Առաջին գիշերրը խորհրդանշական էր. հացադուլը շարունակվում է
24 Նոյեմբեր 2020
Նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության մոտ Գեղամ Մանուկյանի հայտարարած անժամկետ հացադուլը շարունակվում է:
Նա NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ գիշերը նորմալ է անցել, ինքնազգացողությունը լավ է. «Երբ որ գիտես ինչի համար է, կարծում եմ՝ ավելի հանգիստ ես: Առաջին գիշերրը մի քիչ խորհրդանշական էր, որովհետեւ առաջնագծից շուրջ 50 օր հետո վերադարձան ՀՅԴ կամավորական խմբերը, այդ թվում որդիս: Արամ Մանուկյանի արձանի մոտ էին իջել ինչպես սեպտեմբերի 27-ին այնտեղից մեկնեցին առաջնագիծ: Երկար ժամանակ չէի տեսել: Եկան, տեսա, ճանապարհեցի տուն: Նրանց տրամադրությունը մարտական է, տա Աստված, որ մեր բանակի կողքին նման կամավորական խմբեր շատ լինեն: Երբ որեւէ մեկը չէր մտածում վտանգավոր որեւէ փուլի մասին, ՀՅԴ-ն արդեն տեւական ժամանակ մտահոգ էր նաեւ դրանով: Երկար ժամանակ կազմակերպական աշխատանք է ծավալվել: Դրա համար կազմավորված զորախումբ էր, ունեցանք ցավալի կորուստներ, բազմաթիվ վիրավորները, բայց տղերքը մինչեւ վերջ մնացին դիրքում կանգնած: Դեռ ավելին, ռազմավարական կարեւոր կետերից մեկը գրավեցին ու պաշտպանեցին»,-ասաց Գեղամ Մանուկյանը:
Նա վստահություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է. «Չի կարող Հայաստանը նման ղեկավար ունենալ, դա օդ ու ջրի պես անհրաժեշտ է Արցախին, մեր երկրի անվտանգությանը: Փորձում են ներկայացնել, թե նա փրկեց 25 հազար մարդու կյանք, բայց ուղղակի ողբերգություն է, որ երկրիդ ղեկավարը նույնիսկ այստեղ փորձում է մանիպուլացնել, սուտ խոսել»:
Անցորդներից աջակցության կոչեր են եղել, եղել են նաեւ սադրանքի փորձեր. նշեց հացադուլ հայտարարծ ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանը:
«Բնական երեւույթներ են, կպատահի: Փորձում էին գալ խոսակցություններով մեզ հունից հանել, բայց չի ստացվում:
Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, դուրս կգա, որ ինքը գնալու է բանակցությունների պարտվածի հոգեբանությամբ, պարտվածի կեցվածքով: Իմ կարծիքով, նա չի կարող նման իրավիճակում մասնակցել որեւէ փուլում բանակցությունների: Նա չգիտեմ՝ ինչ ժամանակ է շահում, ինչ ծրագրեր ունի, բայց համոզված եմ, որ հրաժարական է տալու»:
Նա հավելեց, որ հրաժարականի հիմքում հանրային ճնշումն է լինելու. «Մարդիկ կհասկանան, թե ինչ է կատարվել իրականում, ինչ ցավալի փոխզիջումների մասին էր նա խոսում»:
Նշենք, որ Գարիկ Ավետիսյանն ու ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հացադուլ են հայտարարել երեկ՝ նոյեմբերի 23-ին, իսկ այսօր նրանց է միացել ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը: