Արտակարգ դրության ավարտին ունենալու ենք լուրջ պարտքային իրավիճակ
18 Մարտ 2020 Կորոնավիրուսը մեծ հարված է հասցրել առաջին հերթին զբոսաշրջության և տրանսպորտի ոլորտին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:Նրա խոսքով՝ զբոսաշրջության ոլորտը մեր ՀՆԱ-ի մոտ 4,4 տոկոսն է զբաղեցնում, այստեղ զբաղված են 30-40 հազար մարդ, և այս ոլորտը հիմա լուրջ ճգնաժամի առջև է կանգնած, ֆինանսական խնդիրներ, բանկերում վարկեր, տարածքի վարձակալության գումարներ, աշխատավարձեր վճարելու և այլ խնդիրներ ունի: «Այս ոլորտը այս մեկ ու կես ամսվա ընթացքում արդեն լուրջ վնասներ է կրել, բացի այդ չեղարկվել են ապրիլ, մայիս, հունիս, հուլիս ամիսների պատվերները: Այսինքն՝ մոտակա շրջանում նրանք որևիցե հույս չունեն, որ կարող են վերականգնել իրենց նախկին շրջանառությունը, նախկին վիճակը»,- նշեց նա:

Պարսյանի խոսքով՝ այս իրավիճակը պետք է շտկվի ամենուր, այդ թվում՝ Հայաստանից դուրս, որ մեզ մոտ էլ տուրիզմի ոլորտը որոշակի առումով դուրս գա այս իրավիճակից: «Այս իրավիճակում բազմաթիվ փոքր և միջին տուրիստական ընկերություններ պարզապես կդադարեցնեն գործունեությունը, նույնիսկ խոշորները կկանգնեն լուրջ վարկային խնդիրների առաջ: Նրանք փորձ են անում հիմա օգտվել բանկերի տված վարկերի հետաձգման հնարավորությունից, բայց դա էլ լուծում չէ, քանի որ երրորդ ամսին նրանք պետք է վճարեն միանգամից երեք ամսվա գումար, բնականաբար, այս պահի դրությամբ նրանք չունեն պատվերներ, որ կարողանան երրորդ ամսում գումար մարել բանկերում: Այսինքն՝ բանկերի՝ երկու ամսով վարկերի մարումը հետաձգելն էլ լուրջ և բավարար չէ, նվազագույնը երեքից վեց ամիս պետք է հետաձգվի»,- ասաց նա:
Հաջորդ կարևոր խնդիրն արտակարգ դրության ժամանակ, որի մասին նշեց տնտեսագետը պարենի անվտանգությունն է: Նրա խոսքով՝ Հայաստանի պարենի ինքնաբավության ցուցանիշները բավականին ցածր են, հատկապես մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների՝ հավի, խոզի միս, ցորեն, ոլոռ, ոսպ, սիսեռ, բրինձ և այլն մասով:
Դիտարկմանը՝ կառավարությունը՝ ՏՄՊՊՀ-ն վստահեցնում է, որ պարենի պակաս չի լինելու, անհրաժեշտ քանակություն կա, բացի այդ բեռնափոխադրումը չի դադարեցվել, նա արձագանքեց, որ հայտարարվել է, որ մենք առնվազն մեկ ամսվա պաշար ունենք. «Հաշվի առնելով, որ նշված ապրանքների 60-70 տոկոսը ներկրում ենք, պետք է ունենանք առնվազն երեք ամսվա պարենի պաշար, քանի որ հնարավոր է՝ այս պարենամթերք արտահանող երկրները, որոշում կայացնեն օրինակ ոսպի կամ թռչնի մսի արտահանումը սահմանափակել, քանի որ իրենց երկրներում ինչպես և մեզ մոտ կա մեծ պահանջարկ: Բացի այդ կարող է առաջանալ այլ լուրջ տնտեսական խնդիր՝ իրենց արտադրողական հզորությունը չբավարարի այս իրավիճակում»,- հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, Սուրեն Պարսյանը նշեց, որ հիմա բեռնափոխադրման ժամանակ խիստ ստուգումներ կան, և կարող են բեռներն ուշանալ, հետևաբար, մենք առնվազն երեք ամսվա պաշար պետք է ունենանք:
Հարցին՝ ի՞նչ խնդիրների կհանդիպենք արտակարգ դրության ավարտից հետո, տնտեսագետը պատասխանեց. «Արտակարգ դրության ավարտից հետո ունենալու ենք լուրջ պարտքային իրավիճակ, կազմակերպությունները մեծ պարտքեր են կուտակելու միմյանց, նաև պետության, աշխատողների հանդեպ, մարդիկ բանկերի հանդեպ և այլն: Այս իրավիճակը կարող է նաև դատական քաշքշուկների, տարբեր ֆինանսական խնդիրների հասցնել, որովհետև, բնականաբար, յուրաքանչյուր կազմակերպություն փորձելու է իր գումարը հետ վերցնել և տարբեր միջոցների կարող է դիմել: Այստեղ շատ կարևոր է, որ պետությունը նախ՝ առաջինը վարկերը դարձնի ավելի մատչելի: Ողջունելի է, որ կենտրոնական բանկը ամբողջ 0,25 տոկոսով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, բայց դա քիչ է, ավելին` պետք է արվի, ևս 0.25-ով պետք է իջեցվի, որով վարկերն ավելի մատչելի ու հասանելի կդառնա տնտեսվարողներին»:
Բանախոսն ընդգծեց, որ փոքր և միջին բիզնեսի համար էլ պետությունը պետք է վարկերի սուբսիդավորման նոր հրատապ մեխանիզմներ առաջարկի, որ այս կազմակերպությունների վարկերի տոկոսները լինեն զրոյական կամ շատ ցածր: «Համաձայն եմ վարչապետի հետ, որ դա պետք է լինի հստակ և հասցեական, այլ ոչ թե համատարած: Համատարածի դեպքում կստացվի, որ տարբեր ոլորտների օլիգարխներ, որոնք հիմա շահույթ են կուտակում, նրանք էլ կօգտվեն վարկային այս աջակցությունից: Այդպես չպետք է լինի, հասցեական պետք է արվի դա»,- ասաց նա:
Կա՞ն համապատասխան միջոցներ, որ պետությունը վարկերի սուբսիդավորման նոր ծրագիր առաջարկի, նա նշեց, որ այո, կան այդ միջոցները: «Այս կառավարությունը 2018-2019թթ․ ընթացքում ձախողելով մի շարք պետական ծրագրեր, ավել հավաքագրելով մոտ 600 մլն դոլարի ավանդ է դրել ԿԲ՝ այդ ավանդը կարող է պետությունը հետ վերցնել և ծախսել տնտեսությունը աշխուժացնելու, վնասները փոխհատուցելու համար: Այսինքն՝ մենք գումար ունենք, խնդիրը տնտեսական թիմն է, տնտեսական ծրագրերը և դրանք կյանքի կոչելու կարողությունը»,- նկատեց Պարսյանը:
Դիտարկմանը՝ տուժող ոլորտներից է նաև բանկային համակարգը, նա արձագանքեց, որ բանկային համակարգը պետք է հասկանա, որ եթե փոքր և միջին բիզնեսը կամ ընդհանուր տնտեսությունը վճարունակ չլինի, իրենք չեն վերադարձնելու իրենց գումարները: «Այս վատ իրավիճակում ընդհանուր տնտեսությունը վնաս է կրելու, պետք է այնպես անել, որ այդ վնասը ոչ թե մի քանի տնտեսավարողները կրեն, այլ ամբողջ տնտեսությունը, ամեն մեկն իր մասով, իր մասնաբաժինն ունենա: Այսինքն՝ բանկային հատվածն այդ վնասի մի մասն իր վրա վերցնի, պետությունն իր վրա վերցնի, հակառակ դեպքում լուրջ խնդիրներ կունենանք»,- ընդգծեց Պարսյանը:
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ այս իրավիճակը կրող է նաև ահավորություններ ստեղծել մեր տնտեսության վրա՝ տնտեսագետը նկատեց, որ վարչապետի ասածը տեսականորեն ճիշտ է, բայց գործնականում մենք չունենք այդ հիմքերը, որ նման լավատեսական սպասումներ ունենանք: «Մեր արտահանման 24 տոկոսը պղինձն է, իսկ այս պահի դրությամբ պղնձի համաշխարհային գներն ընկնում են: Ընդհանուր ամբողջ արտահանման մոտ 30 տոկոսը հանքահումքային արտադրանքն է, իսկ դրանց գները նվազում են: Մենք չենք արտադրում բարձր տեխնոլոգիատար, գիտատար արտադրանք, բժշկական իրեր, պարագաներ, սարքավորումներ, որ այս պահին ավելացնենք մեր ծավալները և կարողանանք համաշխարհային շուկա մտնել: Վերցնենք օրինակ, դիմակները, այս պահին նույնիսկ չենք կարողանում բժշկական դիմակների ներքին պահանջարկը բավարարել: Այս ճգնաժամային պայմաններում մենք համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանք չենք կարող առաջարկել և չունենք էլ: Նման արտադրանք առաջարկելու համար, ենթադրենք, օրինակ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստեինք, դա կլիներ մեր առաջընթացը և տնտեսությունը կօգտվեր իրավիճակից, բայց չունենք այդ ռեսուրսն ու լաբորատորիաները, չունենք այդ պետական մոտեցումը, ուստի վարչապետի ասածն իրատեսական չէ»,- շեշտեց նա:
Հեղինակ Ամալյա Առաքելյան