Վտանգի առաջ մեր երկիրն է, հայրենիքը, մենք՝ բոլորս
31 Մարտ 2020 Համաճարակի տարածման կանխարգելման ավելի անարդյունավետ ճանապարհ հնարավոր չէր մշակել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով խորհրդարանի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունված Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:«Այդ օրենքով առաջարկվում է՝ արտակարգ դրության դեպքում հասանելի դարձնել յուրաքանչյուր հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսկցության ամսաթիվը, սկիզբն ու ավարտը պարզելու տվյալները, իսկ հեռախոսային զանգի վերահասցեավորման կամ փոխանցման դեպքում՝ այն հեռախոսահամարի տվյալները, որին փոխանցվել է զանգը: Նույնը նաև էլեկտրոնային հաղորդակցման միջոցների ծրագրային ապահովման օգտագործման և կիրառման միջոցների դեպքում: Եվ այս ամենը հիմնավորվում է՝ մեր երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված թվային համակարգերի ներդրման արդյունավետությամբ»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ նախագծի նպատակ է նշվում՝ ժամանակակից էլեկտրոնային և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմի միջոցով ստացված տվյալների մշակման և վերլուծության հիման վրա հնարավորություն կստեղծվի կանխորոշել և սահմանափակել անձանց տեղաշարժման և շփումների շրջանակը, տարածման ուղղությունները և առավել արդյունավետ հսկողություն իրականացնել անձանց տեղաշարժի սահմանափակման ռեժիմի պահպանման նկատմամբ:
«Ըստ իս, նշված նպատակն ու նրան հասնելու համար առաջարկված միջոցը համաչափ չեն և այդ միջոցի իրականացման արդյունքում, մենք կունենանք հանրապետության ողջ բնակչության տոտալ վերահսկողություն: Եթե միայն դիտարկենք այսօր իրականացվող հեռավար ուսուցման շրջանակներում հեռախոսային ուղղակի և անուղղակի կապերի, ինչպես նաև էլեկտրոնային տարբեր ծրագրերի իրականացման ծավալները, ապա այն կընդգրկի գրեթե բոլորին, ողջ հանրապետությունը: Այս ամենը հանրության մեջ կարող է ստեղծել ավելորդ լարվածություն»,- ասաց նա:
Կյուրեղյանը նշեց, որ մտահոգիչ է նաև անձնավորված տվյալների ոչնչացման երաշխավորության հարցը: «Արդյո՞ք կարող է վստահություն լինել այդ հարցում, եթե ամեն օր հանդիպում ենք կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ հեռախոսային գաղտնալսումների փաստերի: Բոլորովին այլ բան է, եթե նախագիծը ենթադրեր միայն հեռախոսի միջոցով անձանց տեղաբաշխման ֆիքսում: Բացի այդ արդեն ունենք 500-ին մոտ դեպքեր և առաջարկվող միջոցն արդեն ժամանակավրեպ է»,- շեշտեց բանախոսը և հավելեց.
«Ես չեմ կարողանում հասկանալ կապը հեռախոսազրույցի տևողության, ժամանակի, հեռախոսազրույցի երկու կողմերի տեղաբաշխման մասին ինֆորմացիայի տիրապետման և վարակի տարածման կանխարգելման միջև: Նման կապ որոնելն անտրամաբանական է»:
Նա նշեց, որ այս միջոցը կա՛մ ընդամենը գործ անելու տպավորություն թողնելու նպատակ ունի, կա՛մ այլ նպատակ, որի մասին չի բարձրաձայնվում: Երկու դեպքում էլ, մտահոգվելու բան ունենք:
«Նախագծի իրացումը ենթադրում է նախ մեծ ֆինանսական ծախսեր: Խոստացել են սմարթֆոններ տրամադրել նրանց, ովքեր չունեն: Պատկերացնում եք, չէ՞, թե քանի մարդ կարող է իրականում չունենալ, և քանիսը կհայտարարի, որ չունի: Նախ պետք է ճշտել այդ ցանկը, ձեռք բերել անհրաժեշտ քանակությամբ սմարթֆոն. ի՞նչ մեխանիզմով և ումի՞ց, սա էլ պակաս կարևոր հարց չէ, հետո նրանց տրամադրել սմարթֆոններ: Այդ ամենն արդյունքում մեծ թվով ուղղակի շփումներ է ենթադրում: Դա նման է այն դեպքին, երբ մեր վարչապետի կինը փողոցում ձեռքով, նույնիսկ առանց ձեռնոցների, թղթային տարբերակով բնակիչներին բաժանում էր տպագրված նյութեր այն մասին, թե ինչպես պետք է պահպանել համաճարակից պաշտպանվելու կանոնները»,- ասաց նա:
Անդրադառնալով ծրագրային ապահովման ծախսերին՝ նա նշեց. «Այդքան ժամանակ և այդքան ֆինանսական միջոցնե՞ր: Այսօր յուրաքանչյուր վայրկյանի և յուրաքանչյուր լումայի արդյունավետ օգտագորումը խիստ կարևոր է մեր երկրի համար, ուստի, համաճարակի տարածման կանխարգելման ավելի անարդյունավետ ճանապարհ հնարավոր չէր մշակել»:
Դիմելով կառավարությանը՝ Կյուրեղյանն ասաց, որ նրանք պետք է ուսումնասիրեն խորհրդարանական ընդդիմության և արտախորհրդարանական տարբեր ուժերի, անհատների, կազմակերպությունների կողմից ներկայացրած առաջարկությունները, ընտրեն դրանցից արդյունավետներն ու իրատեսականները, դրանք քննարկեն հենց այդ ուժերի հետ և սկսեն օր առաջ կյանքի կոչել այդ ամենը:
«ՀՅ Դաշնակցությունն օրեր առաջ կառավարությանն է ներկայացրել համավարակի պայմաններում արտակարգ դրության ապահովման և դրանից բխող հակաճգնաժամային կառավարման վերաբերյալ առաջարկությունների ամբողջական փաթեթ: Դրանցից որոշները սկսվել են կյանքի կոչվել, որոշները՝ բարձրաձայնվել, իհարկե, չնշելով, որ դրանք Դաշնակցության առաջարկներն են, թեև կարևորը դրանց իրականացումն է: Հարգելի կառավարություն, մի խուսափեք փորձառուների առաջարկները լսելուց, նրանց հետ քննարկումներից, նրանց առաջարկներից: Վտանգի առաջ մեր բոլորի երկիրն է, հայրենիքը, մենք՝ բոլորս»,-եզրափակեց նա: