Իշխանությունը ամեն բան գործադրում է իր ընդդիմախոսներին լռեցնելու համար
25 Սեպտեմբեր 2020 Ակնհայտ է, որ ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների հանրահավաքը լինելու է բազմամարդ, ակնհայտ է, որ հասարակության ճնշող մեծամասնությունն սպասում է քաղաքական խոսքի, նաև գործողությունների: Բնական է, որ իշխանությունը, նաև այս ամենից ելնելով, փորձելու է ձեռնարկել հնարավոր կամ անհնար բոլոր գործողությունները, որ հնարավորինս թուլացնի այդ հավաքի ուժն ու դերակատարությունը:Այս մասին Կենտրոն և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Դիտարկմանը, թե ըստ իշխանության ներկայացուցիչների՝ հնարավոր չէ մոբիլիզացնել հասարակությանը, Մինասյանն ասաց, թե համաձայն չէ, և ժամանակը ցույց կտա:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ հանրահավաքին ներկա լինեն այլ ուժեր ևս, օրինակ՝ ՀՀԿ-ն, Մինասյանն արձագանքեց, թե հանրահավաքը բաց, հրապարակային է, և որևէ առանձին ուժի չեն հրավիրում: «Երեք ուժերով այս գործընթացը նախաձեռնել ենք, գիտակցում ենք, որ հանրային մեծ համախմբում է պետք: Հանրահավաքն այդ գործողությունների սկիզբն է, թե ինչ կլինի հանրահավաքից հետո, կհնչի այդ օրը, կներկայացվի նաև գործողությունների ճանապարհային հնարավոր քարտեզը»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ըստ Մինասյանի՝ նախկինում ընտրակաշառք եղե՞լ է, քաղաքական գործիչն ասաց, թե ՀՅԴ ԳՄ-ն խոսել է համակարգային բնույթ կրող ընտրակաշառքից ու դատապարտել, բայց համակարգային բնույթի այդ խախտմանը, որի մեջ ներգրավված են բազմահազար քաղաքացիներ և կազմակերպություններ, պետք է համակարգային լուծում տրվի:
«Չենք կարող վերցնել ու մի դրվագով կամ մեկ անձի մասով առաջ տանել: Եթե պայքարում ես, պայքարում ես ամբողջությամբ: Հարց է առաջանում՝ այս նախաքննությունն ինչու՞ է անպայման զուգակցվում մինչև դատարանի վճիռը անձին ազատությունից զրկելով: Ո՞րն է հիմքը, կա՞ խոչընդոտելու, երկրից հեռանալու, արդարադատությունից փախչելու հանգամանք. այսօր չենք տեսնում այդ հիմքերը, հետևաբար իշխանությունը ամեն բան գործադրում է իր ընդդիմախոսներին լռեցնելու համար»,-ասաց նա՝ ընդգծելով, թե արդարադատությունը պետք է իրականացվի օրենքի ու իրավունքի գերակայությամբ, ոչ թե քաղաքական նախընտրության սկզբունքով:
Հարցին՝ եթե Գագիկ Ծառուկյանը կալանավորվի, երեք ուժերի հանրահավաքը կհետաձգվի՞, Մինասյանը պատասխանեց, թե հանրահավաքը կապված չէ իշխանության այս անօրինական գործողության հետ: «Հնարավոր է՝ որոշակի երանգային փոփոխություններ լինեն, բայց հանրահավաքի անցկացման վրա բացարձակ ազդեցություն չի կարող ունենալ: Այլ բան, որ մենք փորձենք հասկանալ իշխանության վարքագիծը՝ այս հանրահավաքին նախապատրաստման շրջանում»,-նշեց նա՝ ընդգծելով նաև, թե իշխանության որոշ ներկայացուցիչներ արդեն իսկ սկսել են պիտակավորումներ անել:
Դիտարկմանը, թե ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պարբերաբար բարձրաձայնում է իր հետ կապված ճնշումներից, արդյո՞ք ԲՀԿ-ն և «Հայրենիքը» նույնպես ճնշումների են ենթարկվում, Մինասյանն արձագանքեց, որ բացահայտ են այն հրապարակումներն ու հայտարարությունները, որոնք քաղաքական իշխանության ու վերջինիս ազդեցության տակ գտնվող իրավական համակարգի ներկայացուցիչները, ԶԼՄ-ները պարբերաբար հրապարակում են, որոնցով, ըստ Մինասյանի, փորձում են շրջանառության մեջ դնել և ներկայացնել այսօրվա ընդդմիադիրների «ոչ իրավական» կերպարները:
«Ակնհայտ է, որ չունենալով իրավական պատշաճ հիմքեր՝ անընդհատ հարուցվում են քրեական գործեր, որոնք ճանապարհի կեսին մնում են օդից կախված: Իշխանության վարքագիծն ու գործողությունները վկայում են վերջինիս պետական կառավարման որակի մասին»,-ասաց նա:
https://youtu.be/CQXrPtGlr1I
