Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Հայաստանի և հայության դեմ, և այստեղ բոլորս անելիք ունենք
21 Հուլիս 2020 Քարոզչական պատերազմը մի բան է, որ իշխանությունը միայնակ չպետք է անի, բոլորս պետք է անենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ադրբեջանական կողմի` սահմանին հրահրած սադրանքից հետո միջազգային արձագանքը պատշա՞ճ էր:«Այս օրերին ավելի ճիշտ կլինի ոչ թե նայել, թե իշխանությունն ինչ արեց կամ չարեց, դրա օրը կգա, այլ նայել, թե մեզնից յուրաքանչյուրն ինչ արեց և արդյոք իր բոլոր հնարավորություններն ի գործ դրեց այդ նպատակի համար: Պարզ է` դեռ անելիք կա, որովհետև այնպես չէ, որ սա մի պահ է և անցավ: Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Հայաստանի և հայության դեմ, և այստեղ բոլորս անելիք ունենք, և առնվազն քարոզչական պատերազմը չի վերջանալու»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ պատշաճ միջազգային արձագանք եղա՞վ, նա պատասխանեց՝ որոշ իմաստով, այո: «Որոշ պետություններ կամ միջազգային կառույցներ պետք է արձագանքեին, բայց որ անպայման մեր ցանկացածի նման արձագանքեցին, այդպես չէ, բայց դա նրանից չէ, որ լավ կամ վատ ենք աշխատել, այլ նրանից է, թե իրենց շահերից ինչն է բխում: Նկատի ունեմ, օրինակ, ՀԱՊԿ-ի կամ Մինսկի խմբի համանախագահող երկրների արձագանքները: Այս հարցով միշտ անելիք ունենք, այս դեպքում նաև ավելի մեծ անհրաժեշտություն կա, որ այդ աշխատանքին նոր թափ տանք, նոր զարկ տանք»,- ասաց նա:

Մանոյանը նշեց, որ թեև ՀՀ-ն չդիմեց ՀԱՊԿ-ին օգնությանը, բայց տեղյակ պահեց, և գլխավոր քարտուղարն էլ հայտարարություն արեց, բայց միաժամանակ ՀԱՊԿ-ի անդամ թյուրքական երկրների խորհրդի անդամ պետություններ կան, դա էլ հասկանալի է, թե ինչու ավելի ուժեղ հայտարարություն չեղավ, բայց Հայաստանը օգնության համար չի դիմել ու լավ է արել, պետք չունեինք:
Իսկ, թե ինչ աշխատանքներ տարավ Հայ դատի գրասենյակը, նա նշեց, որ աշխատանքները դեռ չեն վերջացել, արդյունքներ գրանցելը ընթացքի մեջ է: «Օրինակ՝ այսօր ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քննարկելու է Ադրբեջանի նախատեսված ռազմական օժանդակության հարցը, նաև հանրային կարծիքի համար կազմակերպվեցին բազմաթիվ ցույցեր, որոնք այսօր էլ շարունակվելու են: Այսօր Լոս Անջելեսում ցույց կա նախատեսված` ադրբեջանական հյուպատոսարանի դիմաց, եթե լրատվամիջոցները նույնիսկ չարձագանքեն, առնվազն անդրադառնում են՝ մանավանդ հաշվի առնելով ադրբեջանցիների բռնությունները ցույցերի ժամանակ»,- ասաց նա:
Մանոյանը նշեց, որ սրանք ավելի հրապարակային միջոցառումներն են, կան նաև քաղաքական շրջանակների հետ հարաբերություններ, Ավստրալիայից մինչև Լատինական Ամերիկա, մինչև Կանադա և եվրոպական մի շարք երկրեր: Նրա խոսքով՝ այդտեղ ևս Հայ դատի հանձնախմբերը ունեցել են իրենց կարևոր դերակատարությունը, և Եվրոխորհրդարանի անդամներ հանդես են եկել Ադրբեջանի այս սադրանքները դատապարտելու մոտեցումներով` իրենց իշխանություններից պահանջելով ավելի հստակ կեցվածք որդեգրել այս հարցի ուղղությամբ:
Անդրադառնալով դեսպանատների աշխատանքներին` նա ասաց. «Ես դեռ գրեթե չեմ լսել որևէ դեսպանատան մասին, որ պատշաճ աշխատանք չի տարել, բացառությամբ մեկ-երկուսի, հիմա չեմ բարձրաձայնի, թե որոնք են, բայց մենք մեր մտահոգությունները կփոխանցենք ԱԳ նախարարություն: Իհարկե, թերացումներ կան, բայց քննադատությունների պահը հիմա չէ»: