Ռիսկերի կառավարման պատասխանատուն իշխանությունն է
22 Մարտ 2020 Նախագիծը լրջագույն լրամշակման կարիք ուներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:«Բոլոր տեսակետները պիտի հարգվեն և հավասարակշռվեն, աներկբա է, հետո ավելի դժվար ժամանակներ են գալու և առանց երկխոսության տեղ չենք հասնի: Գտնում եմ, որ հատկապես կարգապահական գործողությունների, պատժաչափերի սահմանման պարագայում օրենքը խիստ որոշակի պիտի լինի կամայականությունները բացառելու կամ նվազագույնի հասցնելու իմաստով»,- ասաց նա:

-Ուրբաթ օրն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծ, ըստ որի 5 տարի ազատազարկմամբ կպատժվեն այն անձինք, որոնք արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները կխախտեն, որն էլ կառաջացնի մարդկանց զանգվածային հիվանդացում: Ինչպե՞ս կբնութագրեք այս դրույթը, ի՞նչ է սա իրենից ներկայացնում:
-Այսօր, վարակի տարածման սպառնալիքով, ինչպես նաև հնարավոր անդառնալի հետևանքներով պայմանավորված, փակված աշխարհի պայմաններում, երկրները պայքարի տարբեր մարտավարություններ ու ռազմավարություններ են որդեգրում: Մի բան հստակ է՝ արտակարգ իրողությունն արտակարգ գործողություններ ու վարքագիծ է պահանջում, իսկ ռիսկերի կառավարման ողջ պատասխանատվությունն իշխանությանն է:
Բայց կուզեի առանձնացնել նաև քաղաքացիների սոցիալական պատասխանատվության մակարդակն ու գիտակցումը: Մի շարք, այդ թվում եվրոպական երկրներում արտակարգ ռեժիմից բխող խստագույն պատժամիջոցներ են սահմանվել: Կարգապահությունն ու հաստատված պրոտոկոլների պահպանումն արդյունավետ պայքարի հիմնական միջոցներն են: Չինացիներին հաջողվեց արագ արդյունքներ արձանագրել մի կողմից ռիսկերի արդյունավետ կառավարման, մյուս կողմից հասարակության կարգապահության, կազմակերպվածության ու հանրային հավաքական գիտակցության բարձր մակարդակի արդյունքում:
-Ընդդիմադիրները պնդում են, որ նախագիծը չունի որոշակիություն, Դուք ի՞նչ եք կարծում:
-Մոտեցում ունեմ, որ այս պարագայում ընդդիմադիր բառը գործածելը տեղին չէ: Բայց որ բոլոր տեսակետները պիտի հարգվեն և հավասարակշռվեն, աներկբա է: Հետո ավելի դժվար ժամանակներ են գալու և առանց երկխոսության տեղ չենք հասնի: Նախագիծը լրջագույն լրամշակման կարիք ուներ, այո… Գտնում եմ, որ հատկապես կարգապահական գործողությունների, պատժաչափերի սահմանման պարագայում օրենքը խիստ որոշակի պիտի լինի կամայականությունները բացառելու կամ նվազագույնի հասցնելու իմաստով:
-Ինչպես կգնահատեք պարետի, Պարետատան աշխատանքը, իշխանությանը հաջողվո՞ւմ է պատշաճ կատարել պարտականությունները:
-Կամ լավ, կամ՝ ոչինչ…ուզում են աշխատել: Ինձ հետոն է ավելի մտահոգում:
-Ինչպե՞ս եք գնահատում արտակարգ դրությամբ պայմանավորված ԶԼՄ-ների սահմանափակումը, բացի ԶԼՄ-ներից սոցցանցերի օգտատերերին էլ չի թույլատրվում տարածել խուճապ պարունակող տեղեկատվություն: Սա ինչի՞ մասին է խոսում:
– Covid19-ի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում Արտակարգ դրության իրավական ռեժիմով խոսքի ազատությունը սահմանափակող երկրները կարծես շատ քիչ են: Մեր կողքին են Հոնդուրասը, Ռումինիան: Սա կամայականության և տարընթերցումների լուրջ դուռ է բացում: Անցնող օրերին օրինակները շատ էին, մտահոգիչ է, մանավանդ, երբ հստակ չէ խուճապի իրավական սահմանումը: Հակված եմ հետևել ընթացքին: