Իշխանությունն իր անպատասխանատվությունը քողարկելու համար է հանրաքվե անում
01 Մարտ 2020 Գյուղատնտեսությունում է ընդգրկված մեր բնակչության մեծ մասը, բայց Հայաստանի կառավարության մեջ գյուղատնտեսություն բառ չկա։ «Փաստինֆո»-ի եթերում այս մասին ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։
Վերջինս նկատեց՝ գյուղատնտեսությունն էական նշանակություն ունի, և այդ կրճատումն իր անմիջական ազդեցությունն ունեցել է տնտեսական աճի վրա։ Արթուր Խաչատրյանի կարծիքով, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա, պետք է լինի գյուղատնտեսության հզոր լիազոր մարմին՝ մեծ բյուջեով և էական գործիքակազմով. «Սրանից մի քանի տարի առաջ սուբսիդավորում էին սերմերը, պարարտանյութը, վառելիքը և այլն, որը ոչ արդյունավետ էին։ Նախարար դառնալուց հետո ասացի, որ դրանք չեն լինելու, բայց այլ բաներ չեն արվում։ Այդ խելացի անասնագոմերն իհարկե շատ լավ բաներ են, բայց մեր գյուղացիներից հազարից մեկը չունի այդ 101 մլն դրամը, որ խելացի անասնագոմ սարքի։ Դրանով օգնում ես հարուստ մարդկանց, որ զբաղվեն ագրոբիզնեսով։ Դա կօգնի գյուղատնտեսությանը, բայց գյուղացուն չի օգնի»,-նշեց Արթուր Խաչատրյանը։
Մեկ տարի առաջ էր, երբ կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ն փոխեց կառավարության կառուցվածքը և գործունեության մասին օրենքը, որի հիմնավորումն էր արդյունավետության բարձրացումը։ Արթուր Խաչատրյանի խոսքով, սակայն, մեկ տարի անցել է և կառավարությունն իրեն գոնե մեկ անգամ իրեն նեղություն չի տվել՝ ասելու, որ նախարարություններն իրար են միացրել և արդյունավետությունը բարձրացել է. «Այդ անպատասխանատվությունը քողարկելու համար են հանրաքվե անում, որ այսօր չհարցնենք՝ ինչ շահեցինք Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, երբ Սփյուռքի նախարարությունը քանդեցինք ու տեղը մի հանձնակատար բերեցինք»,-հավելեց նախկին նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում