյանի՝ իր համաշխարհային ցանցն է։ Հայաստանի տնտեսվարողները, ինչպես նաև ֆիզիկական անձինք նախընտրում են HSBC բանկը, քանի որ այն համաշխարհային ճանաչում ունեցող բրենդ է։
Սուրեն Պարսյանի վստահեցմամբ HSBC բանկի հայաստանյան մասնաճյուղի հնարավոր փակումը չի կարող մեծ բացասական ազդեցություն թողնել, ավելի շատ այն կթողնի իմիջային ազդեցություն. «Հայաստանում HSBC-ի նման կարևոր, համաշխարհային ճանաչում ունեցող բրենդը խոսում է Հայաստանի տնտեսության հեղինակության մասին։ Նույն կերպ գերմանական ProCredit-ը դուրս եկավ։ Մենք պետք է պահենք նման բրենդները»,-նշեց Սուրեն Պարսյանը։
Հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել նման բրենդներին պահելու համար, տնտեսագետը նկատեց՝ նախ կազմակերպության ղեկավարը պետք է նման ցանկություն ունենա, որպեսզի փոփոխեն իրենց ապրանքային, գնային քաղաքականությունը, ցանցն ընդլայնեն։ Դրանից ելնելով էլ պետք է շուկայում ակտիվանան. «Բացի այդ շատ կարևոր է, որ Կենտրոնական բանկն իրենց հետ առանձին քաղաքականություն վարի և փորձի նրանց պահել այստեղ՝ այս կամ այն գործիքակազմով խրախուսելով հայկական շուկայում նրանց մնալը»,-ընդգծեց Սուրեն Պարսյանը։